Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անցած շաբաթ հրապարակեց իր խորհրդատվական կարծիքը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի լույսի ներքո, այն է՝ չկա պատիժ առանց օրենքի, դրա կիրառման վերաբերյալ:

Պատասխանելով Մարտի 1-ի գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող թերևս ամենակարևոր հարցին՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածին, ՄԻԵԴ դատավորները նշել են՝ գնահատական տալու համար պետք է հաշվի առնել գործի կոնկրետ հանգամանքները, այլ ոչ թե դրա վերաբերյալ կատարվի վերացական մեկնաբանություն։

Ըստ էության, գլխավոր հարցը վերաբերում էր օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքին, մասնավորապես, թե հանցանքի կատարման պահին և դրանից հետո փոփոխված օրենքների համադրման համար ի՞նչ չափորոշիչներ կան։

Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն իր հերթին պնդում է՝ սա այն է, ինչ իրենք են ներկայացրել ՄԻԵԴ դիրքորոշման ժամանակ։ Փաստաբանը շեշտում է՝ Եվրոդատարանի կարծիքից ուղղակիորեն բխում է, որ դատավորը հենց դատաքննության ժամանակ պետք է որոշի՝ արդյո՞ք Քոչարյանին մեղսագրվող հոդվածն ունի հետադարձ ուժ, թե ոչ.

«Եվրոպական դատարանը նշել է, որ հետադարձ ազդեցության կապակցությամբ կա բավական հարուստ դատական և անդամ պետությունների պրակտիկա, որը կարելի է ուսումնասիրել, ինչն այս պահին բավական օգտակար կլինի: Այդ կապակցությամբ ևս դատարանը, ներկայացված հարցին առ այն, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանին 300.1 հոդվածով առաջադրված մեղադրանքը կարող է հակասել կոնվենցիայի 7-րդ հոդվածին, պատասխան չի տալիս, որովհետև այդ պատասխանը կլինի չափազանց աբստրակտ: Հարցին պետք է պատասխանի ազգային դատարանը, որը քննում է կոնկրետ գործը»,- նշում է Եգորյանը։

Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանական խումբը, այնինչ, հակառակն է վստահեցնում՝ Ստրասբուրգի դատարանն արձանագրել է հենց իրենց պնդումները։ Ըստ փաստաբան Արամ Վարդևանյանի, ՄԻԵԴ-ը սահմանել է, որ Սահմանադրության նորմերը, եթե հղում են տրվում քրեական օրենսգրքի միջոցով, պետք է լինեն հստակ և կանխատեսելի, այդ թվում՝ հանցակազմի տարրերի տեսանկյունից․ «Այդպիսի բլանեկտային նորմի ձևակերպումը չի կարող լինել այնպես, որ արարքի շրջանակը ընդլայնվի»․

«Մեր դիրքորոշումը մշտապես եղել է նրա մասին, որ 300.1-ը չունի այդ հստակությունը և կանխատեսելիությունը, այդ թվում արարքի շրջանակի մասով, և չի էլ կարող ունենալ: Հոդվածի բլանկետային նորմերը՝ Սահմանադրության հոդվածները, 2015 թվականին փոփոխության են ենթարկվել՝ հանրաքվեի միջոցով, փաստացի բացառելով դրա հստակությունը, կայունությունը և կանխատեսելիությունը 2008 թվականի ենթադրյալ արարքի մասով: Դատարանն արձանագրել է, որ հետադարձ ուժի միասնական կանոն առկա չէ, սակայն միշտ կարևորություն է տվել ներպետական դատական պրակտիկային: ՄԻԵԴ-ը նշել է նաև, որ հանցակազմը խստացնող նորմերը չեն կարող ունենալ հետադարձ ուժ և այդ հարցին պետք է անդրադառնալ կոնկրետացման սկզբունքից ելնելով»,- նշում է Վարդևանյանը:

Փաստաբան Եգորյանը, այնինչ, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Եվրոդատարանը հատուկ լակոնիկ և հարգալից ձևակերպումներով արտահայտել է իր զարմանքն առաջին և երկրորդ հարցերի կապակցությամբ, որոնք ոչ միայն հասկանալի չէ, թե ինչպես են փոխկապակցված կոնկրետ գործի հետ, այլ նաև այն աստիճան անորոշ են եղել, որ դրանք որևէ պիտանի վերաձևակերպման հնարավոր չի եղել ենթարկել․

«Դատարանը խորհուրդ է տվել հնարավորինս ուշադիր և մանրամասն ուսումնասիրել դատարանի զարգացրած պրակտիկան, այլ երկրների փորձը և հարցերին վերաբերող հետազոտությունները, որոնք օգտակար կլինեն հարցերով հետաքրքրվող անձանց։ ՄԻԵԴ-ն իր կարծիքի շրջանակներում փաստել է, որ ըստ էության, ՍԴ-ն անելիք չունի այս հարցով և երրորդ և չորրորդ հարցերը պետք է լուծի գործը քննող ներպետական դատարանը՝ ելնելով կոնկրետ գործի փաստերից և առանձնահատուկ հանգամանքներից»։

Հայ ազգային կոնգրեսի իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի կարծիքը միանշանակ է՝ ՄԻԵԴ-ն առանց սեթևեթանքի ու իրավաբանական բարդ տեքստերի տվել է ամենակարևոր հարցի պատասխանը՝ Ռոբերտ Քոչարյանին 300.1 հոդվածով կարող էր առաջադրվել սահմանադրական կարգի տապալման մեղադրանք․

«Եվրադատարանի կարծիքը պարտադիր կիրառման ուժ չունեցող փաստաթուղթ է։ Մանիպուլյացիան, որ անում են, ինչի՞ մասին է: Սկզբում՝ հանցագործություն չի համարվել որևէ արարք, տարիներ անց՝ համարվել, և այստեղ հետադարձության խնդիր է առաջանում: Խոսքը շատ ավելի պրիմիտիվ է․ արարքն այն ժամանակ էլ է եղել քրեականացված, հիմա էլ, ուղղակի փոխվել է հոդվածի ձևակերպումը: Հենց այդ պատճառով էլ մենք միշտ պնդել ենք, որ Ռոբերտ Քոչարյանին պիտի մեղադրանք առաջադրվեր 300.1 հոդվածով: Այս մասին փաստել է նաև Եվրոպական դատարանը՝ խորհրդատվական կարծիքով»,- փաստերն է վկայակոչում Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ կասեցնելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործին վերաբերող երկու դիմումների վարույթները, Սահմանադրական դատարանը դիմել էր ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այնպես էլ Վենետիկի հանձնաժողով՝ երկուսից էլ խորհրդատվական կարծիք ակնկալելով:

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով գործի քննության կվերսկսմանը, հայտնեց, որ այն կշարունակվի եվրոպական մյուս կառույցի պատասխանը ստանալուց հետո միայն։

«Վենետիկի հանձնաժողովից համապատասխան կարծիքը ստանալուց հետո, եզրակացությունը ստանալուց հետո գործի քննությունը դատարանը պետք է վերսկսի, որովհետև վերացել են այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել այդ գործի քննությունը կասեցնելու համար։ Այս պահին անհայտ է, թե երբ այն կհրապարակվի», — նշում է Վարդանյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest