32-ամյա Գագիկ Կարապետյանը, ում խոշտանգման փաստն օրերս ճանաչեց Վճռաբեկ դատարանը, գոհ չէ վերին ատյանի որոշումից։ Պատճառը մեկն է՝ դատարանը չի արձանագրել կարևորագույն փաստը՝ արդար դատաքննության իր իրավունքը․
«Կոնվեցիայի 3-րդ հոդվածից՝ խոշտանգման փաստից բացի, իմ նկատմամբ չի իրականացվել արդար դատաքննություն։ Սկզբում նախաքննական մարմինները, հետո առաջին և Վերաքննիչ դատարաններն ուղղակի պատշաճ քննություն չիրականացրին մեր մասով։ Երկու անգամ գործը կարճել են՝ անհարկի հիմքերով․ իբր՝ սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները, բայց սուտ, չկա նման բան․․․ Հնարավորություններ կար, ուղղակի ցանկություն էր պետք»,- Forrights-ի հետ զրույցում իր վրդովմունք է հայտնում Կարապետյանը։
Լոռու մարզի բնակիչ Գագիկը 2017 թվականին Ստեփանավանի ոստիկանության բաժնում տեղի ունեցած դեպքերի մանրամասները դժվարությամբ է հիշում։ Պատճառաբանում է՝ ստացած վնասվածքներից հիշողությունը մի քիչ մթագնել էր։
Երեք տարի առաջ էր, երբ ընկերոջը՝ Ալբերտ Հակոբջանյանին էր տաքսով Ալավերդի ճանապարհում, նրանց է շրջափակել չորս քաղաքացիական մեքենա և կանգրեցրել։ Ավտոմեքենաներից իջել են մոտ 10 տղամարդ, որոնք թեև չեն ներկայացել, սակայն նրանց մոտեցումից հասկացվելեն, որ ոստիկանության աշխատակիցներ են․
«Գալիս մեքենայից ինձ հանում, գցում են գետնին ու քարշ տալիս փողոցում։ Վիճաբանություն ու ծեծկռտուք ա սկսվում, ընկերոջս բերման են ենթարկում, նոր ինձ թողնում։ Որոշ ժամանակ անց ես եմ գնում ընկերոջս հետևից բաժին, որտեղ մեզ պահում են յոթ ժամից ավել։ Էդ ընթացքում էլ ծեծ, էլ բռնություն ու հայհոյանքներ․․․Ինձ ա մոտենում ոստիկան Արմեն Իսրայելյանը զենքը հանում, լիցքավորում ու պահում ա ճակատիս։ Կողքից գալիս միջամտում զենքը ձեռքից վերցնում են ու մեզ նոր բաց թողնում»։
Հետագայում քննություն է կատարվում դեպքի առթիվ, սակայն, այստեղ ևս ուշագրավ փաստեր են առաջ գալիս։ Ինչպես պատմում է Գագիկը, երբ ինքը Ձերբակալվածների պահման վայրում էր գտնվում, նրան են այցելում նախկին վարչության պետն ու Ստեփանավանի նախկին ոստիկանապետը․
«Խոսակցության ժամանակ ինձ կաշառք են առաջարկում, որ երեք քրեական գործի մեղադրանք ընդունեմ ինձ վրա։ Ես հրաժարվում եմ ու էդ մասին էլ բարձրաձայնում, սակայն, կրկին ոչ պատշաճ քննություն ա կատարվում։ Որևէ իրավական գնահատական չի տրվում, թե նրանք որ իրավունքով են մուտք գործել ՁՊՎ և նման բան առաջարկել»,- նշում է Գագիկը։
Այս մասին նրանք բարձրաձայնում են ինչպես առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարաններում, սակայն քրեական հետապնդում չի իրականացվում, իսկ քրեական գործն էլ՝ կարճվոմ է։
Այնինչ տուժող կողմի ներկայացուցիչ Անի Չատինյանը բարձրաձայնում է՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի իրականացվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, չեն կատարվել այնպիսի գործողություններ, որոնք ուղղված կլինեին հանցագործությունը և մեղավորներին բացահայտելուն, ինչն էլ իր հերթին հանգեցրել է տուժողների իրավունքների և ազատությունների խախտման․
«Վարույթն իրականացնող մարմինը ձեռքի տակ ունենալով երկու անձի նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման մասին տվյալներ, դրանց համարժեք գնահատական չի տվել։ Ստորադաս դատարանների կողմից իրավական գնահատականի չի արժանացել այն հանգամանքը, թե արդյոք օրինական էր ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի և ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի մուտքը ոստիկանության Տարոնի բաժին: Չի քննարկվել նաև այն հարցը, թե արդյոք նշված անձինք իրավունք ունեին մուտք գործել ձերբակալված և կալանավորված անձանց պահման վայր»,- Forrights-ի հետ զրույցում նշում է Չատինյանը:
Վճռաբեկ դատարանը, հիմնվելով բերված բողոքի փաստական տվյալների վրա, արձանագրել է՝ ստորադաս դատարանները ենթադրյալ բռնություն կիրառելու դեպքերի առթիվ իրականացված քննության արդյունավետությունը գնահատելիս համակողմանի ուշադրության չեն արժանացրել գործի փաստական հանգամանքները։
Մասնավորապես, Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչի համատեքստում, դատարանները հաշվի չեն առել այն, որ` նախաքննության մարմինը «լուրջ ջանքեր» չի գործադրել հայտնաբերելու և հարցաքննելու ենթադրյալ բռնության գործադրմանն ականատես վկա` տուժողներին ուղեկցող տաքսի ավտոմեքենայի վարորդին այն դեպքում, երբ վերջինիս հայտնած տվյալները կարող էին վճռորոշ նշանակություն ունենալ գործի ելքի համար․
«Նախաքննության մարմնի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել անմիջապես մեկուսացնելու և հարցաքննելու ըստ ենթադրյալ զոհի` խոշտանգում կատարած կամ վատ վերաբերմունք դրսևորած ոստիկաններին։ Արդյունքում, ոստիկանների կողմից իրենց ցուցմունքները միմյանց հետ համաձայնեցնելու հնարավորությունը նվազագույնի հասցնելու պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել»։
Ըստ փաստաբանի՝ Վճռաբեկ դատարանը կարևոր նկատառում է կատարել, արձանագրելով այն հանգամանքը, թե ինչպես են նախկին վարչության պետն ու Ստեփանավանի նախկին ոստիկանապետը մուտք գործել ՁՊՎ․
«Դատարանը կոնկրետ գնահատականներով արձանագրել է, որ կատարած քննությունը արդյունավետ չի եղել, չեն ձեռնարկվել բոլոր քննչական և դատավարական գործողությունները, ինչը թույլ կտար բացահայտել խոշտանգման դեպքը; Այժմ, երբ գործը կրկին քննության է ուղարկվել, հույս ունենք, որ դատարանն այս կարևոր փաստերին մանրամասնորեն կանդրադառնա»։
Հատկանշական է, որ դատարանի որոշումից հետո, Գագիկի նկատմամբ կրկին խոշտանգում տեղի ունեցավ։ Հունիսի 12-ին, Տաշիրի ոստիկանության բաժնում երկու ոստիկան նրան ուժգին հարվածներ են հասցրել գլխի, մեջքի, ձեռքերի և ոտքերի շրջանում: Կատարված բռնության մասով Գագիկը հաղորդում է ներկայացրել Ոստիկանության Ստեփանավանի բաժին, սակայն դեռ արձագանք չկա։
Ըստ տուժողի, դեպքից հետո ամեն օր իրենց տան մոտ ոստիկանական մեքենաներ են շրջագայում՝ վախի մթնոլորտ ստեղծելով տան շուրջ։
Երկու օր առաջ Գագիկ Կարապետյանը երրորդ անգամ խոշտանգվեց Ստեփանավանի ոստիկանների կողմից, այս անգամ՝ իր սեփական բնակարանում։ Նրա հետ միասին բռնության ենթարկվեց նաև 56-ամյա մայրը՝ Սուսաննա Միրզոյանը։
«Ոստիկանության գործողությունները և՛ նախկինում, և՛ այժմ եղել են անօրինական։ Պետք է շտապ անհրաժեշտ գործողություններ ձեռք առնել»,- կատարվածը մեկնաբանում է փաստաբան Անի Չատինյանը։
Անպատժելիությունը նորանոր հանցագործություններ է ծնում: Հետհեղափոխական Հայաստանում ոստիկանական խոշտանգումնեերը շարունակում են անպատիժ մնալ:
Ռոզա Վարդանյան։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: