Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. Երեկ արձանագրվել է 335 նոր դեպք, ընդհանուր 70 մահ: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես տեղանք էի ուզել կորոնավիրուսի հետ կապված հանրության մեջ առկա տրամադրությունների վերաբերյԼ Այտեղից զարմանալի փաստեր իմացա, որ նույնիսկ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որ համաձայնեն դառբնալ կորոնավիրուսի պացիենտ: Դա ունի կոնկրետ բացատրություն, իբր միջազգային օգնություն ստանալու համար եւ այլ հիվանդություններից առաջացած մահերը գրանցում են որպես կորոնավիրուսով  պայմանավորված մահեր: Ուզում եմ նորից ընդգծել, որ առաջին օրվանից մենք որևէ ոչ ստույգ տեղեկատվություն չենք հաղորդել: Մեր կառավարությունը իր գոյության ընթացքում ոչ մի մանիպուլյատիվ տեղեկություն չի հաղորդել հանրությանը:

Իրավիճակը շատ ավելի շուրջ է, քան կարող ենք պատկերացնել: Մեզ պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել համավարակը հսկողության տակ առելու համար, որպեսզի ստիպված չլինենք գնալ ամենածայրահեղ սահմանափակումների: Մենք պետք է կարողանանք կարանտինային պայմաններ ապահովել առանց կարանտին հայտարարելու », — ասաց վարչապետը:

Իր խոսքում վարչապետը նշել է, որ վերջին շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման տեմպերը դարձել են խիստ անհանգստացնող:

«Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե ոչինչ ընթացքի մեջ չփոխենք՝ մայիսի վերջին կունենանք մոտավորապես 10 հազար հիվանդ, այսինքն՝ դրական ախտորոշված պացիենտ, իսկ հունիսի կեսերին արդեն այդ թիվը կարող է հասնել 20 հազարի: Ինչը նշանակում է, որ մենք պետք է ձեռնարկենք ոչ այնքան այլ միջոցներ, այլ նորից պետք է վերանայենք մեր կիրառած միջոցառումների և առավել ևս դրանց կիրառման որակը և ծավալը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ պարետատան մարտավարությունը և ռազմավարությունը ընդհանուր առմամբ եղել է հետևյալը՝ կորոնավիրուսի առկայությամբ սովորել ապրել բնականոն կյանքով, կամ շատ թե քիչ բնականոն կյանքով, կամ հնարավոր ամենաբնականոն կյանքով:

«Բայց, բնականաբար, սա ասելով նկատի ենք ունենում կարողանալ իրավիճակը կառավարել այնպես, որ սահմանափակումներից ետ քայլ անելուց հետո կրկին անհրաժեշտություն չլինի վերադառնալ նախկինում կիրառված սահմանափակումներին: Եվ այսօրվա մեր արձանագրումը հենց այդ է, որ, ցավոք սրտի, մենք վստահ չենք, որ առկա տեմպը պահպանվելու դեպքում կկարողանանք պահել այս մարտավարությունը: Բայց մեր հիմնական խնդիրը շարունակում է մնալ հենց դա՝ սովորել, շարունակել սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում և կորոնավիրուսի տարածումը վերցնել խստագույն հսկողության տակ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով դիմակներ կրելու պարտադրանքին, Փաշինյանը նկատեց, որ մարդկանց կողմից ճիշտ դիտարկում էր արված, թե եթե  փակ տարածքներում դիմակներ կրելը պարտադիր է ինչու այդ պահանջը չեն կատարում Ազգային ժողովում ու կառավարությունում. «Շատ ճիշտ դիտարկում է: Մենք պետք է ապահովենք պետական մարմիններում այդ պահանջի կատարումը: Մարդիկ կարող են առանց դիմակի լինել միայն այն ժամանակ, երբ իրենց աշխատասենյակում մենակ են»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest