Մարդկանց խոշտանգել են, որ ստորագրեն կեղծ ցուցմունքների տակ»
«Ես չեմ տեսել Արմեն Բիլյանին որևէ մեկին կամ որևէ ժամանակ կրակելուց»,- ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռեր»-ի 10 անդամի գործով նիստին շաբաթներ առաջ հայտարարեց խմբավորման դեմ ցուցմունք տված անդամ Էդգար Սողոմոնյանը:
Նա հենց նիստերի դահլիճում հրաժարվեց իր տված նախորդ ցուցմունքներից ու անկեղծացավ, որ իրենից այդ խոսքերը խոշտանգման եղանակով են ստացել և դրանք չեն համապատասխանում իրականությանը։
«Գրված է եղել՝ իբր ես տեսել եմ, թե Արմեն Բիլյանը կրակել է ինչ-որ տեղ. Բայց դրանք իմ բառերը չեն: Իմ տեսադաշտը փակ է եղել, ես նրան ոչ զենքով, ոչ էլ կրակելուց չեմ տեսել։ Այդ ժամանակ ես ոչ մեկին չեմ ճանաչել, բացի այդ, ունեցել եմ տեսողության խնդիր: Այդ ամենը իմ բառերը չեն, դրանք շարադրել են այնպես, ինչպես քննչականում են ուզել: Իրենց մտքերով շարադրվել և բերել գրել են իմ անունից: Ի զորու չեմ եղել այդ պահին ինչ-որ բանի համար կոնֆլիկտի մեջ մտնել նրանց հետ»:
Նման անսպասելի հայտարարությունից հետո մինչ օրս որևէ գործողություն չի ձեռնարկվել պարզելու, թե արդյոք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, եթե այո՝ ապա ի՞նչ է ձեռնարկվելու քննիչների դեմ, ովքեր նման եղանակով են ցուցմունք ստանում։
Հայտարարությունը որքան անակնկալ էր հանրության, նույնքան սպասելի էր պաշտպանական կողմի համար։ Խմբավորման նախկին պաշտպան Արայիկ Պապիկյանը Forrights-ի հետ զրույցում հայտնեց, որ դեռ նախաքննության ընթացքում իրենք բազմիցս բարձրաձայնել են այդ օրերին մեծ թվով մարդկանցից բռնությամբ և խոշտանգմամբ ցուցմունքներ կորզելու մասին․
«Շատ մարդիկ ստորագրել են իրենց հրամցված փաստաթղթերի տակ, անգամ ի վիճակի չեն եղել կարդալու դրանց բովանդակությունը։ Եվ այսօր, երբ բացահայտումների շղթան է սկսվում, դատախազությունը միևնույն է ատամներով ամուր պահում է այդ մեղադրանքը։ Եթե հիմա այդ մասով քննություն տանեն ու ապացուցեն, որ ճիշտ է, իսկ դա իրականում ճշմարտություն է, ապա պատասխան են տալու և՛ քննիչները, և՛ մեղադրանքը հաստատող անձիք։ Իսկ իրենք, իհարկե, դա չեն անի, կստացվի՝ իրենց բռնած ծառի ճյուղը կտրում են»,- ասում է փաստաբանը։
Այս պահին ՊՊԾ գնդի զավթման երեք գործերից առաջ է գնում միայն դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ դատական նիստերը։ Հենց այս մասում ամբաստամվող 10 անձիք են «կարևոր դատախազության և նախկին իշխանության համար»։ Նրանց թվում են՝ Պավլիկ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանը, Սմբատ Բարսեղյանը, Արմեն Բիլյանը և ուրիշներ։
Արտուշ Գաբիելյանի և Արթուր Խաչատրյանի քննությամբ գործերը դոփում են տեղում․ դրանք կամ պարբերաբար չեն կայանում կամ հետաձգվում են որևէ անհիմն պատճառաբանությամբ։ Հատկանշական է, որ դատավոր Մակյանը, հանդիսանալով նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ով պետք է առավել քան աչալրջություն ցուցաբերի գործերի ողջամիտ ժամկետների նկատմամբ, աչք է փակում այդ ձգձգումներին․
Փաստաբան Պապիկյանի համոզմամբ՝ նրան և մեղադրող կողմին ամենևին չի հետաքրքրում, թե մյուս գործերն ինչ ընթացք կստանան․
«Դատախազությունը վաղուց մոռացել է այդ առանձնացված գործերի մասին։ Այս մասով վճիռ կլինի, կվերցնեն, կպատճենահանեն համապատասախան հոդվածներն ու կավարտեն գործը։ Չի կարող գործը քննող ԲԴԽ անդամ դատավոր Մեսրոպ Մակյանն ինքն անձամբ նիստերի ողջամտությունը պահել, սակայն, չնկատել մյուս դատավորների անտարբեր վերաբերմունքը»,- ընդգծում է Արայիկ Պապիկյանը։
Խմբավորման տղաները, սակայն, միայն դատավարության «ցավը» չէ, որ ունեն։ Խմբի անդամներ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը մինչ օրս շարունակում են մնալ անազատության մեջ։ Խափանման միջոցի փոփոխման մասին բոլոր միջնորդությունները՝ առանց որևէ հիմնավորման, պարբերաբար մերժվում են դատարանի կողմից։ Վարուժան Ավետիսյանը, Forrights-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պետությունն իր դերում չէ, այդ պատճառով էլ Բիլյանն ու Սմբատն այսօր ազատության մեջ չեն․
«Արմենն ու Սմբատը պետության և պետականության կռիվ են տվել, հակապետական համակարգի դեմ են պայքարել։ Քանի որ մինչև հիմա նույն ենիչերական համակարգն է ղեկավարում Հայաստանը, դրա համար էլ նրանք շարունակում են մնալ բանտում։ Օրվա իշխանություններն իրենց պահում են ժամիշխանի նման, բայց չգիտեն, որ իրենց ժամն էլ է գալու»,- իր խոսքում նշեց Ավետիսյանը, սակայն համոզմունք հայտնեց, որ այս ամենը ժամանակավոր է և շատ շուտում տղաներն ազատության մեջ կլինեն։
Նրա փոխանցմամբ՝ դատարանում Սողոմոնյանի հայտարարությունը հնարավոր է հիմք դառնա և կրկին ներկայացնեն Բիլյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու մասին միջնորդությունը։ Ստեղծված իրավիճակում այս պահի համար դա լավագույն լուծումը կլինի, կարծում է վարուժան Ավետիսյանը։
Փաստաբան Պապիկյանը վստահ է՝ խմբավորման գործը շարունակվում է, քանի որ պատվիրատուները մնացել են նույնը, իսկ գործը կազմվել է միմիայն քաղաքական պատվերի և վրեժխնդրությունից դրդված․
«Հույս կար, որ համաներումը կարող էր ինչ-որ կերպ ազդել, բայց փառք ու պատիվ Օսիպյանին և նրա նախկին ղեկավարներին, ովքեր պատվով տապալեցին այդ մարդասիրական գործընթացը։ Այսօր վստահ կարող ենք ասել, որ այս ամենը Ծռերին լռեցնելու և վախեցնելու ձև է»։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: