ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով ըստ էության առաջարկվում է ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարել ավարտված եւ պաշտոնավարումը դադարեցնել:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց Վահագն Հովակիմյանը:
Նա նախ կարծիք հայտնեց՝ ՍԴ ճնգաժամի պատճառն այն գործունեությունն է, որ այդ մարմինը ծավալել է իր հիմնադրման պահից՝ 1996 թվականի փետրվարի 6-ին հաջորդած 22 տարիներին: ՍԴ-ի գործունեության ձախողված լինելու ամրագրումը նա համարեց 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը: Նա հիշեցրեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հնարավոր չեղավ անցկացնել համավարկի պատճառով, և ակնհայտ է, որ առաջիկա առնվանզ 1 տարին, հնարավոր է նաև ավելի երկար, Հայաստանում հանրաքվե կամ այլ համապետական միջոցառում չի կարող անցկացվել:
«Մեր քաղաքական ուժը բազմիցս հայտարարել է, որ մեզ համար չկա որևէ խնդիր, որն առավել է, քան հանրության առողջության պահպանումը: Մյուս կողմից, ՍԴ ճգնաժամի լուծման ձգձգումն ուղղղակի վնասում է մեր երկրի զարգացմանը և վտանգում է առջևում սպասվող լայնածավալ բարեփոխումները: ՀՀ-ն արժանի է ունենալ հանրության վստահությունը վայելող ՍԴ: Մեր բոլորիս, խորհրդարանի պարտավորությունն է լուծել ՍԴ ճգնաժամը և ապահովել երկրի բնականոն զարգացումը»,-ասաց պատգամավորը:
Այսպիսով, Սահմանադրության փոփոխությունների ներկայացված նախագծով առաջարկվում է 213 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: «Նախագծով ՍԴ կառուցվածքը համապատասխանեցվում է Սահմանադրության 7-րդ գլխի պահանջներին: Մասանվորապես Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ դատավոր ընտրվում է 12 տարի ժամկետով և նույն անձը ՍԴ դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Ըստ այդմ՝ Սահմանադրության 213-րդ հոդվածի նոր խմբագրությամբ առաջարկվում է դադարեցնել ՍԴ այն անդամ/դատավորների լիազորությունը, որոնք արդեն իսկ ընդհանուր տևողությամբ 12 տարուց ավելի են պաշտոնավարում: Իսկ ՍԴ այն անդամ/դատավորները, որոնք ընդհանուր տևողությամբ 12 տարվանից պակաս են պաշտոնավարել, կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը: Այսպիսով ՍԴ բոլոր անդամ դատավորների կարգավիճակը կհավասարեցվի»,-ասաց Հովակիմյանը:
Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավորումը ևս կդադարեցվի: ՍԴ նոր նախագահի ընտրությունը, որը պետք է ընտրվի 6 տարի ժամկետով, կանցկացվի այդ փոփոխության արդյունքում առաջացող թափուր տեղերի համալրումից հետո: «Այսպիսով, մենք լուծում ենք նաև այն խնդիրը, որ այն նոր դատավորները, որոնք կընտրվեն թափուր տեղերում, նույնպես հնարավորություն կունենան ակնկալել ՍԴ նախագահ ընտրվել»,-ասաց Հովակիմյանը:
Նրա համոզմամբ՝ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորված 7-րդ գումարման խորհրդարանը, առաջարկվող փոփոխություններն ընդունելով, կազդարարի իր քաղաքական կամքն առ այն, որ ընդհանուր տևողությամբ 12 տարվանից քիչ պաշտոնավարած ՍԴ անդամ դատավորներն իրենց հետագա գործունեությամբ պետք է նպաստեն Սահմանադրական դատարանի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: