Դատախազության պահանջով Ալավերդիում հայտնի, հեղինակավոր անձ, գործարար Վահագն Աբգարյանը կրկին կալանավորվել է:

Մայիսի 21-ին վերաքննիչ քրեական դատարանը ի դեմս հայաստանյան ամենադաժան դատավորներից մեկի՝ Արմեն Բեկթաշյանի, բեկանել է առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումը և անթույլատրելի ճանաչել Աբգարյանի նկատմամբ գրավի կիրառումը։

Արմեն Բեկթաշյանը առհասարակ հիվանդագին, դաժան վերաբերմունք ունի կալանավորված անձանց նկատմամբ: Նա այն դատավորն է, որը երկար ժամանակ հրաժարվում էր ազատել Նորք-Մարաշի բանդայի գործով կալանավորված Արթուր Վարդանյանին, որն անբուժելի հիվանդություն ունի, որի մարմինը բանտային պայմաններում պահվելու հետևանքով  թարախային բշտերով էր պատվել, որի որովայնի ցավերը չէին դադարում:

2017 թվականին նա հրաժարվում էր կալանքից ազատել ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին։ Հայկական մեդիան ամուր մտապահել է հունիսի 23-ին տեղի ունեցած միջադեպը, երբ Բեկթաշյանը  վիրավորել էր սայլակին գամված տարեց Վահան Շիրխանյանին: Նա նիստերի դահլիճից դուրս բարձր գոռալով հարձակվել էր Շիրխանյանի վրա ասելով՝ դու ո՞վ ես, որ ինձ ասես, որ ես ինչ-որ մի բան չեմ հասկանում: Իր այս արարքների համար Բեկթաշյանին պատասխանատվության չեն ենթարկել։ Այսօր նա շարունակում է դաժան, անմարդկային վերաբերմունք ցուցաբերել ամբաստանյալների նկատմամբ, տվյալ դեպքում տարատեսակ քրոնիկական հիվանդություններով տառապող Վահագն Աբգարյանի, որը կալանավայրում նաև շաքարային դիաբեթով է հիվանդացել: Նա երկու տարի կալանավայրում էր: Լոռու դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանի ապրիլի մեկի որոշմամբ ապրիլի 1-նը ազատ էր արձակվել ահռելի գրավ՝ 15 մլն դրամի դիմաց:

Վերջինս մեղադրվում է ապօրինի զենք և փամփուշտներ ձեռք բերելու և Վլադիմիր Դավթյանին հանձնելու, ապա նրա միջոցով իր համաքաղաքացի, թմրամիջոցների պատրաստման-իրացման համար կրկնակի դատված Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու համար: Աբգարյանը մեղադրանքը չի ընդունում:

Սպանված Կամո Փիրուզյանի կնոջ շահերը ներկայացնող Լուսինե Սահակյանը News.am կայքին հայտնել է, որ ինքնաբացարկի միջնորդություն է պատրաստվում անել ընդդեմ Աբգարյանին ազատ արձակած դատավորի: Նա նույնիսկ պահանջել է պատասխանատվության ենթարկել Սուսաննա Գզոգյանին կալանավորին ազատ արձակելու համար, քանի որ վտանգ է տեսնում, թե վերջինս ազդեցություն կգործի վկաների վրա:

«Առաջին ատյանի դատարանի դատավորը պետք է պատասխանատվության ենթարկվի, որովհետև անթուլատրելի է այն, ինչ կատարվեց, որ Վահագն Աբգարյանը հայտնվեց ազատության մեջ ու երկար ժամանակ ազատության մեջ էր, մենք հարցեր ենք բարձրացրել, որ վկայի վրա ազդեցության ռիսկ կար, որը հիմնավոր էր և վկան այս մաիսն ցուցմունք է տալիս», — ասաց Լուսինե Սահակյանը:

Վկան, որի մասին խոսում է փաստաբանը, Աբգարյանի մանկության ընկեր, նրան պատկանող ձեռնարկությունների տնօրեն Արթուր Մնացականյանն է, որի ցուցմունքների վրա է հիմնված Աբգարյանի մեղադրանքը: Նա դատարանում փոխել էր իր ցուցմունքները, հայտնելով, որ գտնվել է նախաքննության մարմնի ճնշման ներքո: Դատախազությունը Մնացականյանի դեմ սուտ մատնության գործ հարուցեց, այս կերպ, փաստացի ստիպելով նրան կրկին փոխել ցուցմունքը և հաստատել դատախազության առաջ քաշած մեղադրանքը: Այս մանիպուլյացիային ենթարկվելով Մնացականյանը այս անգամ էլ երրորդ հակասական ցուցմունքը տվեց՝ որ Աբգարյանի կողմից է ճնշված եղել: Նշենք, որ այդ ժամանակ Վահագն Աբգարյանը դեռ կալանք էր կրում:

 «Հարգելի մեղադրողը, օգտվելով քրեական գործ հարուցելու իր լիազորությունից, պարզապես փորձել է միջամտել արդարադատության իրականացմանը: Դատախազությունը այս գործի քննության մեղադրանքի պաշտպնության համատեքստում նպատակ ունի մեղադրական եզրակացությունում շարադրված դատողություններին ամեն գնով դատական ակտի տեսք տալ», — հայտարարել է Վահագն Աբգարյանի նոր պաշտպան, հայտնի փաստաբան Արթուր Գրիգորյանը վերաքննիչ դատարանում, կալանքի վերաբերյալ դատախազության բերած  բողոքի քննության ժամանակ:

Վահագն Աբգարյանի դեմ մի քանի անգամ մահափորձեր են իրականացվել: Համարվում է, որ Ալավերդիում նրա դեմ գործում է հանքերի տերեր Տարոն և Արթուր Աբգարյանները: Որևէ անձ մահափորձերի համար պատասխանատվություն չի կրում:

 Սա այն  գործն է, որի նախաքննությունը ղեկավարել է Մարտի 1-ի գործով կեղծիքի համար մեղադրվող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը: Նախկինում ազդեցիկ պաշտոնյան այսօր էլ լուրջ կապեր, ընկերներ ունի ՀՀ դատավորների, դատախազների, փաստաբաններ շրջանում: Նա ընկերական հարաբերություններ է ունեցել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու հետ: Իրավաբանների այս խումը ինչ-ինչ շահերից դրդված պաշտպանում են Մարտի 1-ի գործով մեղադրյալի առաջ քաշած մեղադրանքները: Այս մասին իր ելույթներում հաճախ խոսել է Աբգարյանի ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը: Նա նշել է, որ այն, ինչ կատարվում է Վահագն Աբգարյանի հետ, դատախազության և Աբգարյանի թշնամիների միջև գործարքի արդյունք է:

Մայիսի 7-ին Աբգարյանի ներկայացուցիչները «Նոյյան տապան» ինտերնետային հեռուստաստուդիայի տաղավարում ելույթի ժամանակ կենտրոնացրեցին հանրության ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ Վահագն Աբգարյանը բախվել է Ալավերդիում թմրամոլների մաֆիային:

Բարդ, խճճված այս գործը եզակի է այն  իմաստով, որ դրա նախաքննության ու քննության ընթացքում բախվել են ինչ-ինչ շահեր, իրավական գնահատական երբևիցե չի տրվել: Ալավերդին ալեկոծող արյան վրեժը երբեք լուրջ, բազմակողմանի քննության առարկա չի եղել, ուստի հնարավոր է, որ վենդետտայի նոր ակտեր լինեն:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest