«Հայաստանին մինչ օրս չի հաջողվել այնքան լավ մեխանիզմներ մշակել, որ առնվազն բավարար աղքատությունից տուժող ծառայությունից դուրս մնացած երեխաների իրավունքները կարողանա պաշտպանել»,- Forrights-ի հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնում ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն»-ի ղեկավար Միրա Անտոնյանը։

Փորձագետի խոսքով՝ իրենց գործունեության ողջ ընթացքում կենտրոնում ապաստան է գտել 200-ից ավել երեխա, որոնց 60 տոկոսը սեռական բռնության կամ ոտնձգության է ենթարկվել։ Անտոնյանի դիտարկմամբ՝ ավելի հաճախ բռնարարները հենց երեխաների վստահելիների շրջանակից են․

«Անծանոթների կողմից ոտնձգությունների դեպքերի թիվը ավելի փոքր է, քան մերձավորների, ինցեստի դեպքերը։ Մտահոգիչ է նաև, որ մեծանում է  այն  երեխաների թիվը, որոնց ծնողները հոգեկան առողջության խնդիրներ ունեն, որոնք, գրեթե անլուծելի են Հայաստանում:  Չկան կենտրոններ, որոնք կկարողանային աշխատել այդպիսի խնդիրներ ունեցող մեծահասակների հետ, և երեխաներն իրենց մաշկի վրա են զգում դրա հետևանքները՝ մի դեպքում դառնալով տուժող, մյուս դեպքում՝ վկա»,- նշում է Անտոնյանը:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան զուգահեռ անցկացրած հետազոտությունները ցույց տվեցին, որ Հայաստանում 2018 թվականին երեխայի նկատմամբ սեռական բռնության 76 գործ է քննվել։ 2019-ի առաջին կիսամյակում՝ 51 գործ։

ՀՀ Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանի նշում է, որ սեռական անձեռնամխելիությանն ուղղված հանցագործությունների մասով այս պահին ունենք նվազում․

«Նախորդ տարի չորս ամիսների ընթացքում արձանագրվել է 17, այս տարի՝ 13 դեպք։ Անցնող չորս ամիսներին անչափահասների նկատմամբ կիրառված բռնության դեպքերը 49-ն են եղել։ «Նվազում» բառն այս բոլոր դեպքերում ճիշտ չէ, քանի որ յուրաքանչյուր, անգամ մեկ դեպքն էլ ծանր է անդրադառնում երեխայի ներաշխարհի վրա և մնում ամբողջ կյանքում»,,- Forrights-ի հետ զրույցում նշում է Դուրյանը։

Նրա փոխանցմամբ՝ ոստիկանությունը շարունակում է ամենօրյա կանխարգելիչ բնույթի աշխատանքներ իրականացնել։ Թիրախային խմբում դպրոցականներն են, ուստի հենց դպրոցում էլ պարբերաբար միջոցառումներ են կատարվում․

«Նախորդ տարի հինգ անգամ անցկացրել ենք մեկամսյակներ, որոնք նվիրված են եղել տարբեր իրավական թեմաների։ Այս տարի, արտակարգ իրավիճակով պայմանավորված, հասցրեցինք միայն մեկ նման միջոցառում իրականացնել, որը նվիրված էր անչափահասների կողմից սառը զենքի պահելուն և գործածելուն։ Սակայն կանխարգելիչ բնույթի գործողությունները չեն դադարում, մեր տեսուչներն անընդհատ իրենց թիրախում պահում են այն տարածքներն ու վայրերը, որտեղ անչափահասների կուտակումներն առավել շատ են»,- հավելում է Նելլի Դուրյանը։

Փորձագետները, սակայն, վստահ են՝ սա ամբողջական վիճակագրությունը չէ, սոսկ այն է, ինչ հայտնի է դարձել։

Նախորդ տարի մեծ աղմուկ բարձրացրած Հայաստանյան մարզերից մեկում սեռական բռնության հետևանքով հղիացած 13-ամյա աղջկա գործն արդեն դատարանում է։ Անցկացված գենետիկական փորձաքննությունը ցույց էր տվել, որ անչափահաս աղջկա նորածնի հայրը հենց անչափահաս աղջկա հայրն է։

Հայրն այս պահին կալանավորված է, իրեն մեղավոր է ճանաչում կատարված արարքում, անչափահաս աղջիկը՝ քրոջ ու մոր հետ գյուղերից մեկում հերթական խոնավ նկուղն է վարձակալել։ Ընտանիքը որևէ աջակցություն չի ստանում։ Սեռական բռնության ենթարկված աղջիկը հաշմանդամության թոշակ էր ստանում, հիմա՝ դա էլ չկա։

Ենթադրյալ բռնարար հայրը հնարավոր է մինչև 12 տարվա ազատազրկման դատապարտվի, իսկ աղջկա ու նորածնի հետագա ճակատագիրը՝ անհայտ է։

Այս ահասարսուռ ֆոնի վրա Ազգային ժողովն շաբաթներ առաջ 79 կողմ, 14 դեմ ձայներով վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան: Այն համալիր միջազգային գործիք է, որի նպատակն է կանխարգելել երեխայի սեռական շահագործումը կամ նրա նկատմամբ սեռական բնույթի բռնությունները, պաշտպանել զոհերին։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ ընտանեկան, սեռական կամ այլ տեսակի բռնության մասին ցանկացած կոնվենցիա կամ օրենք Հայաստանում անառողջ քննադատության է արժանանում, քանի որ պետության կողմից պատշաճ պարզաբանում չի տրվում․

«Մենք դրա ականատեսն ենք եղել դեռևս 2017 թվականին՝ Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի շուրջ ծագած բավականին լուրջ քննարկումներով։ Արդյունքում՝ այդ օրենքն արդեն երրորդ տարին է, գործում է, և որևէ վտանգի մասին խոսել ընդհանրապես հնարավոր չէ»,- ասաց իրավապաշտպանը։

Մեծ իրարանցում առաջացրած կոնվեցիայի ամենախնդրահարույցը թերևս 6-րդ հոդվածն է, որը նախատեսում է տարրական և միջնակարգ կրթության ընթացքում երեխաներին սեռական շահագործման ու սեռական բռնության վերաբերյալ տեղեկություններ տրամադրել։ Ըստ դժգոհողների՝ չափից դուրս տրված տեղեկությունը երեխայի մոտ հակառակ ազդեցությունն է ունենալու և կարող է անառողջ հետաքրքրություն առաջացնել:

Իրավապաշտպանը, այնինչ, հակառակ պատկերն է առաջ բերում՝ իրազեկումը կօգնի սեռական բռնության ենթարկված երեխաներին՝ ավելի շուտ ահազանգել տեղի ունեցածի մասին։

«Սեռական բռնության ենթարկված անձինք, ըստ տարբեր ուսումնասիրությունների, հաղորդում են ներկայացնում բավականին ուշ։ Եվ երբ պատրաստ են լինում բարձրաձայնել դեպքի մասին, դատաբժշկական փորձաքննությունը որևէ արդյունք չի տալիս, քանի որ ֆիզիկական հետևանքները վերացած կամ ապաքինված են լինում։ Ուստի շատ կարևոր է հանրային իրազեկումը՝ խնդրի վերաբերյալ»,- կարծիք է հայտնում Զարուհի Հովհաննիսյանը։

Հիշեցենք, որ Հայաստանը կոնվենցիան ստորագրել էր դեռ 2010 թվականին, սակայն վավերացրեց միայն այսօր։ ​Փաստաթղթին միացած պետությունները պարտավորվում են ապահովել կոնվենցիայի 18-23-րդ հոդվածներով նախատեսված դիտավորությամբ կատարված արարքների քրեականացումը: Դրանք են երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնությունը, մանկական մարմնավաճառությունը, մանկական պոռնոգրաֆիան, երեխայի մասնակցությունը պոռնոգրաֆիկ ցուցադրությունների մեջ, երեխային սեռական բնույթի գործողությունների դրդումը, երեխայի սեռական այլասերումը և այլն:

Միրա Անտոնյանն իր կողմից խնդիրներին լուծում տալու առաջնային հարց է բարձրացնում՝ պետք է ունենալ սոցիալական պաշտպանության լավ համակարգ և կարևորել ոչ  միայն երեխաների, այլև ծնողների կրթական բարձր մակարդակը․

«Խոսքը համընդհանուր գրագիտության հարցն է։ Հանրությունը կրթվելու կարիք ունի»։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest