Երկու օր առաջ Գագիկ Կարապետյանը երրորդ անգամ խոշտանգվեց ոստիկանների կողմից, այս անգամ՝ իր սեփական բնակարանում։ Նրա հետ միասին բռնության ենթարկվեց նաև 56-ամյա մայրը՝ Սուսաննա Միրզոյանը։
Այս մասին Forrights-ին ահազանգեց տիկին Սուսաննան, քանի որ որդին այսօր կրկին ծեծված և ձերբակալված է․
«Ամսի 17-ին տանից դուրս էի եկել, հետ գամ տեսնեմ մի խումբ ոստիկաններ մեր տունը շրջափակել են։ Մոտ քսան ոստիկան՝ մի յոթ մեքենա։ Տղես էլ չդիմացավ, ասեց՝ դուռը բացի, մեկ ա բան չունեմ արած, թող գնամ տեսնեմ՝ ինչ են ուզում ինձնից»։
Գագիկը դեռ օրեր առաջ մեզ հետ զրույցում պատմում էր, որ մի քանի օր է, ինչ ոստիկանական մեքենաները շրջում են իրենց տան շրջակայքում՝ ցանկանալով վախի մեջ պահել իրեն և ընտանիքին։
«Դուռը բացելուն պես, ջարդելով գազանի պես տուն մտան Ստեփանավանի ոստիկանապետը՝ Գյուրջինյանը, տեղակալը՝ Չատինյանը, օպերխմբից՝ Ախուրյան Խաչիկը, Թաթոյան Արմենը և էլի ուրրիշներ։ Սկսեցին ջարդել երեխուս․ գլխին, փորին, ձեռքերին ուժեղ խփում էին, հետո անցան ինձ․․․Թևերս բռնեցին ու սկսեցին հարվածել։ Էդ ամբողջ ընթացքը նկարում էի, ուզում էին հեռախոսս ձեռքիցս խլեին, որ չարձանագրեի։ Շոկի մեջ էի ուղղակի»,- վրդովված պատմում է տիկին Սուսաննան։
Մոր խոսքով՝ բռնությունից հետո, Գագիկ Կարապետյանին քարշ տալով տարել են ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղ ոստիկանապետ Արտակ Գյուրջինյյանը կրկին խոշտանգել է որդուն։ Սուսաննան բաժին է հասնել այն պահին, երբ Շտապ օգնության բրիգադն է ժամանելիս եղել․
«Տեսնեմ Գագիկիս են բերում՝ ջարդված, ոչ կարողանում ա քայլի, ոչ՝ խոսա։ Երեխուս գլուխը չգիտեմ ինչ օրի ա արդեն, ուղեղի ցնցում ա ստացել հաստատ էդքան ծեծից։ Չեմ պատկերացնում՝ մեր տան մեջ գան ու ծեծի՞ ենթարկեն ոստիկանները։ Եթե էս հարցը չլուծվի, ես չգիտեմ, իմ քայլերի համար պատասխանատու չեմ։ Իմ երեխու վրա չեն կարա սարքեն»։
Մոր խոսքով՝ որդու գլխին ցանկանում են «գործ կարել» ու ստիպել ընդունել չկատարած հանցանքը։ Տիկնոջ կարծիքով՝ ոստիկաններին «գազազեցրել է» դատարանի վերջին որոշումը, երբ Վճռաբեկը Գագիկ Կարապետյանի օգտին որոշում է կայացրել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վճռաբեկ դատարանը արձանագրել էր Կարապետյանի նկատմամբ իրականացված խոշտանգումը։ 2017 թվականին ոստիկանության Ստեփանավանի բաժնում ոստիկանները ծեծել, ապա ատրճանակը լիցքավորելով ուղղել են Գագիկի ճակատին և սպանացել նրան։
Երկրորդ խոշտանգումը կատարվել է օրեր առաջ՝ հունիսի 12-ին, այս անգամ՝ ոստիկանության Տաշիրի բաժնում․
«Գագիկի երրորդ անգամվա խոշտանգումը չպետք ա օդում մնա»,- հայտարարում է մայրը։։
Սուսաննա Միրզոյանն արդեն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ինչպես ոստիկանությունում, այնպես էլ Հատուկ քննչական ծառայությունում։ Հայտարարում է՝ չի սպասելու, որ գործը քնեցնեն, «պայքարելու է ինչպես անօրինական գործ սարքելու, այնպես էլ իրենց նկատմամբ իրականացված բռնությունների դեմ»․
«32 տարեկան տղուս ինչ օրն են գցում աչքիս առաջ ու ուզում են մարսե՞լ։ Չի ստացվելու, պատասխան են տալու»։
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը Forrights-ի հետ զրույցում հայտնեց, որ խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում հունիսի 12-ին ոստիկանության Տաշիրի բաժանմունքում տեղի ունեցած դեպքերի առթիվ։ Ըստ Օհանջանյանի՝ հունիսի 17-ին տեղի ունեցածի վերաբերյալ այս պահին ոչինչ առկա չէ։
Կատարված բռնություններին արձագանքել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Forrights-ը կշարունակի հետևել իրադարձություններին։ Նորությունների դեպքում անպայման կհրապարակենք։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: