Բանտ, արդարացում և կրկին բանտ. Ալավերդու վրեժի շղթան և դատավորները

0
153

Օրերս ՀՀ վճռաբեկ դատարանը 6 տարի առաջ տեղի ունեցած սենսացիոն հանցագործությանն առնչվող որոշում է ընդունել՝ հանցագործության, որի մասին ժամանակին գրել են գրեթե բոլոր հայաստանյան լրատվամիջոցները:

2015 թվականի հոկտեմբերի 11-ին Ախթալա քաղաքի կամրջի վրա կրակոցներ հնչեցին Ալավերդի քաղաքում հեղինակություն վայելող Վահագն Աբգարյանի ավտոմեքենայի ուղղությամբ: Կրակողը 36-ամյա Վարդան Անտոնյանն էր, որը դատվեց մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար:

Կրակոցներն այս արյան վրեժի շղթայի մի օղակն էին: Խմբավորումներից մեկը գլխավորում է «Լալվար» քարի արտադրամասի տեր, «Սթրոնգ Սթոուն գրուպ» ՍՊԸ տնօրեն Տարոն Աբգարյանը: Ըստ գործի նյութերի, Վարդան Անտոնյանին հենց այդ արտադրամասից են մեքենայով հասցրել Ախթալայի կամուրջ՝ փաստ, որը չեն ընդունում քարի արտադրամասի տերերը: Իսկ մյուս խմբավորումը ղեկավարում է գործարար, «Սանահին բրիջ» հյուրանոցի սեփականատեր Վահագն Աբգարյանը՝ Ալավերդու Վահագը, որն այժմ այլ գործով ամբաստանյալի կարգավիճակ ունի:
Այն ժամանակ քննությամբ ապացուցված համարվեց, որ Անտոնյանը ցանկացել է կյանքից զրկել Վահագն Աբգարյանին: Անտոնյանին մեղադրանք էր առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքում սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու համար:

Տեսնելով, որ Վահագն Աբգարյանին պատկանող «Համերը» և նրա ընկերոջը՝ Արթուր Մնացականյանին պատկանող «Նիսան Տիանա 280JK» մակնիշի ավտոմեքենաները, նա, չիմանալով, որ ավտոմեքենայում Աբգարյանը չէ, այլ նրա ընկեր Էդուարդ Պողոսյանն է, կրակոցներ է արձակել մեքենաների ուղղությամբ, սակայն փամփուշտները դիպչել են ճամփեզրի ժայռաբեկորներին: Ինչո՞ւ է կրակել:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրիկ Բաղդասարյանի այս հարցին Անտոնյանը պատասխանել էր, որ Աբգարյանի թիկնապահներ Էդուարդ Պողոսյանն ու Վարդան Ավագյանն իրեն դարանակալել ու ծեծել են, ահաբեկել են, և ինքը որոշել էր վախեցնել նրանց: Սակայն պատճառաբանությունները դատարանին համոզիչ չէին թվացել:

Զոհ, փաստորեն, չկար: Տուժողները՝ Աբգարյանն ու ընկերը, դատարանում հայտարարեցին, որ չեն էլ լսել կրակոցները: Բայց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը դաժան պատիժ սահմանեց մեծերի խաղում փոքր ֆիգուր հանդիսացող Անտոնյանի համար՝ 2018 թվականի սեպտեմբերին 13-ին դատապարտելով նրան 13 տարվա ազատազրկման:
Մեկ տարուց, արդեն 2019թվականի մարտի 25-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը մասնակի բավարարելով Անտոնյանի փաստաբանների բողոքը, նրան ազատ արձակեց դատարանի դահլիճից:

Անտոնյանի պաշտպան Լուսինե Սահակյանը վերաքննիչ բողոքը մասնավորապես հիմնավորել էր նրանով, որ կրակոցների ուղղությամբ չի եղել բնակելի տարածք, չեն եղել մարդիկ, հետևապես բացառվում է կյանքի համար վտանգավորությունը:

Դատավոր Ռուզաննա Բարսեղյանը որոշեց, որ կրակելով մեքենաների վրա, Անտոնյանը նպատակ է ունեցել պարզապես վախեցնել Աբգարյանին ու ընկերոջը: Դատարանի դահլիճում Վարդան Անտոնյանը հայտարարեց, որ կրակել է, վստահ լինելով, որ մեքենաները զրահապատ են, և դատավոր Ռուզաննա Բարսեղյանը նրան հավատացել է ու Հայաստանի դատական պրակտիկայում աննախադեպ որոշում ընդունել: Սա առաջին դեպքը եղավ, երբ 13 տարվա ազատազրկման դատապարտված անձը արդարացվեց ու ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Ալավերդին զարմացած էր՝ 13 տարին «թափեցին»: Աբգարյանի կողմնակիցները Անտոնյանի ազատմամբ անհանգստացած էին: «Լավ հետևանքներ չեն լինելու, Անտոնյանը շատ բան գիտի: Բա որ հանկարծ նրա հետ մի բան անեն ու մեզ վրա դնեն՞», — ասել էր նրանցից մեկը Forrights.am-ին:

Մարդիկ իրավունք ունեին անհանգստանալու, որովհետև Ախթալայի կամրջի կրակոցներից կարճ ժամանակ անց 2016 թվականի մայիսի 19-ին գիշերը սպանվել էր Ալավերդցու թիկնապահ Վարդան Ավագյանը, իսկ մյուս թիկնապահը՝ Էդուարդ Պողոսյանը, ծանր վիրավորումով տեղափոխվել հիվանդանոց և այնտեղ մահացել էր: Ոստիկանությունը մինչ օրս փնտրում է Ալավերդու բնակիչ Վարդան Փիրուզյանին, որը փախուստի մեջ է:

2017 թվականի սեպտեմբերի 15-ին էլ Թուֆենկյան հյուրանոցի մոտ Վահագն Աբգարյանի դեմ կրկին մահափորձ կազմակերպվեց: Սպանվեց նրա թիկնապահ Գագիկ Մոսինյանը, իսկ Աբգարյանը վիրավորվեց:

2017 թվականի հունիսի 13-ին Ալավերդու «Կատա» սուպերմարկետի մոտ էլ 26-ամյա երիտասարդ Վլադ Դավթյանը սպանեց Վարդան Փիրուզյանի եղբորը՝ Կամո Փիրուզյանին, ապա ներկայացավ ոստիկանություն և խոստովանեց արարքը: Այս գործով Վահագն Աբգարյանին մեղադրեցին պատվերով սպանության մեջ: Դատաքննությունը չի ավարտվել:

Եւ ահա, մայիսի 26-ին, բավարարելով դատախազության վճռաբեկ բողոքը, դատավոր Սամվել Օհանյանը բեկանեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և օրինական ուժ տրվել Լոռու մարզի առաջի ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. սեպտեմբերի 13-ի դատավճռին: Որոշվեց, որ Վարդան Անտոնյանը պետք է կրկին արգելանքի վերցվի:

Սակայն Անտոնյանը, ըստ Ալավերդու մեր աղբյուրի, Հայաստանում չէ: Արդյո՞ք Անտոնյանը փախուստի է դիմել, արդյո՞ք հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ: Մեր այս հարցերին պատասխանելով, գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ասաց. «Քանի որ ոստիկանության գործառույթն է դատական ակտի պահանջների կատարումը, վճռաբեկ դատարանի որոշման եզրափակիչ մասի հրապարակումից անմիջապես հետո ՀՀ դատախազությունը գրությամբ այդ մասին տեղեկացրել է ոստինաւթյանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա Վարդան Անտոնյանին արգելանքի վերցնելու խնդիրը լուծելու նպատակով: Այդ գրության պատասխանը դեռևս չենք ստացել»:


Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here