Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին միջնորդությունը կքննվի հունիսի 18-ին։ Այս մասին Forrights-ը տեղեկանում է Բարձրագույն դատական խորհրդի որոշումից։
Այս պահին դեռևս անհայտ է՝ նիստը դռնբա՞ց է լինելու, թե՞ ոչ։ Օրեր առաջ, սակայն, դատավոր Ազարյանը Forrights-ի հետ զրույցում հայտնել էր, որ իր ցանկությամբ նիստը դռնբաց է լինելու՝ «որպեսզի բոլորի համար պարզ լինի իրականությունը»:
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է:
Ալեքսանդր Ազարյանը, սակայն, հրաժարվեց որևէ դիրքորոշում հայտնել, այնինչ նրա ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը համոզված է՝ դատավորը պարզապես թիրախավորվել է իշխանությունների կողմից։
Հիշեցնենք, որ տեղեկությունների համաձայն, կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումն Արդարադատության նախարարություն է ներկայացրել ՀՔԾ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանը։ Հենց նրա վարույթում են քննվել Քոչարյանի և Թավադյանի քրեական գործերը։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: