Հեռուստատեսության եւ ռադիոյի համար նոր օրենսդիրները նոր տերմին են հորինել՝ տեսալսողական մեդիա, նաև վերահսկողության նոր մակարդակ, որը սահմանվել է  «Տեսալսողական մեդիայի» մասին օրենքով: Տերմինն ինքին հաջողված չէ, քանի որ իմաստով ներառում է նաև ինտերնետ հեռուստատեսությունները, որոնք սակայն այս օրենքի կարգավորման դաշտից դուրս են: Թեև նոր օրինագծի 4-րդ հոդվածով սահմանված է, որ տեսալսողական տեղեկատվության գրաքննությունն արգելվում է, այլ կետերով պետությանը հեռուստա-ռադիո ընկերությունների գործունեությանը միջամտելու լայն հնարավորություններ են տրված:

8-րդ հոդվածով, որը կոչվում է «Կարևոր իրադարձությունների մասին տեղեկություն ստանալու իրավունք», սահմանված են կետեր, որոնց  ուժով կարգավորող մարմնին, այն է՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին իրավունք է վերապահվում որոշումներ ընդունել անկախ լրատվամիջոցի փոխարեն: Այս հոդվածը սահմանում է. «Հեռարձակողները, որոնց ծրագրերում առկա են լրատվական բնույթի տեսալսողական հաղորդումներ, պարտավոր են լուսաբանել կարեւոր իրադարձությունները», իսկ թե որոնք են կարեւոր իրադարձությունները,  որոշում է կարգավորող մարմինը:

«Եթե կարեւոր իրադարձությունը տեւում է մի քանի օր, ստեղծվում է առնվազն մեկ տեսանյութ իրադարձության ամեն օրվա մասին: Մեկ տեսանյութի տեւողությունը չի կարող կարճ լինել 60 վայրկյանից», — գրված է նախագծում: Այս և մի քանի այլ խնդրահարույց դրույթների շուրջ զրուցեցինք փաստաբան, իրավապաշտպան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ:

-Պարոն Ղազարյան, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշելու է, թե որ իրադարձությունը, քանի րոպե և քանի օր պետք է լուսաբանվի տեսալսողական մեդիայով: Ի՞նչ կարծիքի ե այս դրույթի մասին:

— Աշխարհում նման կարգավորման անալոգիա չկա, և չի էլ կարող լինել: Մենք անկախ պետություն ենք: Օրենքը կարող է սահմանել ընդհանուր բնույթի չափանիշներ, որի տակ արդեն անկախ ԶԼՄ-ները, որոնք ունեն անկախություն իրենց լրատվական քաղաքականությունն իրականացնելու հարցում, իրացնում են իրենց ստեղծագործական միտքը: Ավտորիտար պետությունների մասին մուլտեր կան՝ «Չիպպոլինոյի» հեքիաթը, այս օրենքը, կարծես, այդ հեքիաթից լինի:

— Օրենքի 9-րդ հոդվածում գրված է, որ արգելվում է տեսալսողական հաղորդումներում գործող օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելը, բայց չի նշել, թե օրենքով արգելված ո՞ր արարքների մասին է խոսքը: Կարել՞ի է օրենքում այսպիսի լայն ձևապկերպում անել:

— Ցանկացած արգելք, եթե մենք 21-րդ դարում ենք, պետք է հստակորեն նշվի, նեղ մեկնաբանվի: Սովորաբար արգելվում է այն խոսքը, որը պաշտպանված չի ազատ խոսքի իրավունքով, իսկ դա միայն ու միայն ատելության խոսքն է: Պետք է հստակ նշեն, որ արգելվում են բռնության,  սպառնալիքի, թշնամանքի, ռասսայական խտրականության և այլ կոչերը՝ստանդարտ այդ ցանկը: Այսօր անգամ «թրոլինգը» չի արգելվում՝ երբ դու անընդհատ ու անհարկի թիրախավորում ես կոնկրետ մարկանց: Հիմա ստացվում է, որ դու եթե հեռուստատեսությամբ նման բան արեցիր, ապա դա օրենքի խախտում է:

— Շարունակենք ընթերցել՝ հեռարձակողը ազատվում է պատասխանատվությունից, «եթե կոչի հեղինակը ուղիղ եթերում զուշացվել է իրավախախտման մասին, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է»: Սա որքանո՞վ է իրավաչափ:

— Դա հիմարություն է: Ահաբեկիչների խոսքը չի կարելի տարածել ոչ մի դեպքում: Օրինակ, երբ որ «Սասնա ծռերի» կոչերը լրատվամիջոցները տարածում էին, դա եվրոպական իրավունքին հակասում է: Այս դրույթը նշանակում է՝ ես կարող եմ վերցնել, օրինակ, ահաբեկչության կոչը ու ասեմ՝ կներեք, սա տեռորիզմի քարոզ է, բայց քանի որ ես նախօրոք ասեցի՝ կներեք, ես դա տարածում եմ: Ստացվում է՝ դու դառնում ես խողովակ նման կոչերի տարածման համար: Իսկ այս օրենքը թույլ է տալիս նման կոչեր տարածել՝ դրա համար  պետք է մի հատ «մեղա գալ», ներողություն խնդրել, ու հետո այդ կոչերը տարածել: Օրենք գրողը պետք է ոչ միայն նվազագույն լրագրողական գիտելիք ունենա, այլ նաև հասարակագիտական, մարդու իրավունքների  նվազագույն պատկերացումներ: Սկսենք նրանից, թե ի՞նչ կարիք կա նման օրենք ընդունելու: Դա ինտերնետը կարգավորո՞ւմ է:

— Ոչ, չի տարածվում առցանց հեռարձակվողների վրա:

— Ուրեմն, ինչո՞ւ եք բերել դա: Օրինակ, Կիսաբաց լուսամուտները պորնոգրաֆիկ նյութ էին տարածում «Յութուբով»: Զգուշացրեցինք, որ պորնոգրաֆիկ նյութ է, և իրենք դադարեցրեցին: Բայց սկզբունքորեն չենք կարող նրանց պատսխանատվության ենթարկել, որովհետև կրիչը «Յութուբն» էր: Հիմա, եթե չենք կարող կարգավորել «Յութուբով» հեռարձակումը, ուրեմն, ինչո՞ւ ենք այդ նոր օրենքը բերել: Մենք ունեինք «Հեռուստատեսության և ռադիոյի» մասին օրենք, որը կարգավորում էր դաշտը: 

— Ձեր ասած «Կիսաբաց լուսամուտներին» հաջորդ կետն է վերաբերում: «Արգելվում են տեսալսողական հաղորդումները, որոնց մասնակիցները Հեռարձակողին նախապես հայտնի` կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության, երկարատեւ ժամանակահատվածի ընթացքում ձեւավորված հակակրանքի արդյունքում հաղորդման բնույթով պայմանավորված կարող են կատարել օրենքներով արգելված գործողություններ»: Փաստորեն, մեզ մոտ «Կիսաբաց լուսամուտների» նման թոք-շոուները, որոնք բոլոր երկրներում տարածած են, օրենքով արգելվելու են: Արդյո՞ք այստեղ հեռուստատեսության և նաև մարդկանց իրավունքի խախտում չկա:

— «Կիսաբաց լուսամուտները» ևս ազատ խոսք է, որովհետև՝ճիշտ է, կենցաղային հարցերը առաջին պլան բերելով, չափազանցնելով, բայց ի վերջո ցույց է տալիս հասարակության ներսում առկա հիվանդություններրը: Քանի դեռ այնտեղ չկա բռնության փառաբանում, կամ այլ տեսակի քրեորեն հետապնդելի արարքներ՝ օրինակ, պորնոգրաֆիայի տարածում, այն, իր բոլոր ծայրահեղություններով հանդերձ, օրինական է: Չեք ուզում, մի նայեք: Հիմա այս մարդիկ վերցրել են, ուզում են մեր կյանքը կարգավորել:

— Օրենքի հեղինակներն առանձին կետով նաև գրել են, որ արգելվում են տեսալսողական հաղորդումները, որոնք հետապնդում են կանանց եւ տղամարդկանց սեռի հատկանիշով խտրականություն քարոզելու նպատակ կամ պարունակում են նման նպատակ հետապնդող տեղեկատվություն: Այդ նպատակը ինչպե՞ս է ապացուցվելու:

— Դա բարդ է, իհարկե: Այ դեպքում մեր գովազդների կեսը պետք է հանվի, որովհետ դրանց կեսը սեքսիզմ է պարունակում: Ասենք, երբ որ վառարանը համեմատում են կնոջ մարմնի հետ: Դա օրենքի խախտում է: Բայց սա ես դեռ կարող եմ ընդունել: Իհարկե, դա լայն սահմանում է, բայց քանի որ խտրականության մասին է խոսքը, ես այդ կետը նորմալ եմ համարում: Թեև այդ ամբողջի փոխարեն կարելի է դրույթ գրել, որ արգելվում է մարդու սեռի, ռասսայի, ազգության և այլ խտրական բնույթի հաղորումներ: Կարելի է այդ մի նախադասությունը դնել, կիրառելով սահմանադրության նորմը, խտրականության համընդհանուր արգելքի սկզբունքը դնելով, մնացածը կիրառողները՝ ՀՌԱՀ-ը, դատարանները կկիրառեն: ՀՌԱՀ-ը, օրինակ, մի անգամ արդեն «Ցայգին» պատասխանատվության է ենթարկել ռասիստական բնույթի նյութ հրապարակելու համար: Բայց մնացած մասով տպավորություն է, թե օրենքի հեղինակները վերցրել են ասեղ-թելը ու փորձել են  մեր մանրամասն կարգավորել խմբագրության անկախության հարցերը: Այնտեղ այնքան նյուանսներ կան: Ես վերջերս մի լրագրողի հարցրեցի՝ինտրիգը լրատվական կատեգորի՞ա է, ասաց՝ այո: Բայց մի կարմիր գիծ կա՝ ատելության խոսքը: Դրանից ավելի ոչինչ դու չես կարող արգելել: Կարող ես կարգավորել, ոչ թե արգելել:

— Թվում է, այս ամենն արվում է մի քանի հեռուստաալիքների դեմ, որոնք ամեն օր իրենց պարտքն են համարում ցեխ շպրտել գործող իշխանության վրա: Արդյո՞ք նման մեթոդներով կարելի է կանխել ա:

Ոչինչ չի ստացվի, հակառակը՝ կդառնան ծաղրի առարկա, որովհետև ազատ խոսքը բազմազան հնարավորություններ է տալիս, տարբեր այլաբանությունների  միջոցով սուր խոսքը տեղ հասցնելու: Հիշում եք, երբ որ զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացնում էին, ես զգուշացնում էի, որ սպասեք, հենց որ լրագրողները հասկացան, թե ինչի մասին է խոսքը, էլ ավելի արդյունավետ կարող են օգտագործել այս նոր դրույթները, էլ ավելի սուր կլինի քննադատական խոսքը: Այդպես էլ եղավ: Լրագրողները յուրացրեցին վիրավորանքի ու զրպարտության նորմերը ու սկսեցին տեղավորվել դրանց արանքում, սուր քննադատությունը պահելով: Հիմա ուզում են թնդանոթով կրակել ծիտիկների վրա: Ցանկացած նման կարգավորում ազատ խոսքի բնագավառում բերելու է ավելի ուժեղ անդրադարձի, որովհետև տեխնոլոգիաներն ավելի բազմազան են, քան այս օրենքն է փորձում կարգավորել:

Հ.Գ. Նախկին բոլոր իշխանությունների օրոք էլ երկրի ղեկավարը, այն ժամանակ՝ նախագահը իր աշխատակազմի միջոցով ուղիղ դիրեկտիվներ է իջեցրել բոլոր հեռուստաընկերություններին, թելադրելով, թե որ իրադարձությունը պետք է լուսաբանվի և ինչպես: Այս կանոնը, Թի-վիները պահում էին ներքին համաձայնությամբ, շատ լավ գիտակցելով, որ այն հակաօրինական է: Բոլորը գիտեին, որ եթե չենթարկվեին նախագահականին, եթե չլուսաբանեին նախագահի հանդիպումները, եթեր չտային նախագահականի, կառավարության «պրես-ռելիզները», կհայտնվեն տուգաանյին նստարանին, կզրկվեն նախագահականի ու կառավարության «բարիքներից»՝ արտասահմանյան ուղևորությունների տեսքով, հնարավոր է՝ կզրկվեն լիցենզիայից, ինչպես զրկվեցին, օրինակ, Ա1 պլուսը և «Նոյյան տապանը»: Այսօր այս միջամտություններին տրվում է օրենքի ուժ:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest