Եթե «ՁորաՀԷԿ»-ի գործով Միքայել Մինասյանին մեղադրանք առաջադրվի, դա կլինի նրան մեղսագրվող չորրորդ հանցանքը

0
226

Դեռևս 2019 թվականի սեպտեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որ մեծ հավանականություն կա, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ ներգրավվի Հայաստանի ստրատեգիական օբյեկտներից մեկի՝ սեփականաշնորհման գործում, առանց նշելու օբյեկտի անունը:

Շուտով պարզ դարձավ, որ խոսքը  «ՁորաՀԷԿ» հիդրոէլեկտրակայանի մասին է, որը 2010 թվականին վաճառվել էր Վատիկանում Հայաստանի Հանրապետության  նախկին դեսպան Միքայել Մինասյանի անվան հետ առնչվող «Ձորագետ Հիդրո>>  ընկերությանը:

Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող գործի նախաքննության ընթացքում պարզվել էր, որ պետական սեփականություն հանդիսացող «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի գույքը, որը 2010թ. դրությամբ շուրջ 8 միլիարդ դրամ արժեր, իսկ 2018 թվականի դրությամբ՝ շուրջ 12 միլիարդ դրամ. չնչին գումարով՝ ընդամենը 3 մլրդ 600 մլն դրամով, օտարվել է Մինասյանի ընկերությանը,  ինչով էական վնաս է պատճառվել պետությանը:

«Ձորահէկը» Հայաստանի առաջին հիդրոկայանն է, շահագործման է հանձնվել դեռևս 30-ականներին:

Մեր տեղեկություններով, երրորդ նախագահի փեսային շուտով մեղադրանք կարող է առաջադրվել այս գործով:

ՀՔԾ-ից այս տվյալը հրաժարվեցին մեկնաբանել: Ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ այս գործով մեղադրանք է առաջադրված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:

«Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես` առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,600,000,000 ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը», — ասաց Մարինա Օհանջանյանը:

Սեյրան Օհանյանը դեռևս մարտին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ինքը այս գործարքի հետ առնչություն չի ունեցել և չի էլ լսել դրա հետ կապված Միքայել Մինասյանի անունը, որ անգամ գնող կողմի հետ է բանակցությունները վարել Էներգետիկայի նախարարությունը, իսկ կառավարությունը տվել է այդ ամենին իր համաձայնությունը:

«Իրենք գիտեն՝ գնորդ կողմին քանի անգամ է վերավաճառվել, ինչ գներ են տրվել, փորձագիտական ինչ խմբեր, բոլոր այդ գնորդ կողմի կազմակերպության ղեկավարներն են համապատասխան բանակցություններ տարել Էներգետիկայի նախարարության հետ: Անուններ ես չգիտեմ», — ասել էր Օհանյանը:

«ՁորաՀԷԿ»-ի գործով նախաքննությունը տևել է մոտ մեկ տարի և շուտով ավարտվելու է:

Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել էր, որ ՊՆ նախարար Օհանյանի անունից 2010 թվականի դեկտեմբերի 16-ին կազմվել է ՀՀ կառավարության որոշման նախագծի առաքման վերաբերյալ գաղտնի գրություն, որը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ նույն օրն ուղարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:

Նախագիծը գաղտնի ընթացակարգով քննարկվել է ՀՀ կառավարության նիստում և 16.12.2010թ.-ին ընդունված որոշման հիման վրա կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող, պարտադիր գնահատման ենթակա՝ 4,646,400,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով ողջ գույքը, առանց պատշաճ գնահատման իրացվել է իրական արժեքից 1,046,400,000 ՀՀ դրամ պակաս գումարով, իսկ Օհանյանից ստորագրություն է վերցվել չհեռանալու մասին:

Նկատենք, սակայն, որ հանցագրծությունն այն առնչվում է այն տարիների պաշտոնական վերնախավի բազմաթիվ ներկայաուցիչների ու առաջին հերթին Տիգրան Սարգսյանին, որը Հայաստանի առաջին հիդրոկայանի վաճառքի ժամանակ ՀՀ կառավարության ղեկավարն էր և ստորագրել է կառավարության  որոշումների տակ:

Երբ գործը նոր էր հարուցվել, դատախազությունը հայտնեց, որ 2001 թվականին Էներգետիկայի նախարարության «Հայէներգո» ՓԲԸ-ի գույքի հիման վրա ստեղծված 2 մլրդ 1 մլն 840 հազար դրամ կանոնադրական կապիտալով «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը 2002-ին տրվել են Պաշտպանության նախարարությանը և 2006-2010 թվականներին ընկերության շահույթից ՊՆ-ն ստացել է  1 մլրդ 252 մլն դրամ:

Այլ կերպ ասած, օբյեկտն այս շահութաբեր է եղել: Սակայն այն ներկայացվել է որպես ոչ շահութաբեր և 2009 թվականին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ 13.92 դրամի փոխարեն սահմանվել է ակնհայտ էժան՝ 2.745 դրամ սակագին: Սա այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի միավորի ինքնարժեքը այդ պահին կազմել է 4.383 դրամ:

Մեկ տարի ընկերությունը զրկվել է շահույթ ստանալու հնարավորությունից, իսկ  2011թ. հունվարի 20-ին էլ, երբ «ՁորաՀԷԿ»-ը արդեն Մինասյանի ընկերությանն էր պատկանում, հանձնաժողովը կտրուկ բարձրացրեց «ՁորաՀԷԿ» ՓԲ արտադրած էներգիայի սակագինը, սահմանվելով 10.5 դրամ առանց ԱԱՀ-ի, իսկ 2012թ. հունվարից՝ 19.551 դրամ: Այդ տարիներին հանձնաժողովի նախագահներն են եղել Գարեգին Բաղրամյանը և Ռոբերտ Նազարյանը, և այս որոշումներն ընդունվել են ի նպաստ նախագահի փեսայի:

Իսկ էներգետիկայի նախարարը 2011 թվականին եղել է հանգուցյալ Արմեն Մովսիսյանը, որի օրոք էլ կառավարությունը վերանայեց փոքր հիդրոէլեկտրակայանների առավելագույն հզորությունը՝ 10-ից բարձրացնելով մինչև 30 մեգավատ, և այս որոշումը ևս ի օգուտ Մինասյանի ընկերության ընդունվեց, քանի որ Ձորագետի ՀԷԿ-ը ավտոմատ կերպով դարձավ փոքր ՀԷԿ և սկսեց օգտվել փոքր ՀԷԿ-երի համար սահմանված իրավունքից՝ էլեկտրաէներգիան վաճառել սահմանվածից բարձր գնով:

Եթե «ՁորաՀԷԿ»-ի գործով Միքայել Մինասյանին մեղադրանք առաջադրվի, ապա դա կլինի նրան մեղսագրվող  չորրորդ հանցանքը: Միքայել Մինասյանը, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here