Դատավոր Գևորգ Նարինյանը մեղադրանքը չի ընդունում․ նա մեղադրվում է միանգամից չորս հոդվածով

0
164
Գևորգ Նարինյան

Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը, ով ժամեր առաջ կալանավորվեց, առաջադրված մեղադրանքը չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Դատավորին մեղսագրվել է միանգամից չորս հոդված․

«Պաշտպանյալիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը, ՔՕ 190-րդ հոդվածով՝ հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը, ՔՕ 310.1-րդ հոդվածով՝ ապօրինի հարստացում և ՔՕ 314.3-րդ հոդվածով՝ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը»,- Forrights-ի հետ զրույցում հայտնեց Նարինյանի պաշտպան Մհեր Հակոբյանը։

Փաստաբանը մեր մյուս բոլոր հարցերին հրաժարվեց պատասխանել, նշելով, որ չի կարող նախաքննական նյութեր հրապարակել։ Թե քանի՞ անձ է Նարինյանի դեմ ցուցմունք տվել, փաստաբանը կրկին լռեց։

Նշենք, որ ժամեր առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել նրան։

Հակոբյանի տեղեկացմամբ՝ Նարինյանին տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ։ Forrights-ի հարցին, թե արդյոք կալանավորման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի, փաստաբանը չկարողացավ պատասխանել․

«Դատարանի որոշմանը դեռ չեմ ծանոթացել։ Միայն ամբողջությամբ կարդալուց հետո կկարողանամ հստակ պատասխան տալ»։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հուլիսի 16-ին միջնորդություններ է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ վերջինիցս ստանալու համաձայնություն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով:

Ժամեր անց ԲԴԽ-ն տվեց իր համաձայնությունը Կուբանյանի և Նարինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:

Այս պահին դատավոր Արա Կուբանյանի՝ կալանավորման միջնորդության քննությունը շարունակվում է՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ։

Նշենք, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և այդ գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը։

Forrights-ի հետ զրույցում, սակայն, Դատախազությունը քրեական գործի հետ կապված այլ տեղեկություններ չտրամադրեց՝ ուղղորդելով դիմել ԱԱԾ-ին։ Գաղտնի կառույցն իր հերթին լռեց, նշելով, որ օրվա ընթացքում հաղորդագրություն կտարածեն։

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here