Իջեւանում գործող Տեղեկատվական միասնական կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանն այսօր ասել է, որ այս պահի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն վիճակը շատ արագ փոփոխվում է:

«Կեսօրից հետո ադրբեջանական զինված ուժերը Բերդի տարածաշրջանում կիրառել են մարտական հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Օրվա ընթացքում հայկական զինված ուժերը թույլ են տվել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին իրենց դիակները դուրս հանել տարածքից: ՊՆ ներկայացրած ֆոտոապացույցներով այս պահին ունենք 10 դիակի դուրս բերում»,- ասել է նա:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ սա միակ տարածքը չէր, որտեղ կան ադրբեջանցի զինծառայողների դիակներ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին հայտարարությանը՝ Արծրուն Հովհաննիսյանը նշել է.

«Որեւէ պաշտոնական հաղորդագրություն, հայտարարություն ՀՀ Զինված ուժերի մարմինների կողմից չի եղել Ադրբեջանի քաղաքացիական, ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտի հարվածելու մասին: Ավելին՝ նույնիսկ ադրբեջանական գյուղերում որեւէ տուն չի թիրախավորվում մեր կողմից»:

Արծրուն Հովհաննիսյանը հավելել է, որ հայկական ուժերը լիովին վերահսկում են իրենց դիրքերը.

«Դիտարկում ենք հակառակորդի բոլոր տեսակի շարժերը, օդային, թե ցամաքային եւ պատրաստ ենք ցանկացած ոտնձգության»:

Անդրադառնալով Արցախի առաջնագծին՝ նա ասել է, որ իրավիճակը հանգիստ է, որեւէ շեշտակի փոփոխություն չկա:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest