Հունիսի 30-ին Երևանում կալանավորել են Ալավերդի քաղաքում հեղինակություն վայելող գործարար Վահագն Աբգարյանին, որին մեղադրում են նույն քաղաքի բնակիչ, թմրանյութերի պատրաստման համար կրկնակի դատված Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու և ապօրինի զենք, զինամթերք պահելու համար ու արդեն մեկ տարուց ավելի է, դատում են:
Վահագն Աբգարյանին «վերցրել են» երևանյան մի սրճարանից: Բերման ենթարկելու, կամ կալանավորելու որոշում վարույթն իրականացնող մարմինը, որը տվյալ դեպքում Լոռու դատարանն է, չի ընդունել: Ահա ինչ է պատմում Forrights.am-ին Աբգարյանի շահերը ներկայացնող փաստաբան Արթուր Գրիգորյանը:
«Քանի որ Վահագն Աբգարյանը ազատ տեղաշարժվելու իրավունքից զրկված չի եղել, օրինական հիմքերով գտնվել է ազատության մեջ, գնացել է սրճարան, որտեղ երեկոյան պետք է հանդիպեինք: Հավանաբար, այնտեղ նրան տեսել են ու հաղորդել են այդ անձանց խմբին: Սրանք էլ որոշել են «դարի օպերացիա» կազմակերպել, և այդտեղից նրան հարկադիր բերման են ենթարկել: Ոստիկանության հատուկ ջոկատայինները եկել են իրենց միկրոավտոբուսով, իջել են միջից, տարել են: Փաստացի տեղի է ունեցել ազատությունից ապօրինի զրկում, որի հիմնավորումն իրենք չունեն»:
Հարցին, թե ինչ է կատրվում Վահագն Աբգարյանի շուրջ և որն է կալանավորման հիմքը, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պատասպանեց. «Դատարանի որոշումն է ի կատար ածվել: Ոչինչ էլ չի կատարվում Աբգարյանի շուրջ»։
Հիշեցնեմ՝ երկուսուկես տարի Աբգարյանը կալանավայրում է եղել, և այդ ամբողջ ընթացքում նրա փաստաբանները պայքարել են կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու համար: Վերջապես, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը կալանքը փոխարինեց գրավով: Ապրիլի 1-ից Աբգարյանը ազատության մեջ էր: Սակայն վերաքննիչ դատարանը բեկանեց այդ որոշումը:
Վահագն Աբգարյանի պաշտպան Արթուր Գրիգորյանը վստահեցնում է, որ դատախազության պաշտոնյաները չարաշահել են իրենց լիազորությունները:
«Դատարանի որոշում չի եղել, դատավորի կարգադրություն չի եղել: Քրեական դատավարության օրենսգրքի 248-րդ հոդվածի համաձայն դատական որոշումներն ի կատար ածելու հարցը որոշում է տվյալ դատական ակտը կայացրած դատարանը: Նման բան չի եղել: Դատախազութունը որոշել է, որ իրավասու է ոստիկանությանը հանձնարարել, որ մարդուն ազատազրկեն ու տեղափոխեն քրեակատարողական հիմնարկ: ՔԿՀ-ն էլ, մեր ունեցած բանավոր տեղեկություններով, դատախազի գրության, թե ինչ որ ինձ անհայտ հանձնարարության հիման վրա տեղավորել է Աբգարյանին «Վանաձոր» քրականարողական հիմնարկ», — ասում է Արթուր Գրիգորյանը:
Իր պաշտպանյալին տեսնելու հնարավորությունից նա զրկված է: «Տեսել ենք Վահագին ընդամենը Երևանի քաղաքային վարչությունում: Մի երկու ժամ պրպտումներից հետո իմացանք, որ նա այնտեղ է, ներսում: Հենց հերթապահ մասից սկսեցին ստել, թե Վահագին արդեն տեղափոխել են «Վանաձոր» ՔԿՀ: Պահանջեցինք հանդիպում վերադասների հետ, — պատմում է փաստաբանը, — Այդ վերաասները մեզ առաջարկեցին սպասել»: Երկար սպասելուց հետո փաստաբաններ Արթուր Գրիգորյանը և Արմեն Սողոմոնյանը տեսել են, որ մի քանի ոստիկաններ «թևատակերը մտած», Վահագին ձեռնաշղթաներով տանում են ուղիղ դեպի կենտրոնական մուտք:
Նրանք փորձել են զրուցել իրենց պաշտպանյալի հետ, պահանջել ոստիկաններից, որ թույլ տան շփվել Աբգարյանի հետ, հարցրել են, թե որն է նրան բերման ենթարկելու հիմքը, սակայն վերջիններս անդրդվելի են եղել:
«Վահագին բառիս բուն իմաստով կալմեջ արած, տարան, մտցրեցին ավտոքեմենան: Տեղի է ունեցել մարդուն ապօրինի ազատությունից զրկում: Փաստաբանի գործունեությանը բիրտ ձևով խոչընդոտել են, որը ևս քրեական հանցանք է, ընդ որում՝ պաշտոնատար անձի կողմից, ինչն ավելի ծանրացուցիչ հանգամանք է: Առնվազն, այս երկու հանցկազմը կա ոստիկանների գործողությունների մեջ», — նշում է Արթուր Գրիգորյանը:
Հարցին, թե կալանավորման հիմքում կարող է վերաքննիչ դատարանի որոշումը լինել գրավը բեկանելու վերաբերյալ, նա պատասխանեց. «Դատախազը իրավասու չի մեկնաբանել դատարանի որոշումը, նա դատարանի ֆունկցիաներ է յուրացրել, կարգադրելով ոստիկաններին օգտվելով այն հանգամանքից, որ ինքը դատախազ է և կարող է կարգադրել ոստիկաններին: Սա կոչվում է պաշտոնական դիրքի չարաշահում»:
Աբգարյանին առևանգելու օրը նրա փաստաբանները դիմել են Երևանի դատարանի հերթապահ նստավայր, պահանջելով, որ նրա ազատազրկումը ճանաչվի ոչ իրավաճափ և դատարանը կարգադրի անհապաղ ազատ արձակել Վահագն Աբգարյանին:
Սակայն դատավոր Դավիթ Հարությունյանը, որին մակագրվել է բողոքը, հետ է վերադարձրել այն, պատճառաբանելով, թե գոյություն ունի գործ, որով Վահագն Աբգարյանը դատարանում ամբաստանյալ է, և նրա ազատազրկումը, «ամենայն հավանականությամբ», կապված է եղել դատական որոշումների կատարման հետ, և այս պայմաններում առաջին ատյանի դատարանը իրավասու չի քննարկել մեկ այլ դատարանի կայացրած որոշման իրավասության հարց:
Արթուր Գրիգորյանը լրացրել է իր բողոքը դատավորի ազատ մեկնաբանությունների դեմ առարկությամբ և կրկին ներկայացրել է դատարան: Նա կարծում է, որ դատավոր Դավիթ Հարությունյանը ապօրինի որոշում կայացրած դատախազությանը փրկելու առաքելություն է ստանձնել:
«Կա պաշտոնյաների խումբ, ովքեր երդում են կերել միմյանց միջև, որ պետք է իրենք Վահագին նստացնեն, որպեսզի քրեական ենթամշակույթի կրողները հաշվեհարդար տեսնեն իր հետ: Սա է խնդիրը», -եզրակացնում է փաստաբանը:
Կարծիքներ կան, որ Աբգարյանը խանգարել է Ալավերդիում թմրաբիզնեսով զբաղվող հանցավոր կլանին, որի հետ կազմակերպված հանցավորության շղթայի մեջ են գլխավոր դատախազը, նրա ընկեր, Կամո Փիրուզյանի սպանության գործը «բացահայտած» մարտի մեկի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, որը ներկայում հետախուզվում է, որոշ փաստաբաններ, Ալավերդիի գործարարներ, Լալվարի քարհանքի տերեր Տարոն և Արթուր Աբգարյանները:
Հիշեցնենք, որ Ալավերդցի Վահագի դեմ բամաթիվ մահափորձեր են եղել, իսկ այս տարվա փետրվարի 25-ին Աբգարյանի սպանությունը բերդում կազմակերպելու փորձ է արվել: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում քրեական աստիճանակարգ ունեցող երկու կալանավոր մտել են Աբգարյանի խուց, նրան դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են: Աբգարյանին արյան մեծ կորստով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Այս գործով քննություն է ընթանում, սակայն որևէ գործողություն չի իրականացվում:
Վահագն Աբգարյանի մայրը՝ Անահիտ Գևորգյանը, ոչինչ չգիտի որդու մասին: «Կապ չունենք: Դրսից ոչինչ չեն ընդունում, ոչինչ չգիտենք, տղայիս կյանքը վտանգի տակ է», — ասում է նա:
Forrights.am-ի տեղեկություններով, Վահագն Աբգարյանին սրճարանից բերման են ենթարկել զենքի կասկածանքով: Այս տեղեկատվությունը ճշտել չի հաջողվում: Դատախազությունից պատասխանեցին. «Ոստիկանությունն է կատարողը, իրեն կարող եք դիմել»: Իսկ ոստիկանությունից խորհուրդ տվեցին դիմել դատարան:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: