«Ոնց որ կանգնեն, ինձ նայեն ու խնդրեն՝ մի խփեք մեզ». Մոլդովան չի ազատում 25 տարվա բանտարկյալ Ստեփան Ենոքյանին

0
196

Հայաստանի քաղաքացի Ստեփան Ենոքյանը արդեն 25 տարի է, բանտարկված է Մոլդովայում: 30 տարեկան էր, երբ ցմահ դատապարտվեց Վոգիշ ազգանունով հրեա կնոջ և նրա փեսայի սպանությունը կազմակերպելու համար: Հիմա 55 տարեկան է: 1995-ից մինչև 2001 թվականը պահվել է Քիշնևի բանտում, իսկ 2001-ից տեղափոխվել է Քիշնևից մոտ 110 կմ հեռավորության վրա է գտնվող Ռեզին՝ «Ռեզինսկայա տյուրմա», որը գտնվում է Դնեստր գետի ափին և ամենախիստն է համարվում մոլդովական կալանավայրերից: Այստեղ պավում են մարդասպանները, որոնք դատապարտված են ցմահ ազատազրկման:

Քիշնևի բանտում գետնափոր խցեր կային, որտեղ պահվում էին ամենադաժան հանցագործները: Օրը երեք անգամ կես ժամով լույս էին միացնում: Մնացած ժամանակ մարդը մթության մեջ էր՝ իր մտքերի, մեղքերի, իր զոհերի հետ: Ուժեղ տղամարդ է, բայց խոստովանում է՝ այդ առաջին  տարիներին վախերի մեջ է ապրել, ինքն իր արածից, իր հետ մենակ մնալուց է վախեցել, ոչ առնետներից, որոնք միշտ իր մահճակալի վրա էին: Առնետներից մեկին նույնիսկ վարժեցրել է, անունն էլ դրել է Պիռատ, ծովահեն, այսինքն:

«Նա դիմացս նստում էր, ես հաց էի ուտում, ինքը մոտիկ չէր գալիս, նստում էր, լսում էր ինձ: Առնետները շատ խելացի են, գիտեի՞ք», — հիշում է այն մռյալ օրերի իր ընկերոջը: Այդ գետնափոր խցում էլ կինոյի պես վերարտադրել է մտքով իր ապրածը:

Խելագար 90-ականներն էին, երբ մարդ մեկ օրում կարող էր միլիոնատեր դառնալ և մեկ ժամում գետնին հավասարվեր: Ինքը, բնիկ Էջմիածնեցի, Քիշնևի հայ համայնքի հեղինակավոր անձանցից էր, «Արինբերդ» անունով ռեստորան ուներ: Միայն այդ ռեստորանում էր քյաբավ ու հայակական ձևով խորոված տալիս, երբ այդ քաղաքում նույնիսկ լավաշը չգիտեին, ինչ է: 

Հրեա կնոջիս տուն էր գնել: Հետո այդ կինը իրենից մեծ գումար ուզեց, ասելով, որ մաքուր ադամանդներ կան, եթե շատ վերցնեն, էժան կտան: «35 հազար դոլար տվեցի նրան, բայց ադամանդները ոչ մի կերպ չէր բերում: 10 օր անցավ, 20»: Մի օր էլ վարորդը՝ Հրաչ անունով կնոջ տարեդարձը նշելու ժամանակ իրեն ասեց, որ հրեա կինը իրերը հավաքել է, առավոտյան 04.30 մեկնում է ինքնաթիռով:Ստեփանն ասում է, որ չհավատաց սկզբում, հետո գնաց նրա տուն, վարորդի՝ Հրաչի հետ:

«9.30 էր, դուռը ծեծինք, դուռը բացեց: Տեսնեմ, չեմոդանները դասավորած: Էս գնում եք, հա՞: Բա՝ չէ, տոմսերի հարցը դեռ չենք լուծել: Կին ա, 54 տարեկան, մի քիչ սեղմեցի՝ էն կողմ: Մտա տեսա, պայուսակները հավաքած, տոմսը դրած չեմոդանի վրա: Ուզում էր փախներ: Նայում եմ իրան, խմած եմ մի քիչ, դե, մեր արյունն էլ գիտեք, մեջս եռում ա, ասում եմ՝ քարերը տուր, ինքը գիտեր, որ հյուրեր կան, կնոջս ծնունդն ա, բա թե՝ մի քանի ժամից կբերեն: Խաբում էր, երևաց: Ասեցի՝ Հրաչ, բացի չամադանները, եթե  փողը չկա, խփի: Ասեցի ու գնացի: Հետո եկա, տեսա՝ գետինը պառկած է: Հետո փեսան բացեց դուռը իր բանալիով: Տեսավ զոքանչին, ինձ վրա հարձակվեց, Հրաչը եկավ, դանակը մտցրեց մեջը: Անմարդկային պահեր էր: ես ասեցի Հրաչին, որ խփի: Հրաչը հետս նստած ա: Հիվանդ ա: Հարազատները մահացան: Մենակ, ստեղ, բանտում: Իմ խղճի վրա ա Հրաչը»:

Դատավճռում Ենոքյանի և նրա վարորդի կատարածը ներկայացված է որպես կողոպուտով ուղեկցվող սպանություն: Ադամանդների հետ կապված գործարքի, խաբվելու մասին ոչ մի բառ չկա:

Ստեփան Ենոքյանը պատմում է, որ մինչև էսօր երազի մեջ գալիս են էն երկուսը: «Ոնց որ կանգնեն, ինձ նայեն ու խնդրեն՝ մի խփեք մեզ: Գիշերա, վեր եմ կենում տեղիցս, պապիրոս եմ կպցնում, խոսում եմ հետները, ու չկա տառապանք սրանից առավել: Եղել է, արել եմ, նստել եմ, կախեք ինձ:  Ես 55 տարեկան մարդ եմ, իմաստ չկա խաբելու: Ոնց եղել է, էդպես եմ ասում,  ես չեմ գնացել սպանել, որ փող վերցնեմ: Իմ արյունը, իմ հայկական գոռոզությունը, իմ դրությունը, խնիչքը, ամեն ինչ դեր խաղաց», — ասում է: Նրան բարդ է կանգնեցնել, երբ սկսում է խոսել արածի մասին: 

2007 թվականին Ստեփանի մայրը մահացել է: Հայրը՝ 85 տարեկան, չի տեսել որդուն: Իր 25 տարին նա արդեն նստել է, բայց Մոլդովայի իշխանությունները նրան չեն ազատում: 2003 թվականին այստեղ օրենք է ընդունվել, որով ցմահ ազատազրկումը հավասարեցվել է 30 տարվա: Բայց Ստեփան Ենոքյանը դատապարտվել է մինչև 2003 թվակա նը, երբ օրենքը 25 տարի էր սահմանել: Մոլդովայի իշխանությունները ոչ Ստեփանի, ոչ էլ մյուս ցմահների նկատմամբ չեն ցանկանում կատարել օրենքը:

Ստեփանը երազում է, որ իրեն արտահանձնեն Հայաստան: Նրա հարազատները պատրաստվում են դիմել ՀՀ արդարադաըության մարմիններին:

Սյուզան Սիմոնյան

Լուսանկարում՝ աջից ցմահ դատապարտյալ Ստեփան Ենոքյանն է

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here