2020թ. հունվար-հունիս ամիսներն ընկած ժամանակահատվածում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը հաջողվել է ձեռք բերել տեղեկություններ ՀՀ եւ ԱՀ զինված ուժերում գրանցված 27 մահվան դեպքերի վերաբերյալ:
Հաշվետու ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացել է 1 զինծառայող։ 2 զինծառայող սպանվել են ծառայակիցների կողմից։ 8 զինծառայողի մահվան պատճառ է դարձել ինքնասպանությունը: Դժբախտ պատահարների հետեւանքով զոհվել են 8 զինծառայող: Առողջական խնդիրներից մահացել են 5 զինծառայող: Անվտանգության կանոնների խախտման եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի կամ պաշտոնական անգործության հետեւանքով գրանցվել են մահվան 1-ական դեպքեր: Եւս 1 զինծառայողի մահվան պատճառ է դարձել ականի պայթյունից ստացած մահացու վիրավորումը:
Ըստ Հայաստանի Հանրապետության Դատախազության տրամադրած տեղեկության՝ 2020թ․ հունվարի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված ՀՀ եւ ԱՀ զինված ուժերի ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների մահվան դեպքերից 7 – ը զինվորական ծառայության հետ կապված չեն:
* Սույն տեղեկագրում գրանցված դեպքերից մեկի պարագայում «Խաղաղության երկխոսություն» հկ-ին չի հաջողվել պարզել ինքնասպանություն գործած ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողի ինքնությունը: Դեպքի վերաբերյալ ճշտված տվյալները կտեղադրվեն www.safsoldiers.am-ի տեղեկատվական բազայում եւ կհրապարակվեն տարեվերջյան վիճակագրության տեղեկագրում:
Ստորեւ ներկայացված են 2020թ. առաջին կիսամյակում գրանցված մահվան դեպքերի թվերը՝ ըստ պատճառների:
Գրանցված 27 միջադեպերից 15-ը տեղի են ունեցել ՀՀ, իսկ 12-ը` ԱՀ զինված ուժերում:
Վերոնշյալ միջադեպերից 10-ի կապակցությամբ պաշտպանական գերատեսչությունների կողմից պաշտոնական հայտարարություն չի տարածվել, հետեւապես ՀՀ ՊՆ-ն կամ ԱՀ ՊՆ-ն չեն հանդիսացել այդ դեպքերի վերաբերյալ տեղեկատվության առաջնային աղբյուր:
2018, 2019 եւ 2020թթ․ առաջին կիսամյակներում ՀՀ եւ ԱՀ զինված ուժերում մահվան դեպքերի թվերը համեմատելիս՝ պարզ է դառնում, որ նույն ժամանակահատվածում 2018թ.-ին գրանցվել է 24 մահվան դեպք, 2019 թ.-ին` 29, իսկ 2020թ.-ին` 27 դեպք, ինչը վկայում է այն մասին, որ իրավիճակը, ըստ էության, չի վատթարացել, այնուամենայնիվ դրական տեղաշարժի մասին խոսելու համար նույնպես վաղ է:
2018, 2019 և 2020թթ. առաջին կիսամյակներում ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահվան դեպքերի թվերի համեմատությունը
Առավել մանրամասն՝ այստեղ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: