30-ամյա Արմեն Աղաջանյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Արմեն Հովհաննիսյանը նախորդ տարի նոյեմբերին արդարացվեց ու հենց տուժողների աչքի առաջ դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Տուժող կողմը Վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի դեմ։ Ըստ տուժող կողմի շահերը ներկայացնող փաստաբան Արա Ղարագյոզյանի՝ բողոքի կարևորագույն կետն այն է, որ դատավոր Դավիթ Բալայանը կատարված հանցանքը չի դիտարկել որպես խոշտանգում, այլ՝ իբրև լիազորություններն անցելը,
«Դատարանը, հաստատված համարելով, որ տուժողը ՔԿՀ մուտք գործելուց հետո, հնչեցրել է հայհոյանքներ և անհարգալից վերաբերմունք է դրսևորել ծառայություն իրականացնող աշխատակիցների նկատմամբ, գտել է, որ նման վարքագիծ դրսևորելու համար ՔԿ ծառայողների կողմից նրա նկատմամբ բռնություն գործադրելը չի կարող մեկնաբանվել որպես խոշտանգում: Դատարանի նման պնդումն անհիմն է, քանի որ խոշտանգման հանգամանքը հաստատվել է քրեական գործում առկա ապացույցների համակցությամբ, այլ ոչ թե մեղադրյալի սուբյեկտիվ ընկալման արդյունքում»,- Forrights-ի հետ զրույցում պարզաբանում է փաստաբանը։
Ըստ Ղարագյոզյանի՝ հստակ է արձանագրել այն փաստը, որ Աղաջանյանը խուզարկության սենյակ է տեղափոխվել ոչ թե խուզարկվելու, այլ հայհոյանքի համար պատժի ենթարկվելու, որը և պարունակում է խոշտանգման տարրեր: Փաստաբանը վկայակոչում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որն ամրագրում է ժողովրդավարական հասարակության ամենակարևոր արժեքներից մեկը՝ խոշտանգումից զերծ մնալու իրավունքը․
Տուժողի իրավահաջորդի մայրը՝ Գայանե Աղաջանյանը պնդում է՝ քրեական գործը և դրա հանգուցալուծումը «ծախված է», դատարանի վճիռը՝ անօրինական և անարդար․
«Ես իմ տղային հետ չեմ բերելու, բայց թույլ էլ չեմ տալու՝ իմ նման ծնողներ էլի լինեն, որ տեսնեն, թե իրենց երեխուն մի քանի ժամվա մեջ ինչ օրն են գցում։ Ես տեսել եմ իմ տղային լրիվ առողջ, հաջորդ օրը՝ վնասվածքներով, կապտուկներով դիակն են բերել տվել ձեռքս»,- Forrights-ի հետ զրույցում հուզված պատմեց տիկին Գայանեն։
Ըստ նրա՝ որդին ամիսներ շարունակ եղել է հետախուզման մեջ «ինչ-որ մեքենայի առքուվաճառքի հետ կապված»: 2017 թվականի մարտին նրան կալանավորել են և տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ, անտեսելով Արմենի առողջական վատ վիճակը և կողի հատվածում առկա բաց աղիքը, նրան ծեծել և բռնության են ենթարկել: Տուժող կողմը պնդում է, որ Արմենին խոշտանգել են չորս հոգով, այնինչ սկզբում մեղադրանք է առաջադրված եղել միայն մեկին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Արմեն Հովհաննիսյանին․
«Չեն նայել, որ աղիքը կողքից կախված հազիվ քայլում ա, գցել են գետնին, ոտքերով ու ձեռքերով հարվածել են: Ախր մարդ ո՞նց կարա էդքան դաժան լինի, որ «ինվալիդին» էդքան խփի»,- պատմում է մայրը։
Ամիսներ անց՝ հանգամանքների բերումով, Արմեն Աղաջանյանին տեղափոխել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ 5 օր անց նրան հայտնաբերել են սավանից կախված վիճակում․
«Մահից մի քանի ժամ առաջ ես խոսել եմ տղայիս հետ, ինքն ինձ իր լուսանկարն ա ուղարկել, որտեղ տեսքը լրիվ առողջ ու անվնաս էր: Հետո իր հետ հեռախոսազրույց ա ունեցել մեկ ուրիշը, ով հետո մեզ պատմեց, որ զրույցի ընթացքում ձայներ ա լսել, հետո էդ ձայները վերածվել են աղաղակների, ինչից հետո կապն ընդհատվել ա: Դրանից րոպեներ հետո տղաս մահացել ա»:
Նախնական վարկածով Արմենն ինքնասպան է եղել, սակայն հարազատները բացառում են այդ տարբերակը: Վերջիններս պնդում են, որ Արմենին սպանել են «սկսված գործն ավարտին հասցնելու համար»: Որդու դիակը գտել են լոգարանում՝ կտրած սավանով կախված, ծնկաչոք վիճակում:
Դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ վերաորակել է մեղադրանքը և խոշտանգում կատարելու մեջ մեղադրվող ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանին ճանաչել անմեղ, մեղավոր ճանաչելով միայն պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Վերաորակված հոդվածների վրա համաներում է կիրառվել և Հովհաննիսյանն ազատ է արձակվել․
Տիկին Գայանեի համար անակնկալ չէր ամբաստանյալի ազատ արձակումը։
«Հայաստանը պետք ա ցավով արձանագրի, որ ևս մեկ խոշտանգող ազատ արձակվեց։ Դուրս գալուց հետո՝ էդ Արմենն իրենից շատ ինքագոհ հայացքով ոնց որ ասեր՝ տեսա՞ր, արեցի ու ոնց ազատվեցի․․․Ես չեմ ներելու ո՛չ որդուս խոշտանգողին, ո՛չ էլ պարոն Բալայանին։»,- վճռական ասում է մայրը։
Տուժող կողմի հետ միասին վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև դատախազ Սարգսյանը։ Հատկանշական է, որ գործով բողոք է ուղարկել նաև պաշտպանական կողմը։ Հովհաննիսյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը Forrights-ին տեղեկացրեց, որ բողոքի հիմք են հանդիսացել փաստական այլ հանգամանքները, որոնք ընդգրկված չեն եղել դատավճռում։
Այս գործով այսօր ամբաստանյալի աթոոին են հայտնվել նաև ՔԿՀ աշխատակիցներ Հրաչյա Նիկողոսյանը և Յուրա Աբրահամյանը։ Վերջիններիս գործը դեռ դատարան չի հասել։
«Տուժող կողմի վրա է դրված եղել Արմենի խոշտանգման փաստը բացահայտնելու բեռը։ Այնինչ ՄԻԵԴ-ի վճիռներով պետք է պետությունը ապահովի, որ խոշտանգում տեղի չունենա։ Այս գործը, եթե Եվրոպական դատարան ուղարկվի, հետհեղափոխական հայաստանի համար խայտառակություն կլինի», հայտարարում է փաստաբան Ղարագյոզյանը։
Փաստաբանը ցավով է արձանագրում, որ հետհեղափոխական Հայաստանում խոշտանգումների համար անպատժելիությունը խնդրահարույց եղել է և շարունակում է մնալ։ Նա հիշեցնում է 2017 թվականին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի զեկույցը, որտեղ հեղինակները լուրջ մտահոգություն են հայտնել Հայաստանում ոստիկանների և զինվորական անձնակազմի կողմից խոշտանգումների և վատ վերաբերմունքի կիրառման դեպքերի հետ կապված: Արձանագրվել է, որ անհապաղ և արդյունավետ քննություն չի իրականացվում, ինչպես նաև չի ապահովվում զոհերի՝ փոխհատուցում ստանալու իրավունքը․
«Դատավոր Դավիթ Բալայանը նպաստեց, որ Հայաստանը կրկին կանգնի պատժամիջոցների առաջ և պատասխան տա, թե ինչու է մեր երկրում շարունակաբար կոծկվում խոշտանգման դեպքերը»։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: