Երեկ անցնող գիշերը ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով իրականացվել են հակառակորդի կողմից մոտ 120 կրակոցներ, խախտումներ, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր, այդ թվում մեծ տրամաչափի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Չեն կիրառվել հրետանային եւ այլ ավելի մեծ տրամաչափի միջոցներ: Կրակոցները եղել են ոչ միայն բուն մարտական գործողությունների հատվածում, որոնք ընթանում էին վերջին օրերին, այլ Տավուշի ամբողջ սահմանի երկայնքով, այդ թվում Նոյեմբերյանի ուղղությամբ:

Կրակոցներ եղել են նաեւ Գեղարքունիքի հատվածում, երկրորդ բանակային կորպուսի հատվածում, ինչպես նաեւ Նախիջեւանի հատվածում 4-րդ եւ 5-րդ բանակային կորպուսների հատվածներում:

Ըստ էության, եթե ամփոփենք այդ խախտումները, կարելի է համարել, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ վիրավորների մասով իրավիճակը չի փոխվել, նույնն է. մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայունություն կա:

«Անցնող գիշերվա ընթացքում եղավ հետաքրքիր տեղեկատվական գործողություն հակառակորդի կողմից. Տարբեր հեռախոսահամարների վրա ստացվել են կեղծ, լատինատառ, ոչ այնքան հասկանալի հաղորդագրություններ՝ սաստկության, զոհերի, արյան անհրաժեշտության մասին: Ես արդեն ասել եմ, որ դրանք կեղծ լուրեր են: Օպերատորները իրավիճակը շտկել են, հիմա ուղարկում են այլ հաղորդագրություններ, որ դա հերքեն: Այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

«Ընդհանուր առմամբ Արցախում նույնպես նույն իրավիճակն է եղել, հրաձգային զենքերից են կրակել, կիրառվել են նաեւ մեծ տրամաչափի գնդացիրներ, բայց եթե ընդհանրացված ասենք, լարվածություն չկա»,-հավելեց նա:

Pin It on Pinterest