Կապանյան խռովության հետագիծը. ձերբակալված երիտասարդներին մեղադրանք կառաջադրվի

0
214

Կապանում մայիսի 24-ին ձերբակալված և մեկ օր անց ազատ արձակված երիտասրդներին վաղը, հավանաբար, մեղադրանք կառաջադրվի: Այս մասին Forrights.am-ին հայտնեց նրանցից երեքի՝ Մ. Ս-ի, Լ. Հ-ի և Խ. Մ-ի շահերը ներկայացնող փաստաբան Վարդուհի Էլբակյանը: «Քննիչներն ասեցին, որ մեղադրանք են առաջադրելու: Թե ինչ մեղադրանք, այս պահին չգիտենք», — ասաց փաստբանը: Մայիսի 27-ի ամսաթվով տղաներին ծանուցագրեր են ուղարկել: Երեքին էլ կանչել են քննչական գործողության: 

Նրանք կասկածվում են քաղաքացու առևանգման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից պարզ է, որ ապրիլի 26-ին վեճ է եղել ընկերների միջեւ, հետո Քաջարանի համայնքի ղեկավար Փարամազյանը շուրջ 20 հոգու կանչել է մի չգործող ռեստորան, որտեղ ծեծկռտուք է եղել, եւ 3 օր անց՝ ապրիլի 29-ին, Զանգեզուրի կոմբինատի 3 աշխատակից առեւանգել են Շ. Մ․-ին ու երկու անգամ խմբակային ծեծի ենթարկել, վերջին անգամ՝ Ագարակում: Ծեծողների տներում մարիխուանա են գտել, իսկ մայիսի 24-ին 4 երիտասարդ ձերբակալվել է: Գործ է հարուցված ՔՕ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարդու առեւանգում եւ թմրանյութերի ապօրինի շրջանառություն:  

Քննչական կոմիտեն, Վարդուհի Էլբակյանի բնորոշմամբ, «մի լուրջ մարտաֆիլմ է  նկարագրել»: «Տպավորույթյուն էր, թե այդտեղ իսկական արյունահեղություն  է եղել, — ասում է փաստաբանը, — Իրականում՝ ոչ մի նման բան: Ներքին վիճաբանության  խնդիր է: Իմ պաշտպանյալները ասում են, որ որևէ նման դեպք տեղի չի ունեցել»:

Հարցին, թե արդյոք ձրբակալված 3 երիտասարդները եղել են այն 20 հոգու մեջ, որոնց, ինչպես նկարագրված է,  համայնքապետը կանչել է չգործող ռեստորան՝ հավաքի, նա պատասխանեց. «Իմ պաշտպանյալները ասել են, որ նման դեպք տեղի չի ունեցել: Իրենք այնտեղ չեն եղել: Նրանք ընդհանրապես ցուցմունք չեն տվել: Պարզապես ասել են՝ մենք կապ չունենք»:

Նա նաև հերքեց, որ իր պաշտպանյալների մոտ մարիխուանա է եղել: Մեր տեղեկություններով, մարիխուանան վերագրում են Ա. Պ-ին: Նրա կալանքի հարցը քննել է Շենգավիթի դատավոր Դավիթ Բալայանը և մերժել է քննիչի միջնորդությունը, համարելով ոչ հիմնավոր:

Իսկ Մ. Ս-ի, Լ. Հ-ի և Խ. Մ-ի վերաբերյալ ձերբակալման որոշումները ոչ իրավաչափ ճանաչող դատավորներն են Դավիթ Հարությունյան, Հովհաննես Մանուկյանը և Վարդան Գրիգորյանը:

Վարդուհի Էլբակյանին հարց ուղղեցինք, թե արդյոք ոստիկանները բռնության ենթարկել են երեք երիտասարդներին՝ Մ. Ս-ի, Լ. Հ-ի և Խ. Մ-ին, և ինչպես է դա տեղի ունեցել:  «Այս պահին իրենք ձեռնպահ են մնում որևէ մեկնաբանությւոնից:  Նրանք չեն ցանկանում այդ մասով հաղորդում տալ և հրաժարվել են դատաբժշկական փորձաքննություններից», — պատասխանեց փաստաբանը:

Այն, որ տղաները չեն ցանականում ընթացք տալ ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցած բռնությանը, չի նշանակում, որ այն չի եղել, մանավանդ, որ նրանց մարմնի տարբեր մասերի վնասվաքները պատկերող լուսանկրաները անմիջապես տարածվեցին համացանցով մեկ: Ոստիկանության բռնությունները պատճառ դարձան, որ Կապանի ու հարակից բնակավայրերի բնակիչները մայիսի 24-ի առավոտից հավաքվեցին ոստիկանության բաժանմունքի մոտ, պահանջելով, որ բռնության ենթարկված իրենց համաքաղաքացիներին ազատ արձակեն: Փաստաբաններին ոստիկանները թույլ չէին տալիս, որ մտնեն բաժանմունք:

Հիշեցնենք, որ իրավապահներին Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի  միջոցով հաջողվեց հանգստացնել ու տներն ուղարկել մարդկանց,  խոստումից հետո, որ նրանց հետ կվարվեն օրենքի սահմաններում: Ոստիկանների իրականացրած բռնությունների առթիվ քրեական գործ չհարուցվեց: Ինչպես և Գավառի դեպքում, ոստիկանությունը բավարարվեց ծառայողական քննություն նշանակելով, ինչը, փաստորեն, Կապանի մեկօրյա խռովության պատճառներից մեկն էր:

«Այսպիսի դեպքերում ծառայողական քննությունը չի կարող փոխարինել քրեական վարույթին ու չի կարող լինել նման տվյալների ստուգման ընդունելի ձև», — արձագանքեց ՄԻՊ Արման Թաթոյանը Կապանի դեպքերին, նշելով, որ գրություն է ուղարկել դատախազություն ու ոստիկանություն և հետևելու է ընթացքին:

Իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջին գրեց. «Բարեփոխման գնացող ոստիկանությունն ու իր նորանշանակ ոստիկանապետն այս կարճ ժամանակահատվածում ցույց տվեց, որ իր աշխատանքային միակ գործիքը բերման ենթարկված քաղաքացիներին բռնության ենթարկելն է:

«Դեպքերն այլևս բազմաթիվ են և դրանք շարունակում են կրկնվել: Ոստիկանապետի կողմից նշանակված ծառայողական քննությունները զուտ ձևական բնույթ են կրում և ոչինչ չեն նշանակում: Սարսափելին այն է, որ դրանք մնում են անարձագանք իշխանության եկած երիտասարդ հեղափոխականների կողմից: Կապանում այսօր ոստիկանության բաժնում տեղի ունեցածի վերաբերյալ որևէ մեկը հանդես չի եկել դատապարտող և բռնություն գործադրողներին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Բա ասում էիք բռնությունն այլևս տեղ չունի մեր երկրում: Տարիներ շարունակ Լիսկայից տառապած Սյունիքի բնակչությանը հիմա էլ ոստիկանության ձեռքն եք տալիս, ինչ կասի այս մասին նախկին փոխոստիկանապետ, այժմ արդեն Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը»:

Նախկին ոստիկան, ներկայում «իմքայլական» պատգամավոր Արմեն Խաչատրյանը պաշտպանեց իր նախկին կոլեգաներին, ասելով, որ բռնութունը նորմալ է. «Ոստիկանությունը բարեգործական հիմնարկ չէ, ձերբակալության ժամանակ կիրառվում է համաչափ ուժ, որի դեպքում հնարավոր են որոշակի քերծվածքներ, և դա նորմալ է»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանի դեպքերի կապակցությամբ հայտարարեց. «Կրիմինալի ու կոռուպցիայի դեմ լինելու է չոր, օրինական ու, ըստ անհրաժեշտության, կոշտ հակազդեցություն»: Այսպիսով, վարչապետը խրախուսեց ոստիկանական բռնությունները:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here