Երկու օր առաջ ԱԺ-ում ընդունվեց սահմանադրության մեջ փոփոխությունների փաթեթը, որի մասին երկու խորհրդարանական խմբակցություններ հստակ արտահայտեցին իրենց դիրքորոշումը, որ ամբողջությամբ ապօրինի փաթեթ է եւ չի համապատասխանում Սահմանադրությանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
«Սակայն խմբակցություններից մեկը սա խորհրդարանի իրավունքները պաշտպանելու եւ պառլամենտարիզմը չոտնահարելու նախապայման հնչեցրեց պարոն Քոչարյանի գործը, պարոն Քոչարյանի հետ այսօր առավոտյան քննարկել ենք եւ վերջնական որոշում ենք ընդունել հրաժարվել մեր ներկայացրած դիմումներից: Որոշեցինք հետ վերցնել դիմումը»,-ասաց նա:
Օրբելյանը հավելեց, որ հիմա պաշտպաններից Արամ Վարդեւանյանը դիմում է ներկայացնում ՍԴ, որով խնդրում են դատարանին հիմք ընդունելով ՍԴ-ի մասին օրենքի համապատասխան հոդվածը՝ հետ վերցնել երկու դիմումները:
«Այսինքն այն դիմումները, որ ներկայացրել էինք մոտ 1 տարի առաջ, որոնք վերաբերում էին 300.1 հոդվածի համապատասխանությանը Սահմանադրության 72, 73, 78, 79 հոդվածներին: Պարոն Քոչարյանը հստակ դիրքորոշում հայտնեց, որ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման հետ կապված որոշակի խոչընդոտներ պետք է առաջանան, ապա ինքը պետք է պահանջի, որ փաստաբանները հետ վերցնեն: Մեր ընդհանուր պահանջ, հորդոր, խնդրանքն է բոլոր քաղաքական ուժերին Սահմանադրության հետ կապված այս գործընթացներում ոչ պարոն Քոչարյանի, ոչ փաստաբանական թիմից որեւէ մեկի անունը չշոշափել: Այս գործընթացի դիտարկել բացառապես պառլամենտական խմբակցությունների եւ պատգամավորների իրավասության շրջանակներում, եւ եթե գտնում են, որ իրավունքի խախտում կա, որի մասին արտահայտվել են, եթե գտնում են, որ կա դիմում, որը կարող էր ստորագրվել ինչ-որ ամսաթվի, չսպասել այդ ինչ-որ ամսաթվին եւ հիմք ընդունելով մեր դիմումը, միանալ այդ գործընթացին»,-ասաց Օրբելյանը:
Պարոն Քոչարյանի եւ մեր փաստաբանական թիմի դիրքորոշումը շատ հստակ է. այս գործընթացի, ինչպես քաղաքական մի շարք շրջանակներ անվանում են սահմանադրական կարգի տապալման գործընթացի հետ մենք որեւէ առնչություն չենք ուզում ունենալ: Մենք որպես կողմ ունենք մի գործիք, դա այն է, ինչ հիմա անում ենք: Ուրիշ գործիք չունենք:
Դիտարկմանը, որ արդյոք այս քայլը կապ ունի նրա հետ, որ իրենց դիմումները կարող է քննել ՍԴ-ի այլ կազմ, պաշտպանը պատասխանեց. «Սա ՍԴ-ի կազմի հետ կապված խնդիր չէ. ինչ կազմ ուզում է, թող քննի այս դիմումները: Մենք տեսնում ենք, որ ԱԺ խմբակցություններից մեկը Սահմանադրության երաշխավորման եւ խորհրդարանին տրված իրավունքներն ու պարտականությունները ապահովելու համար ՍԴ դիմելը, չգիտես ինչու, կապել է, այսպես կոչված, Քոչարյանի գործի քննության հետ; Մենք էլ ասում ենք՝ եթե պառլամենտարիզմի կայացմանը խոչնդոտում ենք մենք, մենք մեզնից կախված բոլոր գործողությունները անում ենք: Բավարար են, թե ոչ, իմ գնահատելունը չի: Մենք այլ գործիքակազմ չունենք»:
Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ «Լուսավոր Հայաստանը» չի միանա «Բարգավաճ Հայաստան»-ին Սահմանադրական դատարան դիմելու հարցում, և ՍԴ կդիմի միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: