«Նենց էին ծեծում, ջարդում, պատերին տալիս, թե՝ վիզ վերցրու». «բեսպրեդել»՝ Ստեփանավանի ոստիկանությունում

0
538
Արտակ Գյուրջանյան

Ոստիկանության Ստեփանավանի և Տաշիրի բաժանմունքներում տիրող «բեսպրեդելի» մասին Forrights-ի հրապարակումներից հետո, մեզ հետ կապ հաստատեց Գևորգ Մուրադյանը։ 27-ամյա զինվորականը հայտնեց, որ երկու ամիս առաջ ինքը ևս տուժվել է բաժնի պետ Արտակ Գյուրջանյանից և խոշտանգվել Ստեփանավանի բաժանմունքում՝ հենց ոստիկանապետի գլխավորությամբ։

«Ապրիլի 8-ն էր, ոստիկանության երեք աշխատակից եկավ մեր տուն ու ինձ խնդրեց, որ իրենց հետ գնամ բաժին, իբր՝ պետը՝ Գյուրջանյանն ա կանչում։ Իրա կոչումն ու պաշտոնը հարգելով՝ գնացի․ դե ոչ մի խնդիր կամ թաքցնելու բան չունեի, որ խուսափեի կամ չգնայի։

Մտա բաժին թե չէ, սկսեցին խուզարկել, թե բա՝ քեզ ռազբոյի համար ենք բերման ենթարկել։ Ասացի՝ նախ ինձ ոչ ոք բերման չի ենթարկել, ես իմ կամքով եմ եկել, հետո էլ՝ ոչ ինձ ծանուցել եք, ոչ էլ տեղում ասել, թե ինչի համար եք կանչում։ Դրանից հետո էլ ոչ խոսք, ոչ բան, սկսեցին ծեծել, ջարդել․․․»,- Forrights-ին պատմում է Գևորգը։

Նրա խոսքով՝ ոստիկանապետ Գյուրջանյան Արտակը, քրեական բաժնի պետ Մանուչարյան Մհերը, վարչության պետ Տիգրան Կարապետյանը և օպերգծով տեղակալ Չիվչյան Արամը խոշտանգելու միջոցով փորձել են իրեն ստիպել, որ ընդունի չկատարած հանցանքը․

«Նենց էին ծեծում, ջարդում, փշրում, պատերին տալիս, թե՝ վիզ վերցրու, որ դու ես արել ռազբոյը։ Ես էլ չէի պատրաստվում ուրիշի արածն իմ վրա վերցնեի։ Էդ հանգամանքն իրենց ավելի էր կատաղացնում, սկսում էին սեռական բնույթի հայհոյանքներ տալ։ Հարցնում էի՝ բայց ինչի՞, ասում էին՝ լավ ենք անում։ Ես էլ գոռում էի՝ ուզում եք, օրերով պահեք, ես ուրիշի արածը վիզ չեմ վերցնելու»։

Մուրադյանը ոստիկանության բաժնում անցկացնում է մոտ 13 ժամ՝ ճնշումների և բռության տակ։ Այդ ընթացքում նա տեղեկանում է, որ իրեն մեղսագրվող «ռազբոյը» կատարվել է դեռ մարտի 14-ին։ Գևորգը տարօրինակ է համարում այն հանգամանքը, որ իրեն բերման են ենթարկել դեպքից մոտ մեկ ամիս անց։ Բաժնում այդ կապակցությամբ ոչ հարցաքննում են նրան, հետաքրքրվում, թե այդ օրն ուր է եղել, ոչ էլ բացատրություն վերցնում որևէ դեպքի վերաբերյալ։

Ոստիկանական բաժնից դուրս գալուն պես, Գևորգը դիմում է տարածքային պոլիկլինիկա։ Պարզվում է՝ ի թիվս այլ վնասվածքների, ստացված հարվածներից 4-5մմ պատռվել է նրա ձախ ականջի թմբկաթաղանթը։ Այս մասին արձանագրել է նաև դատաբժիշկը։

Այցի մասին պոլիկլինիկայից ոստիկանություն հաղորդում են ներկայացնում, ինչից հետո Գևորգին կրկին զանգահարում և կանչում են բաժին․

«Թե բա՝ այ Գևորգ ջան, արի երկու բերան իրար հետ խոսենք, անցնի գնա։ Բայց էս անգամ չգնացի»։

Ըստ նրա՝ այս գործով շատ մարդկանց են «տարել բաժին, ծեծել, խոշտանգել ու սպառնացել»։  Նրանց թվում է նաև Գևորգի եղբայրը, ով այս պահին կալանավորված է և պահվում է «Վանաձոր» ՔԿՀ-ում․

«Ախպորս էլ նույն եղանակով բռնեցին ու ծեծեցին, էլի ոչ փաստ ունեն, ոչ ապացույց, բայց իրա գլխին ջարդեցին։ Բայց վստահ ասում եմ, որ մենք էդ հանցանքի մեջ չկանք, թող գնան ու իրական հանցագործներին բռնեն։ Ես իմ բողոքը մինչև վերջ տանելու եմ, պահանջելու եմ, որ էս ամենին տրվի իրավական գնահատական»,- հայտարարում է նա։

Խոշտանգման մասին Գևորգը հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, որտեղից մեզ տեղեկացրին, որ կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ, Մուրադյանը ճանաչվել է տուժող․

«Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգքի 309.1 հոդվածի՝ խոշտանգման և 308-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է»,- Forrights-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Գործի շրջանակներում առերեսում է իրականացվել Մանուչարյանի և  Չիվչյանի հետ, Գյուրջանյանը և Կարապետյանը «կարևոր գործ ունենալու» պատճառաբանությամբ չեն ներկայացել առերեսմանը։ Գևորգի կարծիքով՝ նրանք ուղղակի խուսափել են.

«Էդ բաժնում շատ վատ իրավիճակ ա, բոլորն էլ գիտեն, որ էդտեղ բեսպրեդելություն ա տիրում։ Մարդիկ խուսափում են էդ բաժին ներկայանալուց, ծայրահեղ դեպքում՝ փաստաբանի հետ են գնում, որ ծեծուջարդ չանեն։ Եթե ես իմանայի, որ ինչ-որ գործի շրջանակներում կասկածվում եմ, առանց փաստաբան կյանքում չէի գնա»։

Նշենք, որ մեր նախորդ հարցումները Ստեփանավանի և Տաշիրի բաժիննրում տեղի ունեցած բռնության դեպքերի վերաբերյալ Ոստիկանությունը հրաժարվել է պարզաբանում տալ:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here