ՀՀ վճռաբեկ դատարանը երեկ ամբողջությամբ բավարարեց 2008 թվականի նախագահական ընտրություններին նախորդող և հաջորդող ժամանակահատվածում տեղի ունեցած արյունալի իրադարձություններին վերաբերող քրեական գործերով 9 անձի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռների դեմ ՀՀ գլխավոր դատախազի կողմից բերված վճռաբեկ բողոքները։

Մասնավորապես, դատարանն իր որոշումներով ճանաչել է Արմեն Ավագյանի, Մասիս Այվազյանի, Կարեն Թարխանյանի, Դավիթ Աղայանի, Վարդան Ջհանգիրյանի, Արմեն Շահինյանի, Դավիթ Մաթևոսյանի, Խաչիկ Գասպարյանի և Սամվել Հարությունյանի անմեղությունն իրենց մեղսագրված արարքներում և հանցակազմի բացակայության հիմքով կարճել է նրանց վերաբերյալ քրեական գործերի վարույթները:

Ոստիկանների հարվածից մի աչքը կուրացել է, բայց դատապարտվել 4 տարի ազատազրկման

Կարեն Թարխանյանը մարտի 1-ի արյունալի իրադարձությունների առավոտյան, ինչպես դրան նախորդող օրերին, հանրահավաքի վայրում է եղել։ Ժամը 17։00-ի սահմաններում, երբ աջուձախ բերման էին ենթարկում հանրահավաքին մասնակցող մարդկանց, իրեն ճանաչող ոստիկանի կողմից Կարենը բերման է ենթարկվում ու ծեծվում․

«Բռնություն կիրառվեց ինչպես բերման ենթարկելու պահին, այնպես էլ հենց ոստիկանական բաժանմունքում։ Բռունցքով էնքան հարվածեցին դեմքիս, որ աչքս կուրացավ։ Ստիպում էին՝ Խաչատուր Սուքիասյանի ու Նիկոլ Փաշինյանի դեմ ցուցմունք տայի։ Ասում էին՝ ցուցմունք տուր, որ իբր մոլորյալ ես ու իրենց կոչերն եք լսել ու եկել հանրահավաքի։ Ես էլ չէի գրում, իրենք էլ խոշտանգեցին ու վրես գործ հարուցեցին»,- Forrights-ի հետ զրույցում 12 տարի առաջ տեղի ունեցած դեպքերն է վերապրում Կարեն Թարխանյանը։

Կարենի խոսքով՝ նախօրոք իրեն ձերբակալել են, ապա նոր միայն որոշել, թե ինչ հոդվածով են դատապարտելու։ Սկզբում Թարխանյանին առաջադրվել է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասը՝ զանգվածային անկարգությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչեր անելը, ապա փոխել և դարձրել ՔՕ 225-ի 1-ին մասը՝ զանգվածային անկարգություններ կազմակերպել։

«Դատավարության ընթացքում պարբերաբար ասում էինք, որ մեր վրա քաղաքական պատվեր ա դրած, շինծու գործ ա, ասում էին՝ վերևից հրաման կա, անում ենք։ Երկու ոստիկանի կեղծ ցուցմունքով դատապարտվեցինք, գործով անցնող ուրիշ ոչ մի ապացույց չկար։ Հրամայել էին, անում էին»։

Կարեն Թարխանյանի համար դատախազությունը պահանջեց 7 տարվա ազատազրկում, դատարանը, սակայն մեղմացրեց և վերջնական պատիժ նշանակեց 4 տարի ազատազրկում։ Նա անազատության մեջ է մնում 1 տարի, ազատ արձակվում՝ առողջական հիմքով․

«Էդ կուրացած աչքս անհետևանք չէր մնացել, տարածվում էր արդեն մյուս աչքիս վրա, էդ հիմքով էլ ազատ արձակեցին, բայց քաղաքական հետապնդումները չդադարեցին։ Իրենց տեսադաշտում ես միշտ էլ եղել եմ»,- ասում է նա։

Դատախազության կողմից բողոքարկումը և Վճռաբեկ դատարանի վճիռը Թարխանյանը կապում է հեղափոխության և նոր իշխանությունների գալու հետ։ Շեշտում է՝ արդարացման չէր գնա, եթե «հին բարքերն այսօր ևս շարունակվեին»։

«Երկու անգամ հատուկ միջոց գազ կիրառեցին, էլեկտրաշոկով սպառնացին, հետո էլ մահակով ոտքիս հարվածեցին՝ չթողնելով բարձրանամ հարթակ»

Նախորդ տարվա հոկտեմբերին ՄԻԵԴ-ը հերթական վճիռն էր հրապարակել Մարտի 1-ի վերաբերյալ, այս անգամ՝ «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով: ՄԻԵԴ-ը փաստել էր, որ խոչընդոտվել է «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Դավիթ Մաթևոսյանի արդար դատաքննության, մասնավորապես՝ վկաներին կանչելու և հարցաքննելու, ինչպես նաև խաղաղ հավաքներ, ցույցեր անցկացնելու իրավունքը:

Այսօր արդեն Վճռաբեկ դատարանի կողմից արդարացված Մաթևոսյանը նշում է՝ սպասում էր նման վճռի․«Հեղափոխության և իշխանափոխության փաստը հաշվի առնելով համոզված էի, որ Վճռաբեկ դատարանը նման որոշում կկայացնի։ Իմ և իմ ընկերների ազատազրկումը շինծու քրեական հետապնդում էր՝ քաղաքական հայացքների համար»,- Forrights-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում Մաթևոսյանը։ 2

2008 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Դավիթ Մաթևոսյանը ձերբակալվել էր մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակի խաղաղ հավաքը ցրելուց հետո․

«Մարտի 1-ի լուսադեմին ոստիկաններն անընդհատ առաջ էին գալիս, հասան ինձ ու երկու անգամ հատուկ միջոց գազ կիրառեցին, էլեկտրաշոկով սպառնացին, հետո էլ մահակով ոտքիս հարվածեցին՝ չթողնելով բարձրանամ հարթակ։ Ոստիկանական շղթայի ճնշման տակ Ազատության հրապարակից դուրս եկա Թումանյան, հետո՝ Աբովյան փողոց, որտեղ ինձ ու իմ հետ գտնվող երկու անձանց 4 ոստիկան ձեռնաշղթաներ հագցրին ու տարան Քանաքեռ-Զեյթուն ոստիկանական բաժին»,- պատմում է Մաթևոսյանը։

Նրան մեղադրանք է առաջադրվում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով: Մաթևոսյանի դեմ ցուցմունք է տալիս ոստիկանության երկու աշխատակից: Թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության փուլում դատարանը չի բավարարվում պաշտպանական կողմի միջնորդությունը, որով նրանք դատարանից պահանջում էին «միջադեպին» ներկա երկու անձանց որպես վկա գործին ներգրավել։

Դավիթ Մաթոսյանը դատապարտվում է 3 տարի ազատազրկման, սակայն մեկուկես տարի անց համաներմամբ ազատ արձակվում։

«Գլխավոր մեղադրյալը՝ Ռոբերտ Քոչարյանը, ով այսօր մեղադրյալի աթոռին է, ժամանակին փոխել է Սահմանադրությունը՝ իրեն հարմարացնելու համար։ Այն երդման տեքստ, որը սկսվում է «․․․ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը, երդվում եմ պահպանել և պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները» բառերով, չի համապատասխանում իր տեսակին։ Մենք միանգամայն այլ բան տեսանք ու զգացինք, սարսափ, որը բառերով նկարագրելու չի։ Իրականում, սահմանադրական կարգը տապալվել է հենց Մարտի 1-ի առավոտյան»,- նշում է նա։

Նրա պնդմամբ, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործին այսօր պետք է ներառվի Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի իրադարձությունները, մարդկանց և քաղաքացիների իրավունքների ու ազատությունների խախտումները, որոնք սկսվել են հենց այդ պահից․

«Հենց դա է սահմանադրական կարգի տապալումը։ Ավելի ճիշտ՝ երդմնազանց տապալումը»։

ՀԱԿ իրավական հանձնաժողովի պատասխանատու Արմեն Խաչատրյանը Forrights-ի հետ զրույցում նշեց, որ դժգոհ է և՛ Դատախազությունից և՛ Վճռաբեկ դատարանից։ Դժգոհությունը պարզաբանում է՝ արյունալի իրադարձությունների օրերին հարյուրից ավել մարդ քրեական հետապնդման է ենթարկվել, անհիմն մեղադրանքներով՝ դատապարտվել, ապօրինի, շինծու քրեական գործերով՝ քաղաքական պատվերի շրջանակներում։ Սակայն, դատապարտված անձանց արդարացման հետ կապված «մենք փնտրում ենք ինչ-որ սուպեր օրինական ճանապարհներ»․

«Ես չեմ ասում, որ անօրինական անենք, առավել ևս, որ կա դրա հնարավորությունը, բայց մենք պետք է այլ արագությամբ շարժվենք։ Մարտի 1-ի ամբողջական բացահայտման համար պետք է այդ կոնտեքստի բոլոր դետալների՝ կեղծված ընտրությունների, հարյուրավոր մարդկանց ապօրինի հետապնդումների և դատապարտումներն են ուղղությամբ արդարացի և բազմակողմանի քննություն տանել։ Որի համար մեզ անհրաժեշտ է տեմպ, քաղաքական կամք և Դատախազության և Վճռաբեկ դատարանի առավել օպերատիվ աշխատանք»,- արձանագրում է Խաչատրյանը։

Նրա համոզմամբ՝ առնվազն այն դատավորները, որոնք Մարտի 1-ի գործով վճիռներ են կայացրել ու այսօր դեռ պաշտոնավարում են, նրանց լիազորությունները դադարեցնելու հարցը պետք է անհապաղ լուծել․

«Օբյեկտիվ իրականության մեջ, Մարտի 1-ի գործով բոլոր դատավորները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest