«Արտաշիսյան» պոլիկլինիկան աշխատում է 70-ականների ռեժիմով ու 40-ականների սարքերով. դրվագներ պոլիկլինիկաների առօրյայից

0
48

Պոլիկլինիկաները համարվում են առողջության առաջնային պահպանության հաստատություններ, սակայն վաղուց արդեն վերածվել են առողջության քայքայման կենտրոնների:

Երևանցիները սովորաբար պոլիկլինիկա են դիմում ստիպված, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Զինվորի մորը մեկ շաբաթ տարել-բերել են անկետայի համար
Ջրվեժ թաղամասի բնակիչ Նունե Գ-ի համար, որը զինվորի մայր է, պոլիկլինիկա դիմելու ծայրահեղ անհրաժեշտությունն առաջացավ, երբ նրա որդին, որը բանակային է և ծառայում է Արցախում, զանգեց ու ասեց, որ ակնոցը կոտրվել է:


«Ասեց՝ մամա, ստեղ ակնաբույժ չկա: Ինձ ակնոց ուղարկի: Մամաս գնաց «Գրիգոր Լուսավորիչ» պոլիկլինիկա, որ տղայիս անկետան վերցննի, որ իմանանք, ինչ համարի ակնոց պատվիրենք: Ընդունարանի աշխատողը սառը հայացքով ասել է ՝ չկա ձեր անկետան, ու առանց բացատրության մորս ճամփել է»:
Հաջորդ օրը զինվորի մայրն ինքն է գնացել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին կից պոլիկլինիկա: Նրա չարչարանքների պատմությունը գլխապտույտ է առաջացնում:


«Ես երեք օր իրար հետևից գնացել եմ: Սկզբից՝ մեծերի բաժին, այնտեղ ասեցին, որ մանկական բաժինը չի տվել մեր անկետան, գնացի մանկականի բաժնի պետի մոտ, ասեցին, մենք տվել ենք, գնացեք, տղայի էպիկրիզը բերեք, այնտեղ նշված է, որ քարտը փոխանցել են մեծերի բաժին, մեծերի բաժնից էլի ասեցին՝ ստեղ չի: Լավ, ընդունենք, չի եկել, բայց իմ երեխան բանակում է, նա եկել է հերթական ստուգման, որ դուք իրեն ուղարկել եք բանակ, ասում եմ՝ հիմա ո՞ւր է այդ ստուգման քարտը: Կարո՞ղ ա, դուք իմ տղային ուրիշ մարդու անունով եք ուղարկել բանակ: Ինձ ցույց տվեք քարտը, որ իմ երեխան ստուգվել է, չկա: Ավագ քույրն էլ ասում է, կարող է, ձեր երեխայի տեսողությունը փոխված լինի»:


Քույրը ավագ քրոջը ասեց, որ նկարում եմ, դրանից հետո անկետան գտնվեց
Տղայի անկետան ստանալու համար հունիսի 2-ին Նունե Գ-ն պոլիկլինիկայում մնացել է առավոտվա 10-ից մինչև երեկոյան 17.00:


«Գնացի տնօրենի մոտ, ինձ քույրի հետ ուղարկեցին արխիվ: Արխիվում՝ մի փնթի վիճակ, կեղտոտ, թափթփված, հանեցի հեռախոսով նկարեցի: Քույրը ավագ քրոջը ասեց, որ նկարում եմ, նոր դրանից հետո, վախեցան, երևի, ու անկետան հանկարծ «գտնվեց»», — պատմում է զինվորի մայրը:


Նա ասում է, որ իր ըտանիքից՝ իրենից ու մայրիկից, մի շաբաթ պահանջվեց, որպեսզի իրենք պարզեն, թե ինչ համարի ակնոց պետք է պատվիրեն, որ ուղարկեն Արցախ:


Մենք փորձեցինք կապ հաստատել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին կից պոլիկլինիկայի հետ: ԲԿ-ի էջում քաղաքացիների համար նշված համարներից ոչ մեկը չէր պատասխանում, բացի մեկից՝ մատենավարման բաժնից: Այնտեղ էլ, լսելով Forrigts.am-ի հարցերը, խնդրեցին զանգել մի 10 րոպեից, և, հավանաբար, դրեցին հեռախոսը: Այն ժամերով զբաղված էր:


«Արտաշիսյան» պոլիկլինիկան աշխատում է 70-ականների ռեժիմով ու 40-ականների սարքերով
«Սուրբ Աստվածածին ԲԿ-ին կից «Արտաշիսյան» պոլիկլինիկան ընդամենը հաշվառման վայր է, այնտեղ դիմել չի կարելի ոչ մի դեպքում: Իզուր ժամանակ եք կորցնելու ու ներվեր», — ասում է Շենգավիթի բնակիչ Գագիկ Ա-ն, որը գործազուրկ է:

Նա դիմել է այս պոլիկլինիկա միայն, երբ թևի ցավից էլ չէր կարողանում գիշերները քնել:


«Մի շաբաթ ուղիղ գնացել-եկել եմ: Պրոբլեմն այն է, որ այդ պոլիկլինիկան աշխատում է 40-ականների սարքերով ու 70-ական աշխատանքային գրաֆիկներով, -ասում է քաղաքացին, — Գնացի թերապևտի մոտ, ուղարկեց նյարդաբանի մոտ, բայց նա էլ արդեն գնացել էր:

Վերջապես, նյարդաբանին բռնացրեցի, ասեց՝ դուք իմ հիվանդը չեք, ուղարկեց վիրաբույժի մոտ: Վիրաբույժն արդեն գնացել էր տուն: Հաջորդ օրը առավոտից գնացի վիրաբույժի մոտ, նա ուղարկեց ռենգենի: Ռենգենը Սուրբ Աստվածածին» ԲԿ-ում արեցին: Ասեցին՝ նկարի համար փող պետք է տաս, եթե ուզում ես վերցնել: Փող չունեի, չվերցրեցի: Տվեցին ռենգենի պատասխանը, որում գրել էին՝ էական խախտումներ չեն հայտնաբերվել: Իսկ ոչ էական խախտում կա, թե չկա, տենց էլ չիմացա:


Էլի երկու օրում նորից մի կերպ ընկա վիրաբույժի մոտ, ասեց՝ իմ հիվանդը չեք, նորից գնացի տերապևտի մոտ: Ասեց՝ արյան անալիզ հանձնի, մի քանի օր էլ դա էի հանձնում, ասեցին՝ լեյկոցիտները շատ են, հոդերդ են, բորբոքում կա, «Դոլեքս» անունով դեղ նշանակեցին, 5 օր սրկսկվեցի, չօգնեց, ցավերն ավելի շատացան: Պարտքով գումար ճարեցի, գնացի «Սլավմեդ» կենտրոն»:


«Սլավմեդ» ԲԿ-ի վնասվածքաբանը նոր ռենգեն-հետազոտություն անցկացրեց, աջ ուսային գոտում հայտնաբերեց ոսկրի գերաճ, որի պատճառով մկանների պատռվածք էր առաջացել: «Անմիջապես սրսկում արեց հոդի հատվածում, դեղեր նշանակեց», — պատմում է Գագիկ Ա-ն: Նա ընդամենը երկու ժամ է անցկացրել «Սլավմեդ» բժշկական կենտրոնում:

Երդվում է՝ էլ երբեք պոլիկլինիկա ոտք չի դնի:


Հ.Գ. Forrights.am-ը քաղաքացիների խնդրանքով փոխել է նրանց անունները, ապահովելով նրանց առողջական տվյալների գաղտնիությունը:


Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here