«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը»

235
Փաշինյան

Ես ուզում եմ արձանագրել, որ մենք գիշերվանից, երեկվանից կապի մեջ ենք եղել մեր միջազգային գործընկերների հետ և տեղեկացրել ենք իրավիճակի վերաբերյալ և շարունակում ենք այդ հաղորդակցություն: Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի իրականացրած գործողություններին:

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հաստատեց, որ երեկվանից արդեն մշտական կապի մեջ են համանախագահ երկրների հետ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: «Տեղեկացվածության փոխանակման առումով այդ աշխատանքը շարունակական է,  դրան զուգահեռ մենք կապի մեջ ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, անդամ երկրների հետ, որը ևս շարունակական է»,-ասաց նա և նշեց, որ այդ առումով իրենց աշխատանքը բոլոր մնացած գործընկերների հետ շարունակվում է, և իրենք թափանցիկ  ներկայացնում են ընթացքի մասին:

Ամփոփելով վարչապետը նշեց. «Այնուամենայնիվ, արձանագրենք, որ ՀՀ ԶԻնված ուժերը վստահորեն տիրապետում են իրավիճակին և որևէ կասկած չկա, որ ԶԻնված ուժերն ի վիճակի են և կպահպանեն ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը»,-ասաց նա:

«Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են, այսօր առավոտյան դրանք վերսկսվել են»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը։ Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունությունը հրահրելու Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ, որտեղ անվերապահ աջակցություն են հայտնում Ադրբեջանի գործողություններին»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական քարտը` իրենց հայտնի դրդապատճառներից ելնելով։ «Հնարավոր է՝ գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ, որի համատեքստում աչքի է զարնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի, այդ թվում` ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ՝ նրանց ուղարկելով անհեռանկար գործողությունների»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ սրա մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանն այդպես էլ չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին։ «Ստացվում է՝ որքան տարածվում է համավարակը Ադրբեջանսում, որքան սրվում է սոցիալ-տնտեսական վիճակը, այնքան սրվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հակահայկական ու ռազմատենչ հռետորաբանությունը»,-ասաց նա:

Վարչապետը վստահեցրեց, որ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում։ «Կոչ եմ անում անվերապահ զորակցություն հայտնել ՀՀ զինված ուժերին, զինվորներին, հրամանատարներին, որոնք այս պահին ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում, նրանք պետք է ունենան ամուր թիկունք, կոչ եմ անում վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։