Գյումրիում համավարակի տարածման նոր օջախ է հայտաբերվել:
Հայկական Կարմիր խաչի Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում (նախկին ծերանոց) 151 խնամվող շահառուից 55-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել: Թեստը դրական է նաև 12 աշխատակցի մոտ: Այս մասին Forrights-ին հայտնում են խնամքի կենտրոնից։
Ծերերից 37–ը հոսպիտալացվել են, նրանցից 3-ը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են բուժում ստանում։ Կան հոսպիտալացվածներ նաև Երևանում և Սպիտակում։ Իսկ հուլիսի 6-ին կենտրոնի շահառուներից մեկը մահացել է կորոնավիրուսից։ Նա բուժում էր ստանում Սպիտակում։ 90-ն անց շահառուն կորոնավիրուսից բացի ունեցել է քաղցկեղ և ուղեկցող այլ հիվանդություններ: Ի դեպ, այս պահին վարակված աշխատակիցներից միայն մեկն է տեղափոխվել հիվանդանոցային բուժման: Մնացած 11-ին տրված է տնային ինքնամեկուսացման ցուցում:
«Այս պահին կենտրոնում շուրջօրյա իրականացվում են բոլոր անհրաժեշտ քայլերը։ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի Շիրակի մարզի մասնաճյուղի մասնագետների հետ մեկուսարաններ են առանձնացվում, որպեսզի այնտեղ տեղափոխվեն հիվանդության անախտանիշ ընթացք ունեցող խնամյալները: Նրանց թիվն այս պահին 18 է»,- ասաց կենտրոնի համակարգող Արտյոմ Պետրոսյանը, նշելով, որ խնդիրն այն է, որ շահառուներից շատերն ունեն ուղեկցող հիվանդություններ ու 80 և անց տարիքի են հիմնականում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: