Այսօր մի քանի լրատվական կայքեր հրապարակել էին կորոնավիրուսից մահացած 132 անձանց անուն-ազգանունները՝ հղում անելով Ֆեյսբուք սոցիալական էջին։
ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հաստատել է այն փատը, որ հրապարակված անուն-ազգանունները համապատասխանում են իրականությանը, սակայն թե որտեղից է եղել արտահոսքը՝ չի կարող ասել․
«Մենք պատրաստվում ենք դիմել իրավապահ մարմիններին, պարզելու՝ թե ո՞վ է այդ էջի հետևում կանգնած, կարծես թե ֆեյսբուքյան էջից է արտահոսքը տեղի ունեցել։ Նաև պարզելու համար, թե ինչպես է այդ ինֆորմացիան հասել տվյալ էջին»,-ասաց ԱՆ մամուլի խոսակը, հավելելով, որ նման քայլով ոտնահարվել են մարդկանց իրավունքները, անձնական տվյալների գաղտնիության իրավունքը։
Ֆեյսբուքյան էջում հրապարակվել են նկարներ, որոնք ներկայացվում են որպես Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացած 132 անձանց ցուցակ։
Ցուցակում նշված են մահացածների անուն-ազգանուն-հայրանունները, ծննդյան և մահվան ամսաթվերը, հասցեն և մահանալու վայրը։
Կորոնավիրուից մահացածների տվյալների արտահոսքի վերաբերյալ Տեղեկատվական անվատանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ Ֆբ տվյալ էջն ունի մեկ ադմին, որը գտնվում է ՌԴ-ում և այս էջն էր տարածում Սաֆարյան Ստյոպայի հեռախոսից իբր վերցրած, Ֆոտոշոփ արած սքրինշոթներ նամակագրություներից․
«Սա կամ հաքերային հարձակում է, կամ ներքին սաբոտաժ։ Կապ չունի, երկու տարբերակն էլ խոսում են այն մասին, որ անձնական տվյալները անպաշտպան են։ Եվ հարց է առաջանում մեր բոլորիս տվյալների պաշտպանության՝ կախված հեռախոսների վերահսկողության համակարգի, որն արդեն երրորդ ամիսն է աշխատում է Հայաստանում։ Որո՞նք են երաշխիքները, որ մարդկանց տեղաշարժի ողջ տվյալները վաղը չեն հայտնվի ցանցում, կամ ադրբեջանական հետախուզության ձեռքում։ Պատգամավորներին կրկին, N-երորդ անգամ կոչ եմ անում ստեղծել հանրային վերահսկողության հանձնաժողով, ներառել ընդդիմադիր պատգամավորների եւ անկախ մասնագետների, տեր կանգնել մեր բոլորիս տվյալներին»,- գրել է նա, ասելով, որ արտահոսքերը նման վիճակում պարզապես անթույլատրելի են։
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: