Նախկին պայմանագրային զինծառայող, 37-ամյա Արտակ Օհանյանը 18 տարի ծառայել է ՀՀ Զինված ուժերում․ 2019 թվականի օգոստոսի 13-ին, հակառակորդի դիպուկահարի կողմից վիրավորում ստանալուց հետո առողջական ծանր խնդիրներ է ձեռք բերել, սակայն մինչև օրս նրան հաշմանդամության կարգ չէին տալիս․

«Իմ կյանքը 1 % է եղել։ Շնորհիվ բժիշկների, այդ թվում՝ Մուրացանի հոսպիտալի, իմ կյանքը, որ մազից է կախված եղել, հնարավոր է եղել փրկել»,-ասում է Արտակ Օհանյանը մանրամասնելով, որ վիրահատել են 4 անգամ՝ 9․5 և 4․5 ժամ տևողությամբ վիրահատություններ են եղել։

Հեռացված են Արտակի լյարդը, ենթաստամոքսային գեղձը, ինչպես ինքն է ասում՝ «կես մարդ է», վնասված է երիկամը, ստամոքսը, բարակ աղիները․
«Մինչև այսօր ինձնով չի հետաքրքրվել ոչ ոք, ինձ կարգ չեն տալիս»,-վրդովված պատմում էր Արտակը:

Երկարատև բուժումներից հետո, իրենցի պահանջում էին բժշկական թղթեր, որոնք ինքն անումաենայնիվ ներկայացրեց, արդյունքում ՊՆ-ում տվել են համապատասխան էպիկրիզը, որը Արտակը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ճամբարակի բաժին՝ հաշմանդամության 2-րդ կարգ ստանալու համար, սակայն այնտեղ մերժում է ստանում, ասելով՝ «ոտք ու ձեռ ունես, կարգն ինչի՞դ է»։

Արտակը պատմեց, որ 3 անչափահաս երեխաներ ունի, իսկ ներկա պահին ապրում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում՝ վարձով բնակարանում․ 6 ամիս է չի կարողանում վարձը տալ, ինչի պատճառով էլ տան տերը պահանջում է լքել այն։

Forrights-ը Արտակ Օհանյանի խնդրով դիմեց ՊՆ, արդյունքում պարզ դարցավ, որ ՊՆ-ի կողմից նախկինում տված բժշկական փաստաթղթի ժամկետները լրացել է, Արտակը կրկին բշժկական հետազոտություններ անցավ, որի ընթացքում ՊՆ-ն տրամադրել է նոր փաստաթղթերը․

«Արտակ Օհանյանի բժշկական փաստաթղթերի վաղեմությունն անցած էր փորձաքննության համար, առաջիկայում իրեն կհոսպիտալացնեն, կհետազոտեն և նոր էպիկրիզ կտան, որպեսզի ներկայացնի հաշմանդամության կարգ ստանալու համար»,- այս մասին Forrights-ին տեղեկացրել էր ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, հավելելով, որ գործընթացի համար մոտավորապես 10 օր անհրաժեշտ կլինի, որից հետո Օհանյանը կկարողանա դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ճամբարակի բաժին՝ հաշմանդամության 2-րդ կարգ ստանալու համար։

Այսօր արդեն տեղեկացանք, որ երկար ձգձգումներից հետո՝ Արտակ Օհանյանը վերջապես հաշմանդամության երկրորդ կարգ է ստացել։

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest