Ապրիլին ավարտվել է փոխգնդապետ Արա Մխիթարյանին Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկելու գործով նախաքննությունը:

Կողմերը ծանոթանում են նախաքննության նյութերին: Դատախազությունը դեռ գործը դատարան չի ուղարկել, և մինչ այն կհասնի դատարան, Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը նշանակվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: Այս մասին կուսակցությունը տեղեկացրեց հունիսի 9-ին:

Ծեծկռտուքը նախկին մարզպետի ընկերների և զինվորականների միջև տեղի էր ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 17-ին: Գործի նյութերում 4 սպաների վկայություններ կան, որ Տրդատ Սարգսյանը եղել է դեպքի վայրում, սակայն նախաքննությունը համարում է, որ նրա մեղքը չի ապացուցվել, ինչի հետ համաձայն չի տուժող կողմը:

Տրդատ Սարգսյանի նշանակումը ՔՊ աշխատակզմի ղեկավարի պաշտոնին ամրապնդեց նրանց այս համոզմունքն  առ այն, որ իշխող քաղաքական ուժը չի ցանկանում նեղացնել թիմակցին:

Փոխգնդապետի հայրը՝ Սամվել Մխիթարյանը ասում է վրդվված. «Դեռ գործը դատարան չմտած, իրենք որոշել են, որ ինքը արդար է: Ուժային կառույցներն իրենց ձեռքն են, ինչ ուզենան, այդպես էլ կանեն: Երևի, իրենք «դաբրո» են տալիս իրենց մարդուն, բայց էս որոշումը երկրի ղեկավարի համար օգուտ չէր: Աստված ոչ անի, եթե հանկարծ իրենք նրան չպատժեն, ես այնպես կանեմ, որ իրենք աշխարհով մեկ խայտառակ կլինեն: Ես իմ ասածի տերն եմ»:

Գնդապետի հայրը հայտնեց՝ որդու առողջական վիճակում փոփոխություն չկա. «Բժիշկները ոչինչ չեն խոստանում: Աստծո և ժամանակի վրա են դրել:

«Իրենց դրան կվերցնեն, պաշտոն կտան, իրենց տենց ղեկավար պե՞տք է, չ՞է, որ կարողանա գնդապետ ջարդե, պատգամավոր անպատվե, իրենց բանդայի ղեկավար է պետք»:

Փոխգնդապետի եղբայրն էլ, Կարեն Մխիթարյանը, իր եզրակացությունն է անում. «Նիկոլի ձագն է, Նիկոլն է իրան պահողը: Նոր իշխանությունը աշխատում է հին Սերժի սիստեմով, սիստեմը մնում է  նույնը»: 

Փոխգնդապետի շահերի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը Forrights.am-ի հետ զրույցում  հայտնեց, որ նախաքննությունը ավարտված է համարվում: «Մենք ծանոթացման փուլում ենք, համ էլ միջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի Զավեն Գրիգորյանի վերաբերյալ անջատված մասով նույնպես գործը դատարան ուղարկեն: Սպասում ենք պատասխանի: Խմբի կողմից ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանք է առաջադրվել եղբայրներ Հարություն և Զավեն Գրիգորյաններին: Բայց Զավեն Գրիգորյանի վերաբերյալ մաս են անջատել, և մենք դրա հետ համաձայն չենք: Գտնում ենք, որ պետք է գործն ամբողջությամբ, առանց վարույթից մաս անջատելու ուղարկվի դատարան», — ասաց փաստաբանը:

Տրդատ Սարգսյանի նոր նշանակումը նա հրաժարվեց մեկնաբանել:

Հանրության շրջանում Տրդատ Սարգսյանի նշանակումը բացասական արձագանք է ստացել: Ամենատիպիկը, թերևս քաղաքագետ  Սուրեն Սուրենյանցի բնորոշումն էր: Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է. «Նիկոլ Փաշինյանը ունեցավ սեփական օգտագործման Լիսկան»:  

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել Եղեգնաձորի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Երեկոյան երեք բարձրաստիճան զինվորականներ, զինվորական հագուստով տուն գնալիս են եղել: Մխիթարյանի հետ վիճաբանության մեջ է մտել Վայոց ձորի մարպետի օգնական Հարություն Գրիգորյանը, որից հետո իր ընկերների հետ հարվածներ է հասցրել Արա Մխիթարյանին ու նրա ընկերոջը: Սարգսյանի ընկերներն էլ ցուցմունքներ են տվել, որ զինվորականներն են իրենց ծեծի ենթարկել: Փոխգնդապետը արդեն 10 ամիս է, գտնվում է Մուրացան կենտրոնական հոսպիտալում, կոմայի մեջ, անփոփոխ վիճակում:

Ըստ Քննչական կոմիտեի, 28-ամյա երիտասարդը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել։ Սակայն Մխիթարյանի հարազատները, նրա ընկերները չեն ընդունում, որ մեկ հարվածով կարելի էր ֆիզիկապես ամուր տղամարդուն, սպային այնպիսի վնասվածքներ հասցնել, որ նա հայտնվի կյանքի և մահվան արանքում:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest