Զոհված զինծառայողների ընտանիքի անդամների կրթությունը դարձավ անվճար

393

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Օրինագծով առաջարկվում է լրացում կատարել օրենքի 67-րդ հոդվածում, ըստ որի զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքի անդամները` ծնողներն ու ամուսինը, կարող են ուսանել ՀՀ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Ներկայում պետական բարձրագույն ուսումնական բոլոր հաստատություններում ուսանում են զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքների 12 անդամներ:

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն՝ 86 «կողմ» ձայնով:

Նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ ըստ այս առաջարկության՝ զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքի անդամները` ծնողներն ու ամուսինը, կարող են ուսանել ՀՀ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։

Պատգամավորն ընդգծեց, որ ամուսին բառն իր մեջ ներառում է նաև զոհված կամ մահացած զինծառայողների կանանց։ Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 86 կողմ ձայներով: