Ռոբերտ Քոչարյանի և «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավարդյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախորդ ամիս միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին։
Միջնորդությունը Խուդոյանը հիմնավորել էր, որ Բադալյանը, լինելով դատավորի թեկնածու, հարցազրույցներից մեկնում կարծիք և դիրքորոշում է հայտնել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի գործունեության մասին։ Ըստ փաստաբանի, նման որակումները դատավորի էթիկայի կանոնների խախտում է։
Կարապետ Բադալյանը, չնայած այս պահին չի ցանկանում որևէ դիրքորոշում հայտնել կարգապահականի վերաբերյալ, սակայն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, թե ովքեր են միջնորդության հեղինակները․
«Միայն այն, թե ովքեր են ներկայացրել ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն, ինձ թվում է՝ ամեն ինչ ասված է։ Այս քայլը տարբեր կողքերից, բոլոր ենթատեքստերով կարող ենք մեկնաբանել․ սա այն շահն է, որը միավորում է բոլոր անձանց, ովքեր իմ դեմ որևէ բան ունեն։ Ամբողջ գործընթացը թելադրում են այն մարդիկ, ովքեր վճարում են միջնորդությունը ներկայացնողներին»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Բադալյանը։
Այնուամենայնիվ, քաղաքացիական դատարանի դատավորի թեկնածուն միջնորդությունը քաղաքացիական հետապնդում չի համարում։ Ծիծաղելով հույս է հայտնում, որ «բանը դրան չի հասնի»։
Այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում կարգապահականի բովանդակային մասով որևէ գործընթաց տեղի չունեցավ։ Դատավորներ Արման Թովմասյանն ու Մխիթար Պապոյանը, ներկայացնելով միջնորդությունը, նշեցին՝ Ալեքսանդր Ազարյանի հասցեին որոշակի որակումներ թույլ տալով՝ Կարապետ Բադալյանը խախտել է քաղաքական զսպվածության և չեզոքության նորմերը: Վերջինս հակադարձ միջնորդությամբ հանդես եկավ։
Նա դատավոր Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, հիմքում դնելով այն հանգամանքը, որ վերջինս մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե դատավոր Ազարյանի ընկերն է և մտերիմ հարաբերություններ ունի նրա հետ։ Բացի այդ, այս պահին Պապոյանը նաև Ազարյանի կարգապահականի գործն է քննում․
«Այս հանգամանքը հիմք է տալիս կասկածի տակ դնելու Մխիթար Պապոյանի անկողմնակալությունը և անաչառությունը։ Չի կարող ընկերը քննել մյուս ընկերոջը վերաբերող միջնորդություն և այդ ընթացքում պահել օբյեկտիվությունը»,- պարզաբանում է Բադալյանը։
Հենց այս «նոտայով» էլ այսօրվա նիստը հետաձգվեց․ ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի մեկ շաբաթ անց։
Հավելենք, որ, եթե Բադալյանը կարգապահական պատասխանատվության ենթարկվի և նրա անունը հանվի դատավորների թեկնածուների ցուցակից, ապա նա չի նշանակվի դատավոր։
Թե ինչ հակափաստարկներ կներկայացնի իր վերաբերյալ կարգապահական վարույթի շրջանակներում, Բադալյանը դեռևս գաղտնի է պահում՝ չցանկանալով չակերտներ բացել։ Նշենք նաև, որ Բադալյանը միջնորդել էր նիստն անցկացնել դռնփակ, սակայն այն չէր բավարարվել խորհրդի կողմից։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: