Ֆրանսիացի բժիշկները Հայաստանում են

223

Ֆրանսիայից մի խումբ բժիշկներ հատուկ չվերթով ժամանել են Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն ցույց տալու ՀՀ առողջապահական համակարգին: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Սփկուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Նշվում է, որ նրանք վաղ առավոտից լինելու են կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում: «Սա օտարերկրացի բժիշկների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն է, որն իրականություն դարձավ մեր գրասենյակի, USAID-ի և Առողջապահության նախարարության սերտ համագործակցությամբ: Ֆրանսիայում համավարակը հաղթած բժիշկների մեծ մասն առաջին անգամ են Հայաստանում, և վստահ են՝ ներդնելու են իրենց ողջ փորձն ու գիտելիքները մարդկային կյանքեր փրկելու պատասխանատու առաքելության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի պրոֆեսիոնալ բուժաշխատողներն առաջիկա օրերին գործունեություն կծավալեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում: Օրերս կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին հայտնել են Լիտվան, Վրաստանը, Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը։