«Պատմականորեն սա առաջին վճիռն է, որով միջազգային դատական ատյանը արձանագրում է ադրբեջանական հակահայկական ատելությունն ու խտրականությունը։ Այս վճռի իրավական հետևանքը պետք է լինի այն, որ Ադրբեջանը ժամանակի ընթացքում ապահովի այդ խտրականության վերացումը»,- անդրադառնալով ՄԻԵԴ վճռին՝ արձանագրում է ադրբեջանցի զինծառայողի կողմից կացնի հարվածներից սպանված Գուրգեն Մարգարյանի շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Եվրոպական դատարանը «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիա»-ի գործով եզրահանգել է, որ Ադրբեջանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը և 14-րդ հոդվածը՝ խտրականության արգելքը։ Ըստ վճռի՝ Ադրբեջանը ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման ապահովումը, ում ներել են ու ապահովել նրա առաջխաղացումը։
«Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովի պատիժը չկատարելու համար որևէ հիմնավորում չի եղել՝ նրան անպատժելի թողնելով ատելության լուրջ հանցագործության համար»,- նշված է ՄԻԵԴ-ի վճռում։
Ըստ Սահակյանի՝ որքան էլ քաղաքական, դիվանագիտական հարթակներում քննադատվող հայտարարություններ հնչեցվեցին, մարդասպանը դեռ շարունակում է վայելել անպատժելիությունը: Փաստաբանի համոզմամբ՝ Ադրբեջանը կրկին փորձելու է պնդել, որ Սաֆարովը պատիժը կրի Ադրբեջանում, այդ իսկ պատճառով Հայաստանը պետք է պահանջի երաշխիքներ․
«Այն հասարակությունը, որտեղ անձը հերոսացվել է օմբուդսմենից մինչև քաղաքական իշխանություն, կարող է առանց արտոնյալ պայմանների վճիռը չիրականացնել։ Եթե նման երաշխքիներ տրվեն, ինչի նկատմամբ վստահությունը փոքր է, սա կարող է դիտարկվել լուծում: Մեր շեշտադրումը լինելու է, որ վճռիը կատարվի այնպիսի երկրում որտեղ այլ ծանր հանցագործներին հավասար հիմունքներով կկրի իր պատիժը»,- ընդգծում է նա:
Սպանված զինծառայողի մյուս ներկայացուցիչ Լևոն Գևորգյանը, անդրադառնալով այս ընթացքում Ադրբեջանի քայլերին, նկատեց՝ պետությունը բազմիցս է փորձել արդարացնել իր գործողությունները Եվրոպայի խորհրդի էքստրադիցիայի կոնվենցիայի իրավակարգավորումներով, ինչը, սակայն, դատարանի կողմից չի ընդունվել.
«Բազմաթիվ փորձեր են արվել հիմնավորելու, իբր Ռամիլ Սաֆարովը հոգեկան խանգարումներ, սթրեսային իրավիճակներ ունի, սակայն այս արդարացումը նույնպես չի անցել։ ՄԻԵԴ-ը, փաստացի արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել կյանքի իրավունքի ընթացակարգային կողմի խախտում, այսինքն՝ չի ապահովվել պատշաճ պատիժը, որը համահունչ կլինի համապատասխան անձի կողմից իրականացված հանցագործությանը»,- ասաց Գևորգյանը՝ նկատելով, որ տվյալ գործի շրջանակում դեռևս աշխատանք պետք է կատարվի։
Փաստաբանը նշեց, որ ՄԻԵԴ-ի պրակտիկայում աննախադեպ փորձ է իրականացվել՝ մասնավոր կարգավիճակում կատարված գործողությունը վերագրել պետությանը՝ պետության կողմից արված հայտարարությունների և գործողությունների հիման վրա.
«Ողջ վարույթի ընթացքում մեր պնդումը եղել է այն, որ Ադրբեջանը ոչ միայն պատասխանատու է նրա համար, որ հետամուտ չի եղել տվյալ անձի պատժին ու նաև արդարացրել, այնուհետև՝ հերոսացրել է, այլև, որ իր գործողություններով ընդունել և ճանաչել է Սաֆարովի գործողությունները որպես սեփական։ Պետությունը դա արել է նրան ռազմական աստիճան շնորհելու, բնակարան պարգևելու և այլ ճանապարհներով։ Տվյալ պարագայում Եվրոդատարանը մեր փաստարկների հետ չի համաձայնվել, և մենք այստեղ տեսնում ենք նաև հետագա աշխատանք անելու, հավանականություն նաև խնդիրը բարձրացնելու ՄԻԵԴ բարձր պալատի առջև»,- հավելում է փաստաբանը։
Եվրոպական ատյանում հայցվորների շահերն է պաշտպանել նաև պրոֆեսոր, Լոնդոնում գործող Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի տնօրեն Ֆիլիպ Լիչը։ Վերջինս «Ազատության» հետ զրույցում ՄԻԵԴ վճիռն «ուժեղ վճիռ» որակեց և կարծիք հայտնեց, որ դատարանը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ քայլեր պետք է անի այժմ Ադրբեջանի իշխանությունը․
«Գործը կարող է ուղարկվել Եվրոպական դատարանի Մեծ պալատ, այնուհետև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն է որոշելու, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ադրբեջանը։ Եվրոպայի խորհրդի մյուս պետությունները, այսինքն` այս գործին ներգրավված Հունգարիայից և Ադրբեջանից բացի, մնացած 45 պետությունները պետք է այժմ որոշեն այդ հարցերը: Նրանք պետք է ուշադրությամբ հետևեն և դիտարկեն ադրբեջանական քայլերը՝ ապահովելու, որ պարոն Սաֆարովը կրի իր ամբողջական պատիժը»,- նշում է Լիչը:
Հիշեցնենք՝ ՀՀ զինված ուժերի զինծառայող, սպա Գուրգեն Մարգարյանը կացնահարվել է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում: Նրանք այնտեղ էին՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին: Սաֆարովը կացնի բազմաթիվ հարվածներով սպանել է Մարգարյանին քնած ժամանակ, մահափորձ է ծրագրվել նաև հայազգի Հայկ Մակուչյանի նկատմամբ, որը, սակայն, չի հաջողել:
Հունգարիայի դատարանը առանձնապես դաժան և կանխամտածված սպանության, ինչպես նաև՝ սպանության նախապատրաստման համար Ռամիլ Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի: Դատավարության ընթացքում Սաֆարովը խոստովանել է, որ առանձնակի դաժանությամբ ինքն է ծրագրել եւ սպանել Գուրգեն Մարգարյանին հայ լինելու պատճառով:
Սակայն մի քանի տարի անց այդ երկրի իշխանությունները գործարք կնքեցին Ադրբեջանի իշխանությունների հետ. Ռամիլ Սաֆարովը վերադարձվեց հայրենիք, որտեղ նրան հերոսի կոչում շնորհեցին: Նույն օրը՝ 2012 թվականի օգոստոսի 31-ին, Հայաստանը դադարեցրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: