2019 թվականի հունիսի 29-ին, երբ ուժի մեջ մտավ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, 43 ցմահ դատապարտյալ միջնորդագիր  է ներկայացրել Տեղաբաշխման հանձնաժողով՝ պատժի կրման ռեժիմի փոփոխման խնդրանքով։

Այդ դիմումների հիման վրա 14 ցմահ դատապարտյալ փակ տիպի ուղղիչ հիմնարկից տեղափոխվել է կիսափակ, ևս 14-ը՝ կիսաբաց և միայն մեկն է այս պահին բաց ռեժիմում։ Վերջինս 26 տարի անազատության մեջ գտնվող Արսեն Արծրունին է։

Այս մասին Forrights-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են Քրեակատարողական ծառայությունից․

«Ներկայացված դիմումներից բավարարվել է 29-ը, մերժվել՝ 11-ը և միայն 3-ն է, որ այս պահին գտնվում է քննարկման փուլում»,- հավելում են ծառայությունից։

Պատկերը, սակայն, շարունակում է անորոշ մնալ ներում խնդրող ցմահ դատապարտյաների դեպքում։ Երկու տարի առաջ «Ներման մասին» օրենքում փոփոխություններ կատարվելուց հետո, ցմահների մոտ նոր հույս էր արթնացել ինչ-որ ժամանակ անց կրկին ազատության մեջ հայտնվելու համար։ Այնինչ, պատկերն այստեղ անփոփոխ է․

«2018 թվականի մարտի 7-ին «Ներման մասին» ՀՀ օրենքն ընդունելուց հետո, ցմահ ազատազրկման դատապարտված թվով 24 դատապարտյալ ներման խնդրագիր է ներկայացրեց, որոնցից ոչ մեկը չի բավարարվել»,- Forrights-ին է տեղեկացնում ՔԿԾ-ն, սակայն չի ներկայացնում մերժման հիմքերը։

Գրեթե նույն տխուր պատkերն է նաև պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դեպքում։ Անկախ Հայաստանի տարիներից ի վեր՝ վաղաժամկետ ազատ է արձակվել հինգ ցմահ դատապարտյալ, որոնցից երկուսը՝ Սողոմոն Քոչարյանը և Վահագն Մարուքյանը, հիիվանդության հիմքով։

Forrights-ը զրուցել է վերջերս պայմանական վաղաժամետ ազատ արձակված Ստեփան Գրիգորյանի հետ, ով անազատության մեջ է անցկացրել ավելի քան 25 տարի։ Նա այն քիչ դատապարտյալներից է, ով ցմահ ազատազրկման էր ենթարկվել հասուն տարիքում՝ 32 տարեկանում։ Սակայն, անգամ այդ ժամանակ էլ անգամ ցավով է հիշում ինչպես ձերբակալման, այնպես էլ մահապատժի և ազազատության մեջ եղած ժամանակները․

«Ձերբակալումը մի ահավոր, սարսափելի բան էր։ 8 օր մի ոստիկանական բաժանմունքում էի, մի այդքան էլ՝ Վեցերորդ, հետո 15 օր Քաղաքային վարչություն տարան։  Ամեն տեղ յուրովի էին ծեծում ու խոշտանգում։ Գետինն էի քնում, ձեռնաշղթաները գիշերը սեյֆին էր կապած, ցերեկը՝  պառավոյներին։ Էդ տարիներին մտնում էիր ոստիկանություն՝ դու մարդ չէիր արդեն, քաոս էր ուղղակի․․․ Չգիտեիր՝ թուրքի՞ ձեռքն ես ընկել, թե՞ ադրբեջանցու»,- տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերն է հիշում Ստեփանը։

Նա ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով մահապատժի էր դատապարտվել 1997 թվականի տարեվերջին՝ սպանությանը մասնակից լինելու համար։ 2003-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով 43 դատապարտյալների, այդ թվում Ստեփան Գրիգորյանին ներում է շնորհվել և մահապատիժը փոխարինվել ցմահ ազատազրկմամբ:

Ստեփանն այն ցմահ դատապարտյալներից է, ով ինքն իր ազատության համար հրապարակայնորեն ամենաշատն էր պայքարում։ 2017 թվականից նա սպասում էր պայմանական վաղաժամկետ ազատմանը, սակայն այն ձգձգվում էր ու պարբերաբար մերժվում ինչպես Քրեակատարողական ծառայության, այնպես էլ դատարանների կողմից։ Ի վերջ, երջանիկ օրը եկավ միայն այս տարի ապրիլի 29-ին, երբ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանի որոշմամբ Գրիգորյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց․

«Քրեակատարողական․․․Պրոբացիա․․․բոլորն իմ վերաբերյալ դրական բնութագրեր էին ներկայացրել։ Մի շարք պագամավորներ ու հասարակական գործչներ երաշխավորագրեր էին գրել և բերել դատարան։ Նրանք բոլորը վստահ էին իմ պատշաճ վարքագծի վերաբերյալ, գիտեին, արդեն հասցրել էին ճանաչել ինձ և իմ տեսակը։ Անգամ մի պատգամավոր ինձ հետ բանտում տեսակցելուց հետո, զարմացել էր, ասում էր՝ դու ի՞նչ գործ ունես էստեղ, քո նման մարդն ինչի՞ պետք ա ճաղերի հետևում լինի»։ 

Ազատության մեջ հայտնվելուց հետո անգամ Ստեփանը չի մոռանում իր բախտակից ընկերների մասին։ Նա ջերմորեն է հիշում խցակցին՝ ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանին, ում հետ, իր խոսքով՝ մի ամբողջ կյանք է անցկացրել։

Արթուրի և մյուսների համար Ստեփանը մի շարք առաջարություններ է ներկայացրել պատգամավորներին, ովքերք խոստացել են դրանք քննարկել Ազգային ժողովում․

«Ամենակարևորը, առաջարկել եմ, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետո, դատապարտյալները ոչ թե տասը տարի մնան հսկողության տակ, այլ՝ հինգ։ Այդ տարիներից առաջին երկուսն էլ մնան խիստ ռեժիում, մնացածի համար,  թող աշխատավայրի ղեկավարը դիմում և բնութագիր ներկայացնի տվյալ անձնավորության վերաբերյալ դատարան, որն էլ այդ ավելորդ բեռ տարիներն կհանի դատապարտյալի վրայից և վերջնական ազատ կարձակի»,- մանրամասնում է նախկին ցմահ դատապարտյալը։

Ստեփանի համար անընդունելի է նաև այն հանգամանքը, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու ժամանակ մեծ դեր է խաղում նաև Դատախազության կարծիքը։ Ըստ նրա՝ նման դերակատարումն անընդունելի է․

«Դատախազությունն այդ հարցում ընդհանրապես պետք է գործ չունենա։ Թե չէ հիմա հիմնարկը ներկայացնում է դատապարտյալներին, նրանց վերաբերյալ տալիս դրական բնութագիր, Պրոբացիան աշխատում ա ցմահի հետ, ճանաչում, կրկին դրական բնութագրով ներկայացնում, Դատախազությունը բռնում ու առարկում ա։ Ախր ինչի՞, դու ճանաչո՞ւմ ես էդ մարդուն․․․Այս մասին էլ եմ ներկայացրել պատգամավորներին, հուսամ՝ ընթացք կտրվի»։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest