«Վահագն Աբգարյանի նկատմամբ գործող խափանման միջոց այս պահին առհասարակ չկա».փաստաբանների հայտարարությունը

354

Վերջին օրերին իրավապահ համակարգի և, զարմանալիորեն նաև փաստաբանական համայնքի որոշ ներկայացուցիչներ սկսել են տեղեկատվություն տարածել Ալավերդիում տեղի ունեցած հայտնի սպանության գործով մեղադրյալ Վահագն Աբգարյանի կալանավորման մասին: Այս պահին չենք խոսում այն մասին, որ այս քրեական գործը ստեղծվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանի կողմից ղեկավարած խմբի կողմից ապացույցներ կեղծելով, վկաներին խոշտանգելով եւ այլ ապօրինություններով:

Դրան արդարադատությունը ևս կհասնի ու ոչ մի կեղծարար, ոչ մի իրավապահ չի պլստալու: Այո, Քրեական վերաքննիչ դատարանը մայիսի 19-ի որոշմամբ անթույլատրելի է ճանաչել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Վահագն Աբգարյանի նկատմամբ գրավի կիրառումը:

Այն ոգևորությունը և Վահագն Աբգարյանին կալանավորելու ցանկությունները, որոնք առաջացել են որոշ փաստաբանների ու իրավապահների մոտ Քրեական վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումից հետո, այնքանով են անհիմն, որ Վահագն Աբգարյանին գրավով ազատելու պահին՝ սույն թվականի ապրիլի 1-ին, գրավը, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի, կալանավորումը փոխարինող խափանման միջոց էր:

Քրեական վերաքննիչ դատարանի որոշման կայացման պահին, ըստ փոփոխված Քրեական դատավարության օրեսնգրքի, գրավն արդեն ինքնուրույն խափանման միջոց էր և դրա վերացումը ինքնաբերեբար կալանավորման չի բերում:

Վահագն Աբգարյանի վերաբերյալ գրավի վերացումը ընդամենը նշանակում է, որ Վահագն Աբգարյանի նկատմամբ գործող խափանման միջոց այս պահին առհասարակ չկա:

 Սեփական մտքի թռիչքները, հարգելի ընդդիմախոս գործընկերներ, պետք չէ ներկայացնել որպես իրավական իրողություն և ընդամենը կարդացեք օրենքը և ղեկավարվեք դրանով:

Իրավապաշտպան Մարինա Պողոսյան

Փաստաբան Արմեն Սողոմոնյան

Փաստաբան Արթուր Գրիգորյան