Փաշինյան-Միշուստին հանդիպմանը քննարկվել է նաև հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը

242

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերն այսօր առանձնազրույց են ունեցել Մինսկում, հայտնում են ՀՀ կառավարությունից:

Փաշինյանը նշել է` իր կարծիքով` հարաբերությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև, որոնք կրում են դաշնակցային, ռազմավարական բնույթ, զարգանում են ըստ ծրագրվածի, ապա անդրադարձել սահմանում տիրող իրավիճակին:

«Մեր հանդիպումը համընկնում է հայ-ադրբեջանական սահմանում լարվածության աճի հետ: Ես հույս ունեմ` Դուք տեղեկացված եք, որ դեռևս հայտնի չէ ինչպես և ինչու, բայց ադրբեջանական զորքերը որոշել են գնդակոծել Հայաստանի սահմանը: Ես տեղեկություններ կփոխանցեմ Ձեզ այդ իրադարձության և ընթացիկ իրավիճակի մասին:

Այդ իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին, և դեռ պետք է հասկանալ` ո՞վ, ինչո՞ւմ և ինչո՞ւ է հետաքրքրված: Կարծում եմ` սա նույնպես շատ կարևոր թեմա է, և մենք այսօր կքննարկենք նաև այդ հարցը», — ընդգծել է Հայաստանի վարչապետը:

Իր հերթին ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինն ասել է. «Ցավալիորեն համավարակը փոփոխություններ է մտցրել մեր համագործակցության վրա, այդ թվում` Հայաստանի հետ: Երկկողմ առևտրաշրջանառությունը մի փոքր նվազել է օբյեկտիվ պատճառներով` կորոնավիրուսի հետևանքով, բայց ես մեծ հույսեր ունեմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք դուրս գալ կայուն աճի վրա արդեն տարեվերջին և դրա համար կան բոլոր նախադրյալները:

Ինչ վերաբերում է մեր մշակութային, հումանիտար, պատմական կապերին, ապա մենք շարունակում ենք իրականացնել նախատեսված բոլոր միջոցառումները:

Այն չորս ազատությունները, որոնց մասին այսօր խոսում էիք Դուք, հանդիսանում են մեր Միության խորհրդանիշը, դրանք կստանան նոր զարգացում մեր պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք բերեցինք այսօր»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: