«Ես զրկվել եմ իմ մեկ տարվա թոշակից՝ քրեակատարողական հիմնարկի իմիջալյոց աշխատանքի պատճառով»

0
114
Վահագն Մարուքյան

25 տարի անազատության  մեջ գտնված նախկին ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանն արդեն տևական ժամանակ է չի կարողանում ստանալ իր հասանելիք մեկ տարվա թոշակը։ Պատճառը՝ ՀՀ անձնագիր չունենալն է, որի մեղավորությունը ոչ թե իրենն է, այլ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկինը։

«1993 թվականից գտնվել են կալանքի տակ ու դատապարտվել մահապատժի․ էդ ժամանակ ով էր անձնագիր փոխելու մասին մտածում․ բոլորինս էլ սովետական էր․․․10 տարի անց մահապատիժը փոխվեց ցմահի, իսկ 2009-ից ճանաչվեցի 2-րդ կարգի հաշմանդամ ու այ էդտեղ սկսվեց կինոն։ 

Իմ հասանելիք թոշակի համար, որն ամսական մոտ 8000 դրամ էր, պետք ա փաստաթղթեր ներկայացնեի։ Հիմնարկը բռնում ու սովետական անձնագրիս պատճենն ա ուղարկում, որը, բնական ա, չի ընդունվում։ Դե հասկանալի ա՝ ես չէի կարող գնալ ու իմ կամքով հանեի, դա պետք ա աներ հիմնարկը»,- Forrights-ի հետ զրույցում իր բողոքը մանրամասնեց Վահագը։

Քրեակատարողական հիմնարկի հետ անվերջանալի վեճերն ու տարաձայնություններն այս առիթով շարունակվում են գրեթե մեկ տարի։ Մարուքյանի համար անհասկանալի պատճառներով, ՔԿՀ-ն միայն 2010 թվականի փետրվարին է գրություն ներկայացնում ՀՀ ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժին, որի հիման վրա նույն ամսվա վերջին նրան է տրամադրվում այդքան բաղձալի հայկական անձնագիրը։ Փաստաթղթի պատճենը, սակայն, հիմնարկի կողմից տարածքային բաժին է ներկայացվում միայն մարտի 30-ին, այն դեպքում, երբ դատապարտյալի հաշմանդամության ժամկետը լրանում է ապրիլի 1-ին․

«Ես իրավունք չեմ ունեցել անձամբ հանել անձնագիր և  ներկայացնել սոցապ բաժին, քանի որ անազատության մեջ եմ եղել։ Իմ փոխարեն, իմ թոշակ ստանալու իրավունքով ինձ պետք ա ու պարտավոր էր օգներ հիմնարկը, բայց՝ չի արել։ Կամ ձեռք չէր տալիս կամ էլ հավես չուներ․․․Էդ անձնագիրն էլ ստացա մեծ բողոքների ու շոուների արդյունքում։ Փաստացի, ես զրկվել եմ իմ մեկ տարվա թոշակից ոչ թե իմ թերացման, այլ հիմնարկի իմիջալյոց աշխատանքի պատճառով»,- մեկնաբանում է նախկին դատապարտյալը։։

Խնդրի մասին Մարուքյանը երկու անգամ գրավոր դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն երկու անգամ էլ նույն պատասխանն է ստացել՝ մերժման պատճառը ԽՍՀՄ նշումի անձնագրի պատճենն է․

«Սահմանված ժամկետում՝ 2010 թվականի ապրիլի 1-ը ներառյալ, Վահագն Մարուքյանը չի ներկայացրել վավեր անձնագիր, նույն ինքը՝ ՀՀ անձնագիր։ Ստացվում է՝ մենք չենք ստացել անձը հաստատող փաստաթուղթ։ Ուստի, վերոգրյալից ելնելով, մեկ տարվա հաշմանդամության նպաստը վճարելու մասին անձի խնդրանքը բավարարելու հիմքեր չկան»,- ապրիլի 27-ի պատասխանի մեջ նշում է Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ա․ Կեսոյանը։

Վահագը, սակայն, չի հուսահատվում։ Այսօր նա դիմում է ուղիղ նախարար Զարուհի Բաթոյանին, խնդրելով իրեն հասանելիք մեկ տարվա թոշակը հատկացնել, քանի որ այս պահին դրա անհրաժեշտությունն ավելի քան զգում է․

«Ես հիվանդ մարդ եմ, արդեն 2-րդ կարգի անժամկետ հաշմանդամություն ունեմ, դժվարությամբ եմ քայլում, աշխատել՝ չեմ կարող։ Իմ համար էդ 90-95 հազարը մեծ գումար ա, ինձ տվեք իմ հասանելիք գումարը, հարգարժա՛ն, տիկին Բաթոյան»,- Forrights-ի միջոցով նախարարին ևս մեկ անգամ դիմում է 47-ամյա Մարուքյանը։

Մենք կապ հաստատեցինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ճշտելու, թե խնդրի վերաբերյալ ինչ քայլեր են ձեռնարկվում։ Նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ տիկին Բաթոյանը արդեն իսկ հրահանգել է զբաղվել խնդրով և հանձնարարականներ ուղարկել իրավասու մարմիններին․

«Մեր կողմից կատարված ուսումնասիրությունները կրկին փաստում են, որ  պատճառը պատշաճ անձնագրի բացակայությունն է։ Թե այստեղ Մարուքյանի մեղքն է, թե՝ կառույցի, նշել չենք կարող»,- նշեց Մարտիրոսյանը։

Քրեակատարողական ծառայությունը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ մինչև 2009 թվականի Վահագն Մարուքյանը չի ունեցել ՀՀ անձնագիր, քանի որ չի դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմին․

«Առանց դատապարտյալի դիմումի, քրեակատարողական հիմնարկն իրավունք չունի նման գործընթաց սկսելու։ Դիմելուց հետո, պատշաճ ժամանակամիջոցում նրան է տրվել անձնագիրը»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Հավելենք, որ Վահագն Մարուքյանն ազատ արձակվեց 2018 թվականի տարեվերջին։ Դատարանը, հաշվի առնելով նրա ծանր առողջական վիճակը և պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունները՝ ռևմատոիդ արթրիտը ու միոպատիան, հենց դատարանի դահլիճից ազատեց նրան։

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here