Մարտի 25-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է դատարան ընդդեմ քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի: Արայիկ Հարությունյանին  վիրավորավորել է քաղաքագետի կողմից անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած քաղաքագիտական քննարկումներից մեկի ժամանակ արված արտահայտությունն այն մասին, թե ինքը կաշառում է մարդկանց հարսանիքների և թաղումների ժամանակ: 

«Ամենամեծ թալանչին այնտեղի նախկին վարչապետն է, սաղ իրանն ա այդ երկիրը, — ասել է Մանվել Սարգսյանը ունկնդիրներին, — Տեսել է, վտանգավոր է, իրեն ասել են՝ էլ մարդկանց առնել չի կարելի, ունիկալ բան է գտել. ցուցակագրում է շտաբների միջոցով հետևում է, որտեղ ինչ հարսանիք  կա, թաղում, անձամբ գնում է հարսանիքի, բա մենք եկել ենք կենաց խմենք, մի քանի հոգի էլ հետը տանոմ ա: Նրանք էլ ասում են՝ մեր նախագահի կենացը, միլիոն դրամ գցում են գրպանը, գնում: Նույնն էլ թաղումներին՝ բա ստեղով անցնում էի, միլիոն դրամ գցում է, ու այդպես»:

Արայիկ Հարությունյանը պահանջում է, որ Մանվել Սարգսյանը հերքի իր խոսքը, ներողություն խնդրի և փոխհատուցի դատական ծախսերը:

Դեկտեմբերի 22-ին, երբ տեղի ունեցավ սեմինարը, Արցախի 10 տարվա վարչապետ, նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը հասարակ գործազուրկ էր, փողոցային խռովության հետրևանքով պետնախարարի պաշտոնը կորցրած: Սակայն արդեն հայտնի էր, որ նա պատրաստվում է առաջադրվել ապրիլին կայանալիք Արցախի նախագահի ընտրություններում:

Մարտին Արցախի դատարանը վերադարձրել է Արայիկ Հարությունյանի հայցը պատճառաբանությամբ, որ հայցային պահանջը ներկայցվում է այլ երկրի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու դեմ:

Ապրիլի 3-ին Հարությունյանի ներկայացուցիչը դիմել է վերաքննիչ դատարան, վիճարկելով վարչական դատարանի որոշումը, որին դատարանը անդրադարձել ու վարույթ է ընդունել միայն ապրիլի 16-ին, երբ Արայիկ Հարությունյանը արդեն Արցախի նախագահն էր: Ապրիլի 22-ին վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի որոշումը: Հուլիսի 3-ին Արցախի առաջին ատյանի դատարանում առաջին նիստն է նշանակված ՀՀ քաղաքացի Մանվել Սարգսյանի գործով:

Հատկանշական է, որ մինչդատական այս ողջ գործընթացի մասին քաղաքագետը տեղեկացել է միայն, ինչպես ինքն է ասում՝ հունիսի 4-ին, երբ Արցախի վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու օրենքով սահմանված ժամկետն արդեն անցել էր: 

«Ես հիմա պատրաստվում եմ բողոք ներկայացնել Արցախի վճռաբեկ դատարան, քանի որ իմ իրավունքները խախտված են, ինձ չեն էլ տեղեկացրել, ոչ հայցի, ոչ էլ առաջին ատյանի որոշման մասին», — ասաց Մանվել Սարգսյանը Forrights.am-ի հետ զրույցում: Նա փաստաբան չունի:

Մեր հարցին, թե արդյոք մասնակցելու է դատական նիստերին, պատասխանեց.

 «Իհարկե, մասնակցելու եմ: Արցախում դատարան չկա, բայց այս ամբողջ ապօրինությունների մասին պետք է հայտնի դառնա: Այս ամենը վերաբերում է ոչ միայն ինձ, վաղը Հայաստանի ցանկացած քաղաքացու կարող են ներգրավել այսպիսի անօրինական գորընթացների մեջ»: Նա աբսուրդային ու հակաօրինական է համարում իրավիճակը, երբ մի երկրի քաղաքացին պատասխան է տալիս այլ երկրի դատարանի առաջ: «Ենթադրենք, մեկին էլ Վրաստանում, կամ Օսեթիայում ինչ-որ բան դուր չի եկել այդ երկրներում անցկացրած սեմինարներից, և ի՞նչ, պետք է տանեն ուրիշ երկրի դատարա՞ն այդ քաղաքացիներին»:

Այս գործի մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը արտահայտվել է մամուլի ասուլիսի ժամանակ, երբ արդեն մի քանի օրվա նախագահ էր: «Նախընտրական փուլում եղել են շատ վիրավորանքներ, որ պատրաստվում էի դիմել դատախազություն, դատարան, բայց մտափոխվել եմ, և կոնսոլիդացիայից, համախմբվածությունից ելնելով, հետ եմ կանչել, իհարկե, բացի  մի հայտարարությունից, որը հայտարարել է ոչ Արցախի քաղաքացի, անունը չեմ ուզում տալ, — ասել է Արայիկ Հարությունյանը, — Հիմար-հիմար արտահայտություններ, բառիս բուն իմաստով՝ թաղումներին միլիոններ ենք տալիս, հարսանիքներին միլիոններ ենք տալիս, մի փոքր ռեպորտաժ կլինի շուտով, որ երևա, թե նա ով է և ընդհանուր առմամբ մարդ կոչվելու առումով կարող է ունեցել է լավ անցած ճանապարհ, բայց պետք է պատվով ապրել մինչև կյանքի վերջ»:

Քաղաքագետը համոզված է, որ այդ ռեպորտաժը պատրաստվել էր Արցախի նախագահի պատվերով և նկարահանվել է իրեն գաղտնի հետևելու արդյունքում: Ռեպորտաժում, որը ցուցադրվեց, երևում է, թե իբր քաղաքագետը սիգարետ է նետում ցայտաղբյուրի մեջ: Սա միակ «կոմպրոմատն» է, որը հաջողվել է հավաքել Մանվել Սարգսյանի դեմ: Հետո հայտնվեց նոր ռեպորտաժ, որում պարզ երևում է այն, ինչ Հարությունյանի «ագենտները» ցույց չէին տվել՝ աղբամանը, որը ցայտաղբյուրի կողքին էր և որտեղ իջևանել էր քաղաքագետի սիգարետը: Այսպիսի բուռն փոխհրաձգություններ են եղել այս վեճում մինչև դատարան հասնելը:

Մանվել Սարգսյանը համոզված է, որ Արայիկ Հարությունյանին խոցել է ոչ այնքան իր հասցեին հնչած վիրավորանքը, որքան այն հանգամանքը, որ ինքը պաշտպանել է Հարությունյանի մրցակցին, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին: «Այս տականքը, որը նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի կողմնակիցներից է համարվում, որոշել է իր ձևով աջակցել իր թեկնածուին: Ամոթ:»,- գրել է ֆեյսբուքյան իր պատին Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հարսանիք-թաղումներին Արայիկ Հարությունյանի բաժանած  միլիոնների մասին հայտարարությունից անմիջապես հետո:

Մանվել Սարգսյանը պնդում է սակայն, որ իրեն հետաքրքրել են ոչ թե անձերը, այլ քաղաքական իրավիճակը. «Ես հետազոտել եմ իրադրությունը և 6 հոդված եմ գրել Արցախի նախագահական ընտրությունների մասին:

Մենք կապվեցինք Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանի հետ: Արայիկ Հարությունյանը բազմաթիվ բողոքներ ուներ, բայց ինչու բոլոր բողոքներից հրաժարվեց ու միայն քաղաքագետ Մանվել Սարգսյանի դեմ հայցից չհրաժարվե՞ց, ի վերջո, նա վերլուծաբան է, և իր դատողությունն է արել: Մեր այս դիտարկմանը խոսնակը պատասխանեց.

«Երբ քննադատում ես մարդուն կոռեկտության ու էթիկայի սահմաններում, որևէ խնդիր չկա, բայց Մանվել Սարգսյանը, օգտագործելով իր հանրային դիրքը, ոչ կոռեկտ արտահայտություններ է թույլ տվել և զրպարտություն է կատարել: Քաղաքագետը պետք է իր ասածի համար սոցիալական պատասխանատվություն կրի»:

Բայց դուք էլ իր մասին էիք գրել «տականք», դա էթիկայի սահմաններո՞ւմ է: «Հետո ես առաջին քայլը արեցի ու հեռացրեցի իմ գրառումը, իսկ Մանվել Սարգսյանը իր այդ տեսանյութը չջնջեց, այլ շարունակեց իր քննադատությունների շարքը», — պատասխանեց Վահրամ Պողոսյանը Forrights.am-ին:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest