Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ որոշեց մերժել Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի և երեք անդամների՝ երկրի Սահմանադրությունում վերջին փոփոխությունների առնչությամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը։

Եվրոդատարանի հաղորդագրության համաձայն՝ «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցվորներն ակնկալում էին, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից կպահանջի սառեցնել սահմանադրական փոփոխությունները, որոնցով Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի, իսկ մյուս երեք հայցվորները՝ դատավորների պաշտոններից:

ՄԻԵԴ-ը մանրամասնում է, որ 2015 թվականին փոփոխված Հայաստանի Սահմանադրությամբ սահմանված է ՍԴ դատավորների պաշտոնավարման 12-ամյա և ՍԴ նախագահի պաշտոնավարման 6-ամյա ժամկետ: Այդուհանդերձ, անցումային դրույթներով նախատեսված էր, որ մինչ սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը, նշանակված ՍԴ դատավորները պաշտոնավարելու են հին կարգով, նմանապես՝ ՍԴ նախագահն էլ մինչև կենսաթոշակի անցնելը պետք է պահպաներ իր մանդատը:

Հետևաբար, որոշվել է փոփոխություններ կատարել Սահմանադրությունում և դատավորների համար սահմանել պաշտոնավարման 12-ամյա ժամկետ՝ անկախ նրանից, թե երբ են նրանք նշանակվել, ինչպես նաև սահմանափակել ՍԴ նախագահի պաշտոնավարումը 6 տարով․

«Նշանակվել էր հանրաքվե, որը, սակայն, չկայացավ համաճարակի պատճառով, և փոփոխություններն ընդունվեցին խորհրդարանի կողմից ու հունիսին մտան ուժի մեջ»,- նշված է հաղորդագրությունում:
Փաստաբան Լուսինե Հակոբյանի համար ՄԻԵԴ որոշումն անակնկալ չէր՝ կանխատեսելի էր, սակայն նշում է՝ չի պատկերացնում, թե դրանից հետո Հրայր Թովմասյանն ինչպես է շարունակելու պաշտոնավարել ՍԴ դատավորի պաշտոնում․

«ՍԴ նախկին անդամների և նախագահի համար պետք է հասկանալի լինի, որ իրենց լիազորությունները սույն թվականի հունիսի 26-ից դադարեցված են։ Սակայն, սա կարծես նրանց չի հուզում։ Այդ անդամները, ովքեր երդվել են ապահովել սահմանադրության գերակայությունը, դիմում են տարածաշրջանային դատարան՝ պահանջելով կասեցնել գործողությունը։ Սա ոչ միայն ծայրահեղ տգիտություն է, այլև ուղղակիորեն միջամտություն եվրոխորհրդի անդամ պետության սուվերենությանը»,- Forrights-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը։

Փաստաբանի դիտարկմամբ՝ ընթացակարգային առումով կարևոր է, որ միջանկյալ միջոց կիրառելու նման միջնորդությունը Եվրոպական դատարանը քննում է հրատապ ընթացակարգով՝ մեկ դատավորի կազմով։ Եվ ինչպե՞ս է հնարավոր, որ մեկ դատավոր նստեր և երկու օրում որոշեր, որ պետք է կասեցնի սահմանադրական փոփոխությունները։

Եվրադատարանը մերժման հիմքում նշել է միջանկյալ միջոցին վերաբերող 39-րդ կանոնը, շեշտելով, որ այն կիրառման շրջանակից դուրս է գտնվում։ Կանոնը չի ենթադրում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված որևէ առանցքային իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու վտանգ։
Լուսինե Հակոբյանն այս հիմքը շեշտելով, իր պրակտիկայի մի քանի դեպք է մատնանշում, որոնց վերաբերյալ միջանկյալ միջոց է կիրառվել։

«Միջանկյալ միջոցի համար 2016 թվականին ես և Տիգան Եգորյանը ժամանակին դիմել էինք Վարդգես Գասպարիի գործով, երբ նա բարձրաձայնել էր քրեակատարողական հիմնարկում իր նկատմամբ տեղի ունեցած խոշտանգման մասին։ Այդ միջոցը կիրառվեց նաև «Հաց բերող»-ի գործով։ Եվ այսօր խայտառակություն է, որ ՍԴ անդամները, որոնք հավակնում են բարձրակարգ իրավաբան լինելուն, այդ թվում նրանցից մեկն էլ տարիներ շարունակ զբաղեցրել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնը, դիմել են նման միջոցի՝ նեղ անձնական նկատառումներով՝ պաշտոնից չզրկվելու համար»,- նշում է Հակոբյանը։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նախ որոշակիություն է մտցնում երեկվա ՄԻԵԴ որոշման վերաբերյալ։ Փաստաբանը շեշտում է՝ ՍԴ-ն գանգատը չէ, որ մերժել է, այլ հայցի ապահովման միջանկյալ միջոցը՝ դատական ակտ կայացնելու դիմումը․

«Երեկվա մերժումը կարևոր չէր, քանի որ դա չէր վերաբերում հիմնական վեճին և իրավունքի մասին չէր առնչվում։ Որոշումը որևէ կերպ չի վերաբերում գանգատին»,- Forrights-ի հետ զրույցում շեշտում է Ղազարյանը։

Փաստաբանի հավաստմամբ՝ իր 18 տարվա պրակտիկայում աննախադեպ երևույթ է, երբ ՄԻԵԴ գանգատի քննությունն այսքան շուտ է սկսվում։ Ըստ տեղեկությունների, Եվրոդատարանն արդեն իսկ հարցեր է ուղարկել Հայաստանի կառավարությանը, որոնց պատասխանը պետք է ուղարկվի մինչև օգոստոսի 20-ը․

«Սովորաբար դատարանը հարցեր է ուղարկում միջինում 5 տարի անց։ Նման արագությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ստրասբուրգում, միայն փաստերը կարդալով, միանգամից առերևույթ տեսել են Հայաստանում առկա համակարգային խնդիրներ՝ կոնվեցիայի կիրառման վերաբերյալ»։

Ղազարյանի պնդմամբ՝ հունիսի 22-ին Ազգային ժողովը լայն իմաստով խախտեց օրենքը, որին ականատես եղան բոլորը, բայցևայնպես՝ ընդունեցին։ Նրա դիտարկմամբ՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ չուղարկելը, այլ միանգամից ԱԺ տանելը կարևորագույն նորմերի խախտում է։

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունները, որոնցով դադարեցվում է Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը որպես ՍԴ նախագահ, ինչպես նաև Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, և Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը որպես ՍԴ դատավորներ, Ազգային ժողովն ընդունեց հունիսի 22-ին, իսկ հունիսի 26-ին հայտարարվեց դրանց ուժի մեջ մտնելու մասին:

Հունիսի 30-ին նախագահ Արմեն Սարգսյանը, սակայն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրեց, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև հարակից օրենքները ինքը չի ստորագրելու: Միրզոյանն իր հերթին հայտարարեց․

«Եթե նախագահը չստորագրի «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը և Սահմանադրական դատարանում չվիճարկի այն 5-օրյա ժամկետում, ես հաճույքով կստորագրեմ այն»։

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest