Կապանում այսօր առավոտից լարված իրավիճակ է ստեղծվել։ Ոստիկանության շենքի դիմաց հավաքվել են բազմաթիվ քաջարանցիներ, որոնք պահանջում են Երևան չտեղափոխել և ազատ արձակել ոստիկանություն բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։
Ըստ շենքի առջև հավաքված հարազատների տեղեկությունների՝ ձերբակալվածներին ոստիկանությունում ծեծի են ենթարկել։ Ոստիկանությունը հերքում է բռնություն գործադրելու մասին տեղեկությունները։
Նշենք, որ բերման ենթարկվածները երեքն են, մի հոգու՝ Նվեր Խաչատրյանին, սխալմամբ են բերման ենթարկել, ապա ազատ արձակել։ Նրա մարմնի վրա բռնության հետքեր կան։ Հավաքվածները պահանջում են, որ կալանավորվածներին չտեղափոխեն մայրաքաղաք և քննությունն իրականացվի Սյունիքում, քանի որ մտավախություն ունեն, որ այնտեղ ավելի դաժան ծեծի կենթարկեն։ Նրանք սպառնում են, որ հակառակ դեպքում ճանապարհ կփակեն, կդիմեն ծայրահեղ քայլերի։
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը հայտարարել է, որ իր նկատմամբ քաղաքական ճնշումներ են, օրեր առաջ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել իր և մերձավորների բնակարաններում, դրան հաջորդել են քաջարանցիների անհիմն ձերբակալությունները՝ բռնության կիրառմամբ:
Քիչ առաջ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը դուրս եկավ Կապանի ոստիկանության շենքից և շենքի առջև հավաքված քաջարանցիներին ասաց, որ ձերբակալված բոլոր տղաներին տեսել է, նրանք բոլորն էլ բռնության են ենթարկվել։
Դրանից հետո իրավիճակն էլ ավելի լարվեց։ Ձերբակալվածների հարազատները բորբոքվեցին, ոստիկանության հետ ընդհարումը կասեցրեց Փարամազյանը, որը կոչ արեց սադրանքի չենթարկվել։
«Այո՛, մենք մեր ոստիկաններին հարգում և սիրում ենք, այստեղ կանգնած ոստիկաններն անմեղ են: Գիտենք ամեն ինչ որտեղից է սկսվել, բայց խնդրում եմ չդիմել որևէ սադրանքի և բռնության: Սադրանքի դիմողներ կլինեն, բայց նրանց մեր շարքերից կհեռացնենք»,– ասաց նա։
Նա հավաքվածներին կոչ արեց մի մարդու նման կանգնած մնալ այդտեղ այնքան ժամանակ, մինչև իրենց պահանջները չբավարարվեն. «Սա մեր թասիբի հարցն ա»։
Չնայած Կապանում այս պահին հորդ անձրև է տեղում, ցուցարարները չեն ցրվում։ Ոստիկանությունը կոչ է անում ցուցարարներին սոցիալական հեռավորություն պահպանել։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: