ԲՀԿ-ն դիմումն ուղարկել է Սահմանադրական դատարան

0
55

Սահմանադրական վերջին փոփոխությունները հակասահմանադրական համարող ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է Սահմանադրական դատարան: Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը տեղեկացրել է, որ խմբակցության իր գործընկերներից բացի, միացել է նաև անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Ավելի ուշ, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայասետան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանը Սահմանադրական դատարան են հանձնել ԲՀԿ դիմումի թղթային տարբերակը, որով վիճարկվում է Սահմանադրությունը փոփոխելու մասին ԱԺ կողմից ընդունված նախագծի սահմանադրականությունը:

Լրագրողների հետ զրույցում Զոհրաբյանը հայտարարեց, որ երեկ երեկոյան էլեկտրոնային տարբերակով 26 պատգամավորի ստորագրությամբ դիմում են ուղարկել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Ազգային ժողովում ընդունված օրենքի սահմանադրականությունը:

«Այսօր արդեն թղթային տարեբարկը հանձնեցինք ՍԴ աշխատակազմի ղեկավարին: Էդգար Ղազարյանն ասաց, որ կան աշխատակարգեր, հարցը կքննվի և որոշում կկայացվի՝ այն վարույթ ընդունվում է, թե՝ ոչ: Դրա համար կա 15 օր ժամկետ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե դիմում ներկայացնելու համար առնվազն 27 ստորագրություն է պետք, Զոհրաբյանը նշեց, որ իրավական հանրությունն այդ հարցում բաժանվել է երկու մասի. «Եկեք ո´չ ես գնահատական տամ՝ իրավաչափ է, թե՝ ո´չ, որ էլ իշխանական նախարարները, ովքեր իրենց գործը թողած, երեկ դարձել էին Էյնշտեյնն ու մաթեմատիկական հաշվարկներ էին անում: ՍԴ-ն կորոշի՝ վարույթ ընդունում է, թե՝ ոչ»,-ասաց Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԼՀԿ-ն կմիանա ԲՀԿ-ի դիմումին, եթե նոր դիմում գրվի երկու խմբակցությունների կողմից առաջ բերված կետերով:

«ԲՀԿ խմբակցությունը դիմում է ներկայացրել, որտեղ մեկ կետով էր հակասահմանադրականությունը վիճարկվում, մենք առնվազն երեք կետ էլ պետք է ավելացնենք, այսինքն՝ պետք է նոր դիմում գրել: Եթե մեր գործընկերները պահպանեն իրենց ստորագրությունները, ապա մենք կմիանանք, երկու խմբակցությունների ստորագրությամբ նոր դիմում կգնա ՍԴ»,-ասել էր նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here