ՄԻԵԴ-ը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիքը

0
43
Ռոբերտ Քոչարյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիքը։

Հիշեցնենք, Սահմանադրական դատարանի դիմումը կապված էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ, որով մեղադրվում է Քոչարյանը։ Փաստաթղթում նշվում է, որ ՄԻԵԴ-ը չի կարողացել գտնել ուղիղ կապ առաջին երկու հարցերի և ընթացիկ ներքին դատավարության միջև, որը հարուցվել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։

Հիշեցնենք՝ այդ 2 հարցերն էին․ 1․ Արդյոք որակական նույն պահանջնե՞րն են ներկայացվում (որոշակիություն, մատչելիություն, կանխատեսելիություն և կայունություն) Եվրոպական Կոնվենցիայի 7-րդ հոդվածի և Կոնվենցիայի այլ՝ 8-11-րդ հոդվածներում գործածվող «օրենք» հասկացության նկատմամբ: 2․Եթե ոչ, այդ դեպքում ի՞նչ չափորոշիչներով են դրանք տարանջատվում:

Սահմանադրական դատարանի ուղղած երրորդ հարցը, որն էր՝ կարո՞ղ է, արդյոք, ավելի բարձր իրավաբանական ուժ և վերացականության ավելի բարձր աստիճան ունեցող իրավական ակտերի որոշ իրավադրույթներին հղում պարունակող ու դրա ուժով հանցագործություն սահմանող քրեական օրենքը բավարարել որոշակիության, հասանելիության, և կայունության պահանջները, ՄԻԵԴ-ը գրել է․

«Այդպիսի իրավադրույթը, որը կիրառվում է գործողությունները կամ զանցանքները քրեականացնելու համար, ինքնին հոդված 7-ի հետ անհամատեղելի չէ։ Դրույթը, որին հղում է կատարվում, համատեղ ընթերցմամբ պետք է հնարավորություն տա անհատներին, եթե անհրաժեշտ է, իրավական խորհրդատվության օգնությամբ հասկանալ, կանխատեսել, թե ինչ վարքագիծ կբերի քրեական պատասխանատվության»։

Սահմանադրական դատարանի չորրորդ հարցը, որը վերաբերում էր Քրեական օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքին (Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մաս), այն է՝ ինչպիսի՞ չափորոշիչներ են սահմանված հանցանքի կատարման պահին գործող ու դրանից հետո փոփոխված քրեական օրենքների համադրման համար՝ պարզելու դրանց էական նմանությունները կամ տարբերությունները, ՄԻԵԴ-ը գրել է․

«Այսպիսի գնահատականները պետք է հաշվի առնեն կոնկրետ հանգամանքները (կոնկրետացման սկզբունք), ոչ թե իրականացվեն վերացական ձևով»։

Հիշեցնենք՝ 2019-ի հուլիսին հայտնի է դարձել, որ Սահմանադրական դատարանը կասեցնում է Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթները և դիմում ՄԻԵԴ-ին ու Վենետիկի հանձնաժողովին՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here