2019թ․ մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշավորությամբ ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է։ Նման որոշում է կայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը։

Որոշման եզրափակիչ մասում, մասնավորապես, ասվում է․

«Դավիթ Մարատի Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով և Գոռ Տիգրանի Վարդանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործով վարույթը կարճել` հանցակազմի բացակայության հիմքով: Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին վերացնել: Վերացնել նաև նրանց նկատմամբ ՀՀ սահմանը հատելու արգելքը այդպիսին կիրառված լինելու դեպքում:

Իրեղեն ապացույց ճանաչված թիվ ԵԴ/0428/11/18 և թիվ ԵԴ/0483/13/18 դատական գործերով դատական նիստերի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի արձանագրությունները, որոնք գտնվում են նույն համարների դատական գործերում, և ապացույց ճանաչված «DELL» և «hp» գրառումներով համակարգիչները հանձնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի պատասխանատուին: Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան ստանալու պահից մեկամսյա ժամկետում»։

Հիշեցնենք, որ Գրիգորյանի լիազորությունները 2019-ի հուլիսի 29-ից կասեցվել էին։ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Սերգո Փանոսյանի բողոքի և ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Երևանի բաժնի պետի միջնորդության վերաբերյալ իր վարույթում քննված դատական գործերով, անձնական դրդումներով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում։

Pin It on Pinterest