«Առաջնագծում եղել է համեմատաբար հանգիստ, կրակոցները՝ քիչ»

256

Հակառակորդը մի դեպքում ակտիվանում եւ հաջորդ դեպքում հանդարտվում է, դա ընդունված է ադրբեջանցիների դեպքում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Տավուշում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ հակառակորդի դադար տալը մարտավարությանը։

«Ռազմական տեսանկյունից դա շատ ընդունված է, հատկապես ադրբեջանցիների դեպքում։ Կարող են տպավորություն ստեղծել, թե հրադադար է, բայց այդ ընթացքում պատրաստվեն այլ բնույթի գործողությունների, ինչու չէ, նաեւ, մեր զգոնությունը բթացնեն՝ մեկ այլ տեղամասում, կամ մեկ այլ սցենարով դիմելու. չկա նորություն այդտեղ»,- ասաց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ սահմանի այսօրվա օպերատիվ իրավիճակին.

«Առաջնագծում եղել է համեմատաբար հանգիստ, կրակոցները եղել են քիչ, կրակոցները եղել են միայն հրաձգային զենքերից։ Այսօր այցելել եմ զորամասերից մեկը, զորքերի եւ հրամանատարության մարտական ոգին բարձր է, լիովին տիրապետում են իրավիճակին։ Տեսնում ենք հակառակորդի բոլոր ոտնձգությունների ցանկությունը, եւ եթե կատարվի որեւէ սադրանք, ապա կստանան արժանի հարված»։