Այս ամենը դեժավյուի տպավորություն է թողնում, իշխանությունն ուղղակի չի հանդուրժում այլակարծություն, գործում է նույն մեթոդներով, նույն ձեռագրով:

Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով այս պահին ԲՀԿ-ական այլ պատգամավորների հետ գտնվում է Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ:Նշենք, որ ԱԱԾ-ն այս պահին խուզարկություն է իրականացնում Ծառուկյանի առանձնատանը:

«Այստեղ այս պահին ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում, մեզ հասած տեղեկություններով 2017 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վազգեն էր անունը, ազգանունը չեմ հիշում, Մարտունիում մեծամասնականով առաջադրված թեկնածու, իբր այդ թեկնածուի հետ ընտրությունների ժամանակ ինչ-որ ֆինանսական խնդիրներ են եղել, գումար է տվել, ինչ է արել, խուզարկություն իրականացնողները չկարողացան անգամ հստակ բացատրել:

Այս ամենը դեժավյուի տպավորություն է թողնում, այս պահին մեր բազմաթիվ կուսակցականների համակիրների տներում ԱԱԾ աշխատակիցներ են գտնվում, այս իշխանությունը ուղղակի չի հանդուրժում այլակարծություն, գործում է նույն մեթոդներով, նույն ձեռագրով, պատկերացնում եք աբսուրդը, ինչ են պեղել:

Կրկնվում է նույն պատմությունը, ինչ որ 2015 թվի ժամանակ, որեւէ տարբերություն չկա: Եթե կարծիք արտահայտելու համար անցնում են այսպիսի ոստիկանական ռեպրեսիաների, ապա իմ կողմից արդեն իսկ տեղեկացված են բոլոր միջազգային կառույցները, դեսպանատները»,-ասաց Զոհրաբյանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ հավելեց,որ սա բռնապետություն է, քաղաքական հետապնդում է եւ կոչ արեց միջազգային իրավապահ կառույցներին ուշադրություն դարձնել այս գործընթացներին:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest