Դատավոր Ազարյանի կարգապահական վարույթի շրջանակներում որպես վկա կհարցաքննվի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը

0
77

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու աղմկահարույց միջնորդությունն այսօր Բարձրագույն դատական խորհրդում ներկայացրեց անձամբ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Մինչ վարույթին անցնելը, ինչպես և սպասելի էր, ինքնաբացարկ հայտնեց ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը։ Նա բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվում Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի հետ, հանդիսանում է նաև փաստաբանի տղաներից մեկի քավորը։ Մակյանը հենց այս պատճառաբանությունը խնդրեց հիմք համարել ինքնաբացարկի․

«Անկողմնակալ դիտորդի մոտ կարող է կասկածի տակ դրվել իմ՝ որպես ԲԴԽ անդամի անաչառությունը դատավոր Ազարյանի գործի քննությունն իրականացնելիս, հետևաբար խնդրում եմ ընդունել ինքնաբացարկս»,- նիստի մեկնարկին իր խոսքում նշեց դատավոր Մակյանը։

Խորհուրդը, սակայն, որոշում կայացրեց մերժել այն: Րոպեներ անց ինքնաբացարկ ներկայացրեց մյուս անդամը՝ Հայկ Հովհաննիսյանը։ Նա պարզաբանեց, որ ԲԴԽ հանձնախումբը՝ անդամներ Մեսրոպ Մակյանի, Գրիգոր Բեքմեզյանի և Անի Մխիթարյանի կազմով, այլ գործով իրեն ևս մեղադրում են վարքագծային խախտումներ թույլ տալու մեջ․

«Ողջամիտ և տեղեկացված դիտորդի մոտ կարող է ծագել հարց, թե որքանով է բարոյապես ճիշտ, որ ես դատավոր հանդիսանամ մի գործով, որտեղ կան առերեւույթ նմանություններ ԲԴԽ հանձնախմբի կողմից ինձ մեղսագրվող խախտումների և սույն գործով դատավոր Ալեքսանդր Ազարյանին մեղսագրվող ենթադրյալ խախտումների միջև»,- նշեց Հովհաննիսյանը հավելելով, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն իր ընկերն է, ուստի սա ևս կարող է անկողմնակալության հիմք հանդիսանալ։

Ռուստամ Բադասյանը նշեց, որ վարույթների նմանությունները ինքնաբացարկի հիմք չեն կարող լինել, սակայն ՀՔԾ պետի հետ ընկերական հարաբերությունները հիմնավորությունն են մտցնում այս հարցում: Տիգրան Աթանեսյանը համաձայնվեց նախարարի հետ․

«Մենք պատրաստվում ենք որպես վկա հրավիրել և հարցաքննել Սասուն Խաչատրյանին, և, իմ կարծիքով, հաճելի չէ հարցաքննել սեփական ընկերոջը»,- ասաց նա:

ԲԴԽ անդամները հարցեր չհղեցին Հայկ Հովհաննիսյանին և հեռացան խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այս անգամ ևս խորհուրդը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։

Ի վերջո կարգապահական վարույթի միջնորդությամբ հանդես եկավ Ռուստամ Բադասյանը։ Նախարարի կարծիքով, դատավոր Ազարյանի կողմից թույլ է տրվել Դատական օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնների խախտում, ի պաշտոնե գործելիս դրսևորել անհարգալից ու անբարեկիրթ վերաբերմունք դատավարության մասնակցի և վերջինս վերադասի նկատմամբ, ինչը կողմնակալության կամ խտրականության տպավորություն է ստեղծել։

Հիշեցնենք, որ կարգապահական վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է՝ դատավոր Ազարյանի կողմից։

«Դատարանը պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի դատավարության կողմերի, ցանկացած այլ անձի նկատմամբ ի պաշտոնե գործելիս։ Ցանկացած գործողությամբ, վարքագծով, որոշմամբ դատավորը պետք է երրորդ դիտորդի մոտ չթողնի կողմնակալության տպավորության։ Մեր կարծիքով, արտահայտությունը, մասնավորապես՝ «հույս ունեմ, որ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին», վիրավորական, ոչ հարգալից են քննիչի, ընդհանրապես քննչական ծառայության և տվյալ քննչական ծառայության վերադասի մասով»,- միջնորդության հիմքում նշեց Բադասյանը։

Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանն ի պատասխան ասաց՝ միջնորդության մեջ երկու խախտում է մեղսագրվել, ապա խնդրեց մատնացուց անել ՀՀ Դատական օրենսգրի այն դրույթները, որը թույլ է տալիս դուրս գալ հաղորդման շրջանակից և դատավորին կարգապահական վարույթի ընթացքում մեղսագրել ևս մեկ խախտում։

«Խորհրդի անդամներին կփորձեմ ապացուցել, որ ինչպես իմ նկատմամբ կարգապահական վարույթ ներկայացրած պարոն Խաչատրյանը, այնպես էլ պարոն նախարարը՝ վարույթ հարուցելու պահի դրությամբ, դատական նիստի արձանագրությանը ծանոթ չեն եղել»,- հայտարարեց Ալեքսանդր Ազարյանը։

Տիգրան Աթանեսյանը խնդրեց մեկ-երկու ժամով հետաձգել նիստը՝ ելույթն ավելի հիմնավոր ներկայացնելու համար։ Ընդմիջումից վերադառնալուց հետո, սակայն, նիստը չշարունակվեց։ ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը չկարողացավ ներկայանալ նիստին, ինչի պատճառով այն մեկ շաբաթով հետաձգվեց։

«ՀՔԾ-ին առիթ է պետք, որ իրենց վարույթում քննվող քրեական գործերը չքննի դատավոր Ալեքսանդր Ազարյանը»,- արդեն լրագրողների հետ զրույցում ասաց Ազարյանը։ Հարցին, թե արդյո՞ք նա որևէ խնդիր ունի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ, Ազարյանը պատասխանեց.

«Ես չունեմ, չունեի։ Այս պահի դրությամբ էլ կարծես, թե չունեմ։ Խնդիր ունեմ այն անձանց հետ, ովքեր ինձ ձեռնոց են նետում և ինձ համար խնդիրներ են առաջացնում»,- ասաց նա՝ չնշելով, թե ում նկատի ունի։

Նրա խոսքով՝ վերջին ժամանակահատվածում ՀՔԾ բոլոր քննիչներն անխտիր իրենց պարտքն են համարում ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։ Հարցին, թե արդյոք դա ՀՔԾ պետի հրահանգն է, Ազարյանն ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին։

«Իմ գործն ուղիղ և շիտակ է։ Ես արդարադատություն եմ իրականացնում՝ անկախ նրանից, այդ արդարադատությունը ում դուրը կգա, ում դուրը չի գա։ Սա է ամբողջ խնդիրը։ Պետք է հասնել այն մակարդակին, որ արդեն հանրությունը, առաջին հերթին իշխանությունը պետք է հասկանա, որ դա է դեմոկրատիայի սկզբունքներից մեկը»,- նշեց Ազարյանը։

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here