Ոստիկանությունը չի պարզաբանում Տաշիրի և Ստեփանավանի բաժիններում խոշտանգումների դեպքերը

0
234

32-ամյա Գագիկ Կարապետյանին ոստիկանության Տաշիրի, ապա Ստեփանավանի բաժանմունքներում խոշտանգման ենթարկելու միջադեպերի առթիվ ոստիկանությունը որևէ պարզաբանում չի տալիս։ Փոխարենն ուղղորդում է դիմել նախաքննական մարմիններին․

«Բոլոր գործողությունները կատարվել են քրեական գործի շրջանակներում։ Դա քննչականի տիրույթում է, դիմեք Քննչական ծառայություն»,- Forrights-ի հեռախոսազանգին ի պատասխան նշեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ Կարապետյանը հունիսի 12-ին խոշտանգվել էր Տաշիրի, իսկ օրեր անց՝ հունիսի 17-ին, Ստեփանավանի ոստիկանության բաժանմունքում։ Վերջին բաժնում Գագիկն արդեն երկրորդ անգամ է խոշտանգվում։ Առաջին դեպքը տեղի էր ունեցել դեռ 2017 թվականին, որի վերաբերյալ օրեր առաջ հօգուտ Կարապետյանի, Վճռաբեկ դատարանը որոշում էր կայացրել․

Դատարանը խոշտանգման գործով իրականացված քննությունը ճանաչել էր անարդյունավետ և հետ ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Հենց այս որոշումից օրեր անց՝ Գագիկը խոշտանգվում ոստիկանության աշխատակիցների կողմից։

Հունիսի 17-ին իր իսկ տանը, Գագիկի հետ միասին բռնության է ենթարկվում նաև մայրը՝ 56-ամյա Սուսաննա Միրզոյանը։

Նրանք արդեն իսկ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, սակայն նյութեր են նախապատրաստվում միայն հունիսի 12-ի խոշտանգման վերաբերյալ։

Փաստացի, քաղաքացուն խոշտանգման են ենթարկում ոստիկանության երկու բաժանմունքում, սակայն այս ամենի վերաբերյալ ոստիկանությունը որևէ պարզաբանում չի ներկայացում, այդ «բեռը գցելով» քննչական մարմինների ուսերին։

Նշենք, որ վերոնշյալ երկու խոշտանգումներն էլ տեղի են ունեցել ՀՀ նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանի նշանակվելուց օրեր անց։

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here