ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Սամվել Մայրապետյանի մեղադրանքը կրկին լրացվել է. քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սամվել Մայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ 2004-2014 թվականների ընթացքում իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով Ս. Մայրապետյանի կողմից ինչպես անձամբ, այնպես էլ վերջինիս կազմակերպմամբ չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 23.054.522.502 ՀՀ դրամի հարկեր,որոնց հետևանքով հաշվարկված տույժերը կազմում են 12.622.351.070 ՀՀ դրամ:

Ըստ մեղադրանքի` Սամվել Մայրապետյանը, հանդիսանալով «Պրոգրես-Արմենիա» ՍՊ ընկերության տնօրենը և ի սկզբանե նպատակ ունենալով չվճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացող հարկերը, հիշյալ ընկերությանը պատկանող` Երևան քաղաքի Բայրոն 3 հասցեի բնակելի շենքի 75 միավոր անշարժ գույքերի` բնակարանների և ավտոկայանատեղիների` 2004 թվականի ընթացքում կնքված առուվաճառքի պայմանագրերումնշել է կեղծ՝ շուկայական արժեքից էականորեն ցածր գներ:

Սամվել Մայրապետյանն այդ կերպպետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 777.847.000 ՀՀ դրամի հարկեր, իսկ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով հաշվարկված տույժերը 2020 թվականի հուլիսի 15-ի դրությամբ կազմել են 425.871.233 ՀՀ դրամ։

Բացի այդ, «Պրոգրես-Արմենիա» ՍՊ ընկերությանը պատկանող Երևան քաղաքի մեկ այլ` Հյուսիսային պողոտա 3 հասցեի բնակելի շենքի 243 միավոր անշարժ գույքերի` 2008 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրերում նույնպես նշվել են կեղծ՝ շուկայական արժեքից էականորեն ցածր գներ, և այդ կերպ պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 7.580.479.600 ՀՀ դրամի հարկեր, իսկ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով հաշվարկված տույժերը 2020 թվականի հուլիսի 15-ի դրությամբ կազմել են 4.150.312.581 ՀՀ դրամ։Քրեական գործով պարզվել է, որ Սամվել Մայրապետյանը, հանդիսանալով նաև «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերության տնօրենը, այդ ընկերությանը պատկանող` Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեի բնակելի շենքի 383 միավոր անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրերում նույնպես նշել է շուկայական արժեքից էականորեն ցածր գներ:

Արդյունքում` Ս. Մայրապետյանը 2009-2014 թվականների ընթացքում պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.017.431.642 ՀՀ դրամի հարկեր, իսկ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով հաշվարկված տույժերը 2020 թվականի հուլիսի 15-ի դրությամբ կազմել են 4.937.043.824 ՀՀ դրամ։Բացի այդ, Սամվել Մայրապետյանը կազմակերպել է փաստացի իրեն պատկանող «Գլոբուս» ՍՊ ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ 5.678.764.260 ՀՀ դրամի հարկեր չվճարելու գործընթացը, որի հետևանքով հաշվարկված տույժերը 2020 թվականի հունիսի 25-ի դրությամբ կազմել են 3.109.123.432 ՀՀ դրամ:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Սամվել Մայրապետյանը հիշյալ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն արարքների կատարման համար, որ նա օժանդակել է ՀՀ նախկին ղեկավար պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն և Արմեն Գևորգյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի կաշառքի գումարն օրինականացնելուն:

Այսպիսով` հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով Սամվել Մայրապետյանի կողմից ինչպես անձամբ, այնպես էլ վերջինիս կազմակերպմամբ չեն վճարվել ընդհանուր առմամբ ավելի քան 35 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տույժեր:

Պետությանը հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շրջանակներում կալանք է դրվել Ս. Մայրապետյանին պատկանող մի քանի տասնյակ միավոր անշարժ գույքերի վրա:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest