Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ եւ ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաեւ ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը ՍԴ-ում նշանակված է հուլիսի 7-ին:
Նշենք, որ օրերս Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հետ էին վերցրել իրենց դիմումները, քանի որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը վիճարկող ԲՀԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին կմիանա միայն այն բանից հետո, երբ ՍԴ-ն կքննի եւ որոշում կկայացնի Ռոբերտ Քոչարյանի գործով։
Պաշտպաններն այս կերպ որոշել էին իրենց կողմից վերացնել այդ խոչընդոտը։
Այնուամենայնիվ, դեռեւս ՍԴ-ում է Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումը՝ կրկին Ռոբերտ Քոչարյանի գործով։ Այս պահին անորոշ է, թե ինչ կանի ՍԴ-ն հուլիսի 7-ին։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: