Այսօր կեսօրին ես պարետատան նիստ եմ հրավիրել և հանձնարարել, որ պետք է հետեւենք հակահամաճարակային կանոններին ամենակոշտ և ամենաչոր ձեւով՝ հաշվի չառնելով ոչ մի փաստարկ: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հարկադրանքի ենթարկվող մեր քաղաքացիները պետք է նախապես մտածեն այդ իրավիճակի մասին: Եթե մեկը սննդամթերքի վաճառք է կազմակերպում, նախապես պետք է մտածի որ այդ վաճառքը պետք է կազմակերպի պատերատան կանոններով:

Մենք այսօր կանգնած ենք հետևյալ հանգրվանին. Կամ այն փաստի բերումով, որ կանոնները չեն պահպանվում, մենք գնում ենք նորից համատարած արգելափակումների՝ զուգորդելով պարետային ժամով, երկիրը ենթարկելով նոր տնտեսական ու սոցիալական ցնցումների, կամ մենք միասին համագործակցված իրար հետ հսկողության տակ ենք առնում իրավիճակը եւ արձանագրում ենք արդյունքներ:

Իմ դիրքորոշումը մեկն է, որ անկախ այս երկու սցենարներից, պետք է հսկողությունը կատարվի ամենախիստ, ամենաչոր ձեւով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ, ոչ մի փաստարկ, ոչ մի զգացմունքային պահ: Մենք սրա համար ընդամենը 1-2-3 օր ունենք, որպեսզի երկրում որակական իրավիճակ փոխենք»,-ընդգծեց վարչապետը:

Կորոնավիրուսի վարակի հետ կապված իրավիճակը շարունակում է ահագնանալ Հայաստանում, ցավոք սրտի:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հիմնական հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ ինչո՞ւ է այս ամենը մեզ հետ տեղի ունենում. «Ես ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել, որ ամենամեծ պրոբլեմը հակահամաճարակային կանոնների պահպանումն է: Մենք ունենք համոզվածություն, որ այդ կանոնների պահպանումը կբերի վարակի թվերի նվազման, ընդհուպ մինչև զրոյացման:

Մեր իշխանության ծագումնաբանությունը, ըստ էության, այս իրավիճակում աշխատում է մեր դեմ: Որովհետեւ ՀՀ-ում 2018-ից հետո վախի մթնոլորտը զրոյացել է, բայց դրա փոխարեն օրինապահության մթնոլորտը դեռ պատշաճ աստիճանի չի հասել: Ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ խախտումների արձանագրման որակի եւ կոշտության հետ էլ պրոբլեմ ունենք:

Ես մի օրինակ բերեմ, երբ առևտրի վայրում կանոնների խախտում է արձանագրվում, եւ որում է կայացվում այդ վայրը փակել, եւ այն ենթադրաբար վարակի տարածման շատ լուրջ աղբյուր է, հաջորդ պահին գալիս են փաստարկներ, որ առեւտուր անողների մթերքը կփչանա, նրանք վնասներ կկրեն: Մենք այստեղ գործ ունենք վարչարարության կոշտության պակասի հետ:

Այս ամենը սրվում է երկրում հաստատված այն մթնոլորտով, որ եթե ենթադրենք վարունգի կամ լոլիկի որևէ կետ շատ չոր կերպով փակվի, ի հայտ կգան մեկնաբանություններ, որ երկրի վարչապետը որոշել է վարունգի, լոլիկի  կամ կանաչիի  առևտրի մենաշնորհ հաստատել»,-ասաց Փաշինյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest